14.11.2017
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԻԾԸ ՉՇՐՋԱՆՑԵՑ ԵՊՀ-Ն
Տարկետման իրավունքի շուրջ դժգոհության նոր ալիք բարձրացավ, երբ հոկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ԱԺ առաջին ընթերցմամբ քննարկելու ներկայացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով նաև նախատեսվում է ուսման նպատակով պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տալ նրանց, ովքեր «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակում պայմանագիր կկնքեն ՊՆ­ի հետ: Այդ դեպքում արդեն ուսումնառությունից հետո քաղաքացին պարտավորվում է բանակում ծառայել ոչ թե 2, այլ 3 տարի։

«Երևանի համալսարան» թերթը հնարավորինս հակիրճ ներկայացնում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի շուրջ ծավալված զարգացումները, որոնց կիզակետում առավելապես համալսարանականներն էին՝ իրենց կողմ և դեմ տեսակետներով: Անշուշտ, այդ տեսակետները կարևոր են վերոնշյալ օրենքի բովանդակությունը և ծավալված իրադարձությունները ճիշտ գնահատելու համար:

Սլավա Բադալյան

Օրինագծից դժգոհողների մի խումբ ստեղծեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը, որի անդամները օրեր շարունակ բողոքի ակցիաներ էին անցկացնում բուհերում՝ այդպիսով արտահայտելով իրենց անհամաձայնությունը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծով առաջարկված փոփոխություններին:

Հոկտեմբերի 16-ին նախաձեռնության անդամները բաց նամակով դիմեցին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին ու Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին: Նրանք ներկայացրին մի քանի փաստարկներ, որոնք հիմք էին հանդիսացել նախաձեռնությամբ հանդես գալու համար։

«Մեր կարծիքով՝ պետք է ընդունել, որ, այո՛, ասպիրանտուրան կազատվի նրանցից, ովքեր գիտությունն օգտագործում են պարտադիր զինվորական ծառայությունից խույս տալու դավադիր նպատակով: Բայց ասպիրանտուրան կազատվի նաև այն շնորհալի երիտասարդներից, որոնք իրենց ամենօրյա աշխատանքով և կրթության ասպարեզում ներդրած ջանքերով վաստակել են տարկետման իրավունք ստանալու և իրենց գիտական գործունեության առաջին քայլերն անելու հնարավորությունը… Հստակեցման կարիք է զգում նաև քննարկվող օրենսդրական նախաձեռնության օգտին բերվող այն փաստարկը, թե արական սեռի բոլոր քաղաքացիներին բանակ զորակոչելու միջոցով հնարավոր է հասնել սոցիալական արդարության ապահովման»,- ասված էր բաց նամակում:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները նշում էին՝ օրինագծին ընդդիմացողները ոչ թե խուսափում են զինվորական ծառայությունից, այլ պայքարում են հանուն գիտության:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հոկտեմբերի 23-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում անդրադարձավ «Պատիվ ունեմ» ծրագրով ակադեմիական կրթության համար տարկետումը վերացնելու մասին քննադատություններին:

Նա մասնավորապես խոսեց կրթության համար տարկետում տրամադրելու համար երկու մոտեցումներից. «Կա՛մ պետությունը որոշում է, որ ցանկացած քաղաքացի, ով ուզում է ստանալ բարձրագույն կրթություն, պետք է ունենա տարկետում մինչև ուսման ավարտը, կա՛մ որևէ մեկը տարկետում չի ստանում, որովհետև դրա արանքում ընկած ամեն ինչը սուբյեկտիվիզմի և մասնակի լուծումների մեթոդ է»:

Պաշտպանության նախարարը նաև նշեց, որ իրենք այդ ծրագրով տարկետումը չեն վերացնում, այլ կրթություն ստանալ ցանկացող, դրա անընդհատությունը կարևորող քաղաքացիներին, ովքեր ուսումն ավարտելուց հետո պետք է բակալավրի աստիճանով զորակոչվեն բանակ, առաջարկում են զորակոչվել որպես սպա, դրա դիմաց ստանալ աշխատավարձ, ուսման վարձի փոխհատուցում մագիստրատուրայում:

«Ինձ համար հասկանալի չէ, թե ինչի համար նույն մասնագիտությամբ նույն ֆակուլտետում սովորող մի քանի քաղաքացի պետք է ուսումն ավարտելու հնարավորություն ունենան և միայն հետո կատարեն պարտքը հայրենիքի նկատմամբ կամ չկատարել, իսկ մեկ ուրիշը պետք է 18 տարին լրանալու պահին զորակոչվի, որովհետև ընդունելության քննության ժամանակ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով կես միավոր պակաս է հավաքել»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ դժգոհություններն ավելացան, երբ հոկտեմբերի 27-ին ԱԺ-ն 87 կողմ և 9 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը:

Նոյեմբերի 7-ին Վիգեն Սարգսյանն այդ օրենքի նախագծի շուրջ հանրային քննարկման էր հրավիրել դասադուլի դիմած «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներին, ինչպես նաև Ապրիլյան պատերազմի մի քանի մասնակիցների և ՀՀ բուհերի ուսանողական խորհրդի նախագահներին: Թեև նախաձեռնության անդամները չէին գնացել հանդիպման, քննարկումը, այնուամենայնիվ, կայացել էր:

Նախաձեռնության համակարգող, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Պետրոսյանը նշել է, թե իրենք քննարկմանը չեն գնացել, քանի որ ուղիղ հեռարձակում չի ապահովվել, իրադարձությունը լուսաբանող ԶԼՄ-ների միջև ընտրողականություն է ցուցաբերվել, և թույլ չեն տվել, որ իրենց նախաձեռնությունից 2-ից ավելի ներկայացուցիչ լինի:

Նոյեմբերի 8-ին էլ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության` տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողներից 10 ներկայացուցչի:

Զինծառայությունից տարկետման իրավունքի սահմանափակման նախագծում խնդիրներ տեսնող ուսանողները նախարարի հետ հանդիպմանը նշել են, որ տարկետման ինստիտուտում խիստ սահմանափակումները չեն վերականգնի սոցիալական արդարությունը:

«Կան ոլորտներ (օրինակ` առողջապահական ոլորտը), որտեղ եւս կան բավականին մեծ բացեր: Շատերը հենց այդ ոլորտի օգնությամբ են ազատվում զինծառայությունից»,- նշել են ուսանողները՝ հավելելով, որ նախագծով խախտվում է գիտությամբ զբաղվել ցանկացող ուսանողների իրավունքները:

Նախարարի հետ հանդիպմանն ուսանողները շեշտել են, որ նախագիծը խոչընդոտներ է առաջացնում նաեւ բուհերի համար՝ ուսանողների քանակի հետ կապված:

Լսելով ուսանողների դժգոհություններն ու առաջարկները՝ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը չի ժխտել, որ բարձրագույն կրթության ոլորտում կան խնդիրներ: Սակայն նա չի համաձայնել ուսանողների այն տեսակետի հետ, որ օրենքն ընդունելուց հետո ուսանողների թվի նվազման խնդիր կծագի:

Լայն զանգվածներ չընդգրկած դասադուլի առնչությամբ նոյեմբերի 9-ին ԵՊՀ-ում հրավիրվել էր ռեկտորատի նիստ, որի ընթացքում ռեկտորատի անդամները, ռեկտոր Արամ Սիմոնյանի ղեկավարությամբ քննարկելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ ընթացող զարգացումները, ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունել է հայտարարություն: Դրանում անդրադարձ է կատարվել նշված օրինագծի՝ ուսումնառության հիմքով զորակոչից տարկետում ստանալու իրավունքի մասին դրույթի կապակցությամբ շրջանառվող մի շարք թեզերի ու պնդումների, որոնք, ըստ ռեկտորատի հայտարարության, անհիմն են, ոչ օբյեկտիվ, հաճախ՝ չափազանցված:

«Նախաձեռնության անդամների կողմից պնդվում է, թե եթե ասպիրանտների համար տարկետման հնարավորություն չլինի, ապա գիտնականների վերարտադրությունը կընդհատվի: Իրականում երիտասարդ գիտնականները միայն նրանք չեն, ովքեր զորակոչից տարկետում են ստանում՝ ասպիրանտուրայում ուսանելու համար, այլև զինվորական ծառայություն անցած և ուսումնառությունը շարունակող տղաները, հայցորդները, իգական սեռի ներկայացուցիչները»,- ասված է հայտարարության մեջ:

Ըստ ռեկտորատի հայտարարության՝ «բանակը զրկվում է կրթված զինծառայողներից» թեզը ևս չափազանցված է, քանի որ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակում ՊՆ-ի հետ պայմանագրային հիմունքով ուսումնառությունն ավարտածները զինծառայություն կանցնեն բանակում։

Օրենքին դեմ արտահայտվողների պնդումներից մեկն էլ առնչվում էր դպրոցականների մոտիվացիային, երբ արական սեռի ներկայացուցիչ դպրոցականները՝ իմանալով, որ անգամ ստանալով ընդունելության բարձր միավոր, միևնույնն է, զորակոչվելու են բանակ, չեն ձգտի լավ սովորել, բարձր բալերով ընդունվել բուհեր:

«Համոզված ենք, որ դպրոցում բարձր առաջադիմություն ցուցաբերող աշակերտների մեծ մասի շարժառիթը պայմանավորված է նրանց աշխարհընկալմամբ, ստացած դաստիարակությամբ և կրթությամբ, այլ ոչ թե զինծառայությունից տարկետում ստանալու հեռանկարով: Լավ սովորող աշակերտը կշարունակի լավ սովորել և բարձր միավորներով բուհ ընդունվել՝ անկախ նրանից՝ ժամանակավորապես կընդհատվի՞ նրա ուսումնառությունը զինծառայությամբ, թե՞ կմիահյուսվի զինծառայությանը»,- նշված է ԵՊՀ ռեկտորատի հայտարարության մեջ, որում նաև համոզմունք է հայտնվել առ այն, որ օրենքի պատշաճ կիրառումը կապահովի սոցիալական արդարության մակարդակի բարձրացումը:

Դասադուլի 6-րդ օրը` նոյեմբերի 14-ին էլ, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից հինգը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում անժամկետ հացադուլ են սկսել։

Նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանը հայտարարել է, որ իրենք հացադուլը կդադարեցնեն, երբ խորհրդարանը կասեցնի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը:

Հացադուլի առթիվ «Արմենպրես»-ին հարցազրույց է տվել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ նշելով. «Ուզում եմ կոչով դիմել ուսանողներին՝ զերծ մնալու այս գործընթացի հետագա անօրինական զարգացումներից, հորդորել շուտափույթ ազատելու Ֆիզիկայի ֆակուլտետի լսարանը և հնարավորություն տալ վերականգնելու դասապրոցեսի բնականոն ընթացքը: Պահանջների արտահայտման ձևերն ուսանողները պետք է ընտրեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավակարգավորումների շրջանակում»:

Նոյեմբերի 15-ին Ազգային ժողովը ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» վիճահարույց օրենքը: Ակցիաները տեղափոխվեցին ԱԺ-ի բակ:
Խորհրդարանի ղեկավարության հրավերով բողոքի ակցիա անող ուսանողներից ընտրված 5 հոգանոց պատվիրակությունը հանդիպեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի և փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ։ Բանակցությունների արդյունքում նոյեմբերի 22-ին կլոր սեղան-քննարկում կազմակերպելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերվեց:

Կլոր սեղան-քննարկման ժամանակ նախաձեռնության անդամները ՀՀ Կառավարությանն առաջարկեցին մշակել տարկետման իրավունքի տրամադրման ճկուն քաղաքականություն, որը գիտական և կրթական համակարգի զարգացումը, ինչպես նաև ուսումնառության անընդհատությունն ապահովելու և կոռուպցիան բացառելու հնարավորություն կտա:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների ներկայացրած կոնկրետ առաջարկները կքննարկվեն ԱԺ-ի և Կառավարության ներկայացուցիչների կողմից:


«Տարկետման իրավունքը սոցիալական արդարության խախտում է, բոլորը պետք է ծառայեն հայոց բանակում։ Գիտությամբ զբաղվող մարդուն ծառայությունը չի խանգարում, այլ ավելի է կոփում։ Ես ձեր կողքին եմ, բայց՝ ճիշտ քայլերով։ Տղանե՛ր, իմ կարծիքն է, բանակում պետք է ծառայի ցանկացած տղա։ Ի՞նչ է, Ղարաբաղում ծնված հայը պետք է առանց տարկետման իրավունքի ծառայի բանակում, իսկ Հայաստանում ծնված հայ երիտասարդը չպե՞տք է ծառայի, ինչ է, մեր արյունը կարմի՞ր է, նրանցը՝ սև»:
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյան (աղբյուր՝ panorama.am):

«Ընդհանուր առմամբ օրենքին կողմ եմ, հակափաստարկներն ընդունելի եմ համարում, բայց օրենքին հավանություն տալուն դեմ եմ քվեարկել, քանի որ դրա ընդունումը կարող է էական հարված հասցնել գիտությանը, հատկապես մաթեմատիկայի բնագավառին։ Տարկետման իրավունքը, ըստ էության, հիմնական գործոնը խթան է դարձել, հանուն ինչի մեր երիտասարդներն այսօր գնում են ասպիրանտուրա։ Առաջվա գործոնները՝ աշխատավարձը, հասարակության մեջ պատիվը, էնտուզիազմը, հիմա չեն գործում։ Մնացել է բանակից խուսափելը՝ որպես էական խթան գիտությամբ զբաղվելու համար»:
Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյան (աղբյուր՝ 1in.am):

«…Նախ հստակ չի պարզաբանվում՝ նպատակը որն է, ինչ խնդիր է լուծվում սրանով: Իհարկե, ինչ-որ մտքեր ասվում են՝ հավասարություն, արդարություն: Սակայն հավասարությունն այն չէ, որ բոլորը նույն կենցաղով ապրեն, բոլորը նույն ճանապարհով քայլեն: Ես դեմ եմ, որ գոյություն ունեցող այն արահետը, որն այսօր ուսանողներին հնարավորություն է տալիս եռաստիճան կրթական համակարգով սահուն անցնել և հասնել որոշակի բարձունքների, փակվի: Այս օրինագծով, համենայն դեպս, կրթության անընդհատությունը խախտվում է… Չեմ կարծում, որ բանակից վերադառնալուց հետո ուսանողները կունենան նույն պոտենցիալը, քանի որ, օրինակ, ՏՏ ոլորտը բարդ ոլորտ է և պետք է նրա զարկերակը միշտ զգալ՝ կարողանալու համար այդ մրցակցային դաշտում տալ պրոդուկտ, որը մրցունակ է»:
Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյան (աղբյուր՝ «Հայկական ժամանակ»):

«…Ես ուղղակի չեմ հասկանում ուսանողների ընդվզումը՝ կապված տարկետման այս դրվածքի հետ: Եթե համադրում ենք հին և նոր օրենքները, նոր օրենքով տարկետման պայմաններն ավելի լավն են: Ինչ վերաբերում է ուսումնական պրոցեսի շարունակականության ապահովման անհրաժեշտությանը, ապա այս հարցում հասկանում եմ ուսանողների մտավախությունը: Կարծում եմ՝ բացառիկ ուսանողների համար տարկետման հնարավորություն պետք է լինի, անընդհատությունը պետք է պահպանվի: Մեր մասնագիտության՝ տնտեսագիտության համար դա պարտադիր չէ: Հասարակագիտական թևում էլ խնդիր չկա, իսկ բնագիտական թևում կարող է խնդիր առաջանալ»:
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյան (աղբյուր՝ ankakh.com):


Վանատուր Շերենց

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի
4-րդ կուրսի ուսանող
«Բանակային ծառայության և գիտության զարգացման մեջ ոչ միայն անջրպետ չկա, այլեւ կա շատ խոր և ուղղակի կապ: Արհեստական հակադրություն փորձում են ստեղծել բանակում չծառայած և ծառայել չցանկացող տղաներն ու նրանց հարող մասսան, որոնց իրական նպատակը ոչ թե գիտության զարգացումն է, այլ գիտության քողի ներքո սեփական երկրի պաշտպանությունից խուսափելը... Ծառայած տղան, ով ցանկանում է սովորել, սովորելու է, ուսանողը, ով չի ցանկանում ծառայել, ինչ ուզում ես՝ առաջարկի, չի համաձայնելու...»: 

(աղ­բյու­րը՝ iravunk.com)


Դավիթ Պետրոսյան,

ԵՊՀ միջազգային հարաբերությունների
ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող

«Եթե մեր բանակն ունի քանակի խնդիր, ապա պետք չէ կենտրոնանալ հենց ուսանողների վրա, քանի որ կոռուպցիոն խնդիրներ կան նաև բժշկության ոլորտում։ Մենք գիտենք, որ մեկ զինվորը մեծ ուժ է բանակում, բայց տարկետման վերացումը խնդրի կարճաժամկետ լուծման ձև է։ Համակարգի ներսում կան կոռուպցիոն խնդիրներ, և այս հարցը պետք է լուծի Կրթության և գիտության նախարարությունը, սակայն փոխարենը կարևոր ինստիտուտ են ցանկանում փակել»: (աղբյուրը՝ newspress.am)

Տարվա այլ հրապարակումներ