21.11.2017
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից այս տարի առաջին անգամ իրականացվում է «Հանրապետական ուսանողական մարզական խաղեր» ծրագիրը, որին ակտիվորեն մասնակցել են նաև ԵՊՀ ուսանողները:


Խաղերը մեկնարկել են հոկտեմբեր ամսին և շարունակվել նոյեմբերին: «Հանրապետական ուսանողական մարզական խաղերի» նպատակն ուսանողության շրջանում առողջ կենսակերպի արմատավորումն է, ֆիզիկական պատրաստության բարելավումը և մարզական միջոցառումներին ուսանողների ներգրավումը: Մրցումներին մասնակցել են Հայաստանի և Արցախի 14 բարձրագույն ուսումնական հաստատություններ:

Խաղերն անցկացվել են երկու փուլով: Առաջին փուլում բուհերում բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտզալ մարզաձևերում 1-ին տեղը զբաղեցրած թիմը, հրաձգություն օդամղիչ հրացանով և հնգամարտ մարզաձևերից 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մարզիկները մասնակցել են եզրափակիչ հանրապետական փուլին:

Համալսարանականները ներկայացել են ֆուտզալ, վոլեյբոլ, հրաձգություն, ուժային եռամարտ և բասկետբոլ մարզաձևերում:

Վոյելբոլի մրցումները մեկնարկել են հոկտեմբեր ամսին: Այդ մրցումներին մասնակցելու հայտ են ներկայացրել Երևանում գործող 11 բուհերի, ինչպես նաև Շիրակի, Վանաձորի, Գավառի և Արցախի պետական համալսարանների թիմերը:

ԵՊՀ վոլեյբոլի թիմի մարզիչ, սպորտի վարպետ Երվանդ Զաքարյանը նշում է, որ թեև թիմը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, այնուամենայնիվ կարող էր ավելի լավ արդյունք գրանցել. «Ուսանողական խաղերն իրականացվեցին բարձր մակարդակով: Թիմում կային տարբեր տարիքի ուսանողներ, անգամ՝ ասպիրանտ: Ակտիվ մարզումները շարունակելու ենք, որպեսզի հաջորդ անգամ լավագույնս ներկայանանք»:

Ուժային եռամարտի մարզումների անցկացման պայմանները որոշում է մրցավարական հանձնաժողովը՝ հիմք ընդունելով Պաուերլիֆտինգի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգը: Ուժային եռամարտի մրցումներն անցկացվում են տղաների և աղջիկների մասնակցությամբ: Այն իրականացվում է հրում պառկած դրություն մրցաձևից:

Սպորտի վարպետ, ԵՊՀ ֆիզդաստիարակության ամբիոնի դոցենտ Աշոտ Սարգսյանը նշում է, որ ԵՊՀ մարզադահլիճի վերանորոգումից հետո ուսանողներն առավել մեծ ուրախությամբ և ոգևորությամբ են սկսել մարզումները:

«Բուհական առաջնությունում առհասարակ ուժային եռամարտ չի եղել: Ուսանողական մարզական խաղերում ուժային եռամարտն առաջին անգամ էր ընդգրկվել: 12 բուհ ներկայացնող շուրջ 200 ուսանող է մասնակցել այդ ստուգատեսին: Բոլորն էլ բավականին ուժեղ մարզիկներ էին: Այս խաղերին նույնպես մեր և՛ տղաները, և՛ աղջիկներն արժանիորեն ներկայացրին համալսարանը»,- ասում է Աշոտ Սարգսյանը:

Առաջին հորիզոնականը զբաղեցրել են երեք համալսարանականներ՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Մանվել Ազիզյանը, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Տիգրան Դավթյանը և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Լիդա Ազաբյանը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Վարդանուշ Ավագյանը:

«Ուսանողներին հետաքրքրում և գրավում է ուժային եռամարտը, որովհետև նախ այն անհատական մարզաձև է: Բացի դրանից՝ ուժային եռամարտում շատ քիչ խախտումներ են հնարավոր՝ ի տարբերություն մյուս սպորտաձևերի»,- պարզաբանում է Աշոտ Սարգսյանը:

Մրցաշարը տևել է 3 օր և անցկացվել տարբեր քաշային կարգերով: 67 և 48 քաշային կարգերում ներկայացած համալսարանական երկու աղջիկները՝ Լիդա Ազաբյանը և Վարդանուշ Ավագյանը, ուժային եռամարտով զբաղվել են ընդամենը երկու ամիս: Ըստ մարզչի՝ եթե տղաների գրանցած արդյունքները կարելի էր կանխորոշել, ապա աղջիկները գերազանցեցին բոլոր սպասելիքները:

«Մինչ ուժային եռամարտը ես վոլեյբոլով եմ զբաղվել: Ուժային եռամարտը, ինչպես մյուս մարզաձևերը, ըստ իս, կյանքի վիտամիններ են: Ու նշանակություն չունի, թե ինչ սպորտաձևով կզբաղվես: Դեռ շարունակելու եմ մարզվել և մասնակցել այլ մրցումների»,- ասում է Լիդա Ազաբյանը:

Ինչ վերաբերում է հրաձգության մրցույթին, ապա այն անցկացվել է օդամղիչ հրացանով՝ 10 մետրից, 2 փորձնական և 5 հաշվարկային կրակոցներով: ԵՊՀ-ից հրաձգության անհատական մրցումներին մասնակցել են 6 ուսանողներ՝ երեք տղա և երեք աղջիկ: ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Աննա Դավթյանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:

Ֆուտզալի մրցաշարում էլ ԵՊՀ թիմը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

«ԵՊՀ մարզադահլիճի վերանորոգումից հետո մենք նոր թիմ ենք ձևավորել: Այս թիմում ընդգրկված են հիմնականում 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարզումները սկսել ենք սեպտեմբեր ամսից, կարող ենք ասել, որ լավ արդյունք ենք գրանցել»,- ասում է ԵՊՀ ֆուտզալի թիմի մարզիչ Յուրի Մուրադյանը:

Հավելենք, որ մրցանակային տեղեր գրաված մասնակիցները և թիմերն արժանացել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրերին, գավաթներին ու մեդալներին:


Միլենա Մկրտչյան

Տարվա այլ հրապարակումներ