26.11.2017
ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «YEREVAN BOOK FEST»-ԻՆ
Նոյեմբերի 24-26-ը տեղի ունեցավ Գրքի երևանյան առաջին փառատոնը, որտեղ ներկայացված էին նաև ԵՊՀ հրատարակչության կողմից վերջին տարիներին հրատարակված գրքերը:

«Yerevan Book Fest»-ը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպել էր «Միհր» ստեղծագործողների միությունը: Առաջին անգամ անցկացված փառատոնի հիմնական նպատակը գրահրատարակչության զարգացման խթանումն էր, ժամանակակից հայ գրականության հանրայնացումը, նոր հրատարակությունների ներկայացումը, ինչպես նաև գրող-հրատարակիչ-ընթերցող շղթայի ամրապնդումը: Գրքի ցուցահանդես-տոնավաճառին մասնակցում էին շուրջ 27 հրատարակչություններ:

ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանի խոսքով՝ շատ կարևոր է նմանօրինակ միջոցառումների անցկացումը: Ընդ որում՝ ԵՊՀ հրատարակչությունը հաճախ նաև արտերկրում է մասնակցում գրքի տոնավաճառների: Ըստ Կարեն Գրիգորյանի՝ եթե միջազգային տոնավաճառներում կարևոր է երկիրը հավուր պատշաճի ներկայացնելը, արտասահմանյան գործընկերների հետ կապեր հաստատելը, ապա հայաստանյան փառատոների ժամանակ կարևոր է տեղական հրատարակչությունների՝ միմյանց աշխատանքներին ծանոթանալը:

«Տաղավարում հիմնականում ներկայացված էին ուսումնական գրականություն, դասագրքեր, գիտական նոր գրքեր, հետազոտություններ: Հիմնականում ուշադրություն է դարձվել օտարալեզու գրականությանը: Մեծ թիվ էին կազմում հայագիտությանն ու Ցեղասպանությանը վերաբերող գրքերը, քանի որ Գրքի երևանյան ցուցահանդես-տոնավաճառի այցելուների թվում շատ էին նաև զբոսաշրջիկները, ովքեր հայոց պատմությանն ու մշակույթին ծանոթանալու ցանկություն էին հայտնում»,- նշեց Կարեն Գրիգորյանը:

Փառատոնին ԵՊՀ ուսանողները և ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները ներկայացան յուրատեսակ ֆլեշմոբով: Նրանք տոնավաճառի տարածքում զբոսնում և հատվածներ էին կարդում հայ մեծանուն գրողների ստեղծագործություններից՝ ընթերցանության տարածումը քարոզելով երիտասարդների շրջանում:

Նշենք նաև, որ եռօրյա փառատոնի ընթացքում տեղի ունեցան ժամանակակից հայ գրականության ներկայացուցիչների մրցանակաբաշխություն, գրքերի շնորհանդեսներ, ընթերցումներ, քննարկումներ և վարպետության դասեր: Անցկացվեց նաև բարեգործական գրքահավաք, որի արդյունքում ձեռք բերված 223 գիրք նվիրաբերվեց Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի դպրոցի գրադարանին:


Միլենա Մկրտչյան

Տարվա այլ հրապարակումներ