29.11.2017
«ԳՐՔԵՐՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՍ ԳՏՆԵԼ ՔՈ ՄԵՋ ԾԱԳԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ…»
«Երևանի համալսարան» թերթի էջերում շարունակում ենք ներկայացնել գրականությամբ հետաքրքրվող, գրքասեր համալսարանականներին: Այս անգամ «Գրքասեր» խորագրի հարցերին պատասխանել է ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ասպիրանտ Աննա Խիզանցյանը:

- Ձեր ամենասիրելի գիրքը…

- Չեմ նշի, թե որն է ամենասիրելի գիրքը: Հնարավոր է՝ դեռ չեմ գտել: Ինձ հոգեհարազատ է ռուս գրականությունը, քանզի մեծացել եմ այդ միջավայրում: Հայ գրականության մեջ նույնպես շատ լավ ստեղծագործություններ կան: Միայն կարող եմ ասել, որ և՛ հայ, և՛ ռուս գրականության մեջ ամենից շատ սիրում եմ կարդալ բանաստեղծություններ:

- Ձեր ամենասիրելի գրողը…

- Լև Տոլստոյ, Ֆյոդոր Դոստոևսկի, Ալեքսանդր Պուշկին, Միխայիլ Լերմոնտով, Սերգեյ Եսենին, Լեոնիդ Անդրեև. այս վեց գրողներին շատ եմ սիրում: Ես չեմ կարող նշել միայն մեկ գրողի: Ես տարբեր հոգեվիճակներ եմ ունենում, ըստ այդմ՝ կարդում եմ տվյալ հոգեվիճակիս համապատասխանող գրողի ստեղծագործություններից: Հեղինակի ընտրությունը կապված է նաև տարիքի հետ:

- Ո՞րն է Ձեր կարդացած առաջին գիրքը, և ի՞նչ տպավորություններ եք ստացել:

- 13, թե 14 տարեկանում ռուս գրականությունից առաջինը կարդացել եմ ռուս գրող Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպ-էպոպեան: Չեմ կարող ասել, որ կարդացի մեծ ոգևորությամբ և հետաքրքրությամբ, այլ հակառակը՝ շատ ձանձրալի և երկար էին թվում հատկապես նկարագրությունները: Սակայն երբ նույն գիրքը կարդացի արդեն ուսանողական տարիներին՝ 20 տարեկանում, բոլորովին այլ կերպ ընկալեցի: Ավելի լավ էի հասկանում հերոսներին, նրանց հոգեվիճակներն ու վարքագիծը, նրանք արդեն ինձ հոգեհարազատ և մտերիմ էին: Նույնը կարող եմ ասել նաև Լև Տոլստոյի «Աննա Կարենինա»-յի մասին: Երբ գիրքը վերընթերցեցի 4-րդ կուրսում, հասկացա, ընդունեցի Տոլստոյի հերոսուհուն: Սակայն չէի ցանկանա ապրել այն կյանքով, որով ապրեց նա:

- Ի՞նչն եք առաջին հերթին կարևորում գրական ստեղծագործության մեջ:

- Ընտանիքի գաղափարը և հերոսի կերպարը: Ամեն մի հերոսի ընտանիք յուրահատուկ է: Օրինակ՝ Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպում պատկերված ընտանիքի գաղափարն եմ հաճախ մտաբերում: Ինձ համար ընտանիքի իդեալը Նատաշայի և Պիեռ Բեզուխովի՝ արդեն գրքի վերջում կազմավորված ընտանիքն է: Կարևորում եմ նաև հերոսի կերպարը, նրա խորությունը, ներաշխարհը, հոգեբանական մոտեցումները: Հատկապես հետաքրքրում են այն գրական հերոսները, որոնք խորն են, առաջին հայացքից ոչ բոլորին են հասանելի և բացահայտվում են ողջ սյուժեի ընթացքում:

- Նախընտրում եք միայն դրակա՞ն գրական հերոսներին…

- Բնավ՝ ո՛չ: Ես կարևորում եմ հերոսի հոգեբանական կերպարը: Նա կարող է ընդունվել, ընկալվել տարբեր տեսանկյուններից: Թեկուզ առաջին հայացքից նա կարող է լինել բացասական, բայց երբ ավելի խորքից ես սկսում ճանաչել, հասկանում ես նրա արարքների դրդապատճառները: Երբեմն լինում է այնպես, որ հասկանում ես՝ հեղինակը փորձում է նրան դարձնել դրական կերպար, ավելի դրական, քան այն կերպարները, որոնք սկզբում իդեալականացվում էին:
Ինձ հետաքրքրում են ոչ միայն գլխավոր հերոսները, այլև երկրորդական կերպարները: Փորձում եմ ընթերցանությամբ բացահայտել նրանց վարքագծի այն դրդապատճառները, որոնց շնորհիվ և որոնց ազդեցությամբ փոխվում է նաև գլխավոր հերոսի կյանքը:

- Ո՞ր ժամանակաշրջանի գրական ստեղծագործություններն եք նախընտրում:

- Ամենից շատ սիրում եմ 18-19-րդ դարերի գրական ստեղծագործությունները: 18-րդ դարն իմ գիտական ուսումնասիրությունների հետ է կապված, իսկ ժամանակի գեղեցկությամբ առանձնացնում եմ 19-րդ դարը:

Գրականության մեջ ինձ հետաքրքրում են այն ստեղծագործությունները, որոնք պատմում են որևէ ժամանակաշրջանի մասին. այդ ժամանակաշրջանի պատմությունը, մշակույթը, միջավայրը, երկրի պատմությունը, ավանդույթները, տվյալ հերոսի զգացմունքները: Ինձ համար հետաքրքիր չեն բնության նկարագրությունները: Ինչ վերաբերում է երկրին, քաղաքին կամ, օրինակ, տան դասավորվածությանը, սեղանի վրայի պարագաներին, դրանց գույնին և այն մանրունքներին, որոնք նկարագրում են մի ողջ դարաշրջան, դա այլ հարց է: Դրանց շնորհիվ ամեն ինչ ավելի պատկերավոր է դառնում:

- Որտե՞ղ, ի՞նչ պայմաններում եք սիրում ընթերցանությամբ զբաղվել:

- Տարվա մեծ մասը սիրում եմ քնելուց առաջ կարդալ տանը՝ իմ սենյակում, իսկ ամռանը՝ քաղաքից դուրս՝ ամառանոցում կամ այգում: Ցավոք, վերջին մի քանի տարիներին գեղարվեստական գիրք կարդալու ժամանակ շատ չեմ ունեցել: Մասնագիտական գրքեր կարդում եմ կա՛մ լսարանում, կա՛մ էլ տանը՝ համակարգչի դիմաց:

- Էլեկտրոնայի՞ն, թե՞ տպագիր գրքեր…

- Միանշանակ՝ տպագիր: Էլեկտրոնային տարբերակով գրքերը տպում եմ և նոր կարդում: Գիրքը, անկախ մասնագիտական, թե գեղարվեստական լինելուց, ասես առանձին «մարդ» լինի: Ամեն գիրք ունի իր պատմությունը, և ձեռքդ վերցնելով հասկանում ես, թե ինքն ինչ է ուզում քեզ ասել:

- Ըստ Ձեզ՝ ո՞րն է այն գիրքը, որ պետք է յուրաքանչյուր ոք ընթերցի:

- Նախ առաջինը պետք է կարդան Աստվածաշունչը, քանի որ դա գլխավոր գիրքն է յուրաքանչյուրի համար: Այնտեղ կարող ենք գտնել մեզ հուզող շատ հարցերի պատասխաններ և խնդիրների լուծումներ: Մարդ որքան շատ գիրք կարդա, այդքան շատ նոր եզրեր կբացահայտի իր համար: Ամեն մի գիրք կօգնի կյանքի պատմության մի էջ հաղթահարել: Գրքերում կարող ես գտնել քո մեջ ծագած հարցերի պատասխանները:

- Ունե՞ք գրադարան: Ի՞նչ գրքեր են գերակշռում այնտեղ:


- Իհարկե, ունեմ, անգամ՝ մի քանի սենյակներում: Մեծամասնությունը ռուս գրականություն է: Ունեմ Տոլստոյի, Պուշկինի, Չեխովի հավաքածուները, Բալզակի, Բուլգակովի, Ախմատովայի գրքերը: Ունեմ նաև հայ գրականությունից գրքեր:

- Գրքի ընտրությունն ինչպե՞ս եք կատարում:

- Մայրիկիս եմ հարցնում, թե ինչ գիրք վերցնեմ, որ հետաքրքրությամբ և հաճույքով կարդամ: Կամ կարդում եմ այն գրքերը, որոնք դեռ չեմ կարդացել: Սկսել եմ կարդալ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» գիրքը: Ինչ կարդացել եմ, դեռ պատմության և գլխավոր հերոսի հոգեվիճակի նկարագրություններն են:

- Ավելի հաճախ գիրք ստանո՞ւմ եք, թե՞ նվիրում:

- Նվիրում եմ:

- Ձեր սիրելի գրքերի՞ց եք նվիրում:

- Հիմնականում՝ այո՛, բացառությամբ մեր տան անդամներից, որոնց նվիրում եմ գրքեր, որոնք դեռ չկան մեր գրադարանում: Օրինակ՝ մայրիկիս վերջին նվերը «100 великих» գրքերի շարքից էր:

- Արդյո՞ք Ձեր կերպարը գտել եք որևէ գրքում:

- Կարդալով ցանկացած գեղարվեստական ստեղծագործություն՝ ես դառնում եմ այդ գրքում նկարագրվող իրադարձությունների մասնակիցը: Սակայն եթե մի պահ խորհեմ, ապա կցանկանամ հայտնվել «Պատերազմ և խաղաղություն» վեպում, զգալ, թե ինչպես և ինչով էր շնչում Ռուսաստանը 19-րդ դարում:

- Ինչպիսի՞ն կլիներ աշխարհն առանց գրքերի:

- Չեմ պատկերացնում: Մենք չէինք իմանա անգամ, թե մենք ով ենք, որտեղից ենք եկել: Չէինք ունենա անցյալ, հետևաբար՝ նաև ներկա և ապագա: Ամեն ինչ հիմնվում է անցյալի վրա, և բուրգի պես հավաքվելով՝ ստեղծվում է մեր ներկան: Այդպես մենք դառնում ենք այն, ինչ կանք այսօր:

- Գրքերն ի՞նչ են փոխել Ձեր կյանքում:

- Գրքերն իմ կյանքի առանձին ժամանակահատվածներում ինձ օգնել են, որպեսզի մտովի հեռանամ այս կյանքից և հայտնվեմ իրականությունից շատ հեռու՝ թեկուզ և անիրական աշխարհում:

- Ո՞ր գրքի սյուժեում կցանկանայիք հայտնվել:

- Ամենայն հավանականությամբ Միխայիլ Լերմոնտովի «Մեր ժամանակի հերոսը» գրքում կամ Պուշկինի ստեղծագործություններում (բացի՝ հեքիաթներից): Ինձ գրավում է 19-րդ դարը, կցանկանայի ապրել այդ դարաշրջանում:

- Նշեք որևէ արտահայտություն գրքերից, որը տպավորել է Ձեզ:

- Ալեքսանդր Գրիբոյեդովի «Երջանիկները ժամին չեն նայում» արտահայտությունը «Խելքից պատուհաս» կատակերգությունից:

- Գիրք, որ խորհուրդ կտաք կարդալ:

- Ստեֆան Ցվեյգի ստեղծագործությունները: Կառանձնացնեի նաև Գրիգորի Բելիխի և Ալեքսեյ Պանտելեևի «Շկիդ հանրապետությունը» գիրքը: Այն արկածային լավ ստեղծագործություն է, մասամբ՝ կենսագրական մանկական վիպակ անօթևան, ծնողազուրկ, մուրացկան երեխաների կյանքի և ճակատագրերի մասին: Այնտեղ առկա են այնպիսի զգացմունքներ, այնպիսի բնավորության գծեր, որոնց ընկալումը յուրաքանչյուրին կօգնի այս կյանքում:

- Որպես վերջաբան…

- Կցանկանայի, որ մարդիկ, որքան հնարավոր է, շատ կարդան:


Միլենա Մկրտչյան

Տարվա այլ հրապարակումներ