08.11.2017
ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Նոյեմբերի 8-10-ը կայացավ «Հաղորդակցությունից համագործակցություն» խորագրով, իսկ նոյեմբերի 22-24-ը՝ «Հաջողված ստարտափ թիմեր. ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խորագրով եռօրյա սեմինար-դասընթացը:

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում անցկացված «Հաղորդակցությունից համագործակցություն» խորագրով սեմինար-դասընթացը վարեց Բանկային կառավարման դպրոցի տնօրեն Վարդուհի Հարությունյանը: Այն կազմակերպվել էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու Բանկային կառավարման դպրոցի համագործակցության շրջանակում: Սեմինարի նպատակն էր մասնակիցներին փոխանցել արդյունավետ հաղորդակցման հմտություններ, սովորեցնել կառավարել սթրեսը և գործատուների համար ինչպես դառնալ լավագույն թեկնածու:

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը դասընթացի մեկնարկից առաջ փաստեց, որ կենտրոնը շատ է կարևորում այդ ձևաչափով անցկացվող միջոցառումները. «Աշխատաշուկայում տեղ գտնելու համար կարևոր են ոչ միայն ակադեմիական գիտելիքները, այլև շատ ուրիշ հմտություններ, որոնք հենց նմանօրինակ դասընթացների ընթացքում կարող եք ձեռք բերել»:

Կարինե Նազարյանը մասնակիցներին տեղեկացրեց նաև, որ հավաստագրեր կհանձնվեն նրանց, ովքեր 3 օրերի ընթացքում ոչ միայն կմասնակցեն դասընթացին, այլև ակտիվություն կցուցաբերեն և վերջում հաջողությամբ կհանձնեն առաջադրված թեստը:

Բանկային կառավարման դպրոցի տնօրեն Վարդուհի Հարությունյանն էլ, ով արդեն 12 տարվա աշխատանքային փորձ ունի մարդկային ռեսուրսների կառավարման և մարքեթինգի ոլորտում, տեղեկացրեց, որ բացի հավաստագրերից՝ ամենաբարձր միավորներ հավաքած երեք ուսանողներ HR միջազգային սեմինարին մասնակցելու հնարավորություն կունենան՝ ստանալով մասնակցության վճարի 100%, 50% և 25% զեղչեր:

Սեմինար-դասընթացի առաջին օրը բանախոսն անդրադարձավ արդյունավետ հաղորդակցման հմտություններին, ներկայացրեց հաղորդակցման գործընթացի սահմանումը, տեսակները, դրանց առավելությունները և գործածության շրջանակները: Խոսվեց նաև ոչ վերբալ հաղորդակցության, արդյունավետ հաղորդակցման հիմնական սկզբունքների մասին:

«Հիշե՛ք, որ մարդիկ ցանկանում են լսել և հասկանալ մեզ, եթե մենք հաճելի ենք նրանց աչքերին, ականջներին, մտքին և սրտին: Նրանք մեզ լսում ու հասկանում են զգայարանների և ինտուիցիայի միջոցով»,- ասաց Վարդուհի Հարությունյանը:

Դասընթացի երկրորդ օրը մասնակիցները ծանոթացան սթրեսի կառավարման և ինքնատիրապետման հմտության առանձնահատկություններին, իմացան սթրեսի առաջացման պատճառների և դրանց ազդեցության մասին:

Երրորդ օրն էլ սեմինար-դասընթացի մասնակիցները սովորեցին, թե ինչպես է պետք արդյունավետ և առանց սխալների անցնել հավաքագրման գործընթացի փուլերը, ինչպես կազմել արդյունավետ CV, գրել մոտիվացիոն նամակ, ճիշտ ներկայանալ հարցազրույցին: Բանախոսը մասնակիցներին տեղեկացրեց նաև, թե ինչն է կարևոր գործատուի համար, ինչին կարող է գործատուն ուշադրություն դարձնել, և ինչպիսի մանրուքներ կարող են որոշիչ լինել այդ գործընթացում:

Նոյեմբերի 16-ին էլ տեղի ունեցավ սեմինար-դասընթացի ամփոփումը, որի ժամանակ այն ուսանողները, ովքեր 3 օրերին մասնակցել էին դասընթացին, ակտիվություն ցուցաբերել և հաջողությամբ հանձնել առաջադրված թեստը, Բանկային կառավարման դպրոցի տնօրեն և դասընթացի բանախոս Վարդուհի Հարությունյանի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանի կողմից ստացան հավաստագրեր:

Բացի դրանից՝ ինչպես դասընթացի առաջին օրը խոստացել էր Վարդուհի Հարությունյանը, առաջադրված թեստը հաջողությամբ հաղթահարած և ամենաբարձր միավորներ հավաքած ուսանողները ստացան HR միջազգային սեմինարի մասնակցության վճարի 100%, 50% և 25% զեղչի կտրոններ:

Թեստի լրացման 93% արդյունքով 25% զեղչի կտրոնին արժանացավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողուհի Մարիամ Առուստամյանը, 95% գրանցած արդյունքներով 50% զեղչի կտրոն ստացան Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողուհիներ Վարդուհի Մկրտչյանը և Լիդա Սարգսյանը, իսկ 98% արդյունքով միջազգային սեմինարին անվճար մասնակցության հնարավորություն ստացավ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Մարինե Երեմյանը:

Ինչ վերաբերում է «Հաջողված ստարտափ թիմեր. ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խորագրով եռօրյա սեմինար-դասընթացին, ապա այն կազմակերպվել էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «2mindS» ընկերության համագործակցության շրջանակում: ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում անցկացված սեմինարի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել, թե ինչ է անհրաժեշտ հաղթող թիմ ունենալու համար, որտեղ ու ինչպես փնտրել թիմակիցների և ինչպես գնահատել թիմի կենսունակությունը:

Դասընթացի սկզբում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը, ողջունելով մասնակիցներին, ասաց, որ եռօրյա դասընթացի բանախոսները կլինեն «2mindS» ընկերության համահիմնադիր և տնօրեն Մարիամ Համբարձումյանն ու ընկերության համահիմնադիր և բիզնեսի զարգացման գծով տնօրեն Գայանե Գրիգորյանը. «Վստահեցնում եմ, որ մենք համագործակցում ենք ոլորտի առաջատարների հետ և ցանկանում ենք, որ դուք առավելագույնը ստանաք այս դասընթացից»:

Մարիամ Համբարձումյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում նույնպես ստարտափները սկսել են մեծ թափով զարգանալ. «Այս ոլորտում պետք է հաշվի առնել, որ սկզբում ստարտափով զբաղվողը պետք է որոշի՝ ինքը թիմ է կազմելու և որպես գործատու է հանդես գալո՞ւ, թե՞ փորձելու է անդամակցել արդեն ձևավորված ստարտափ թիմերին: Եվ մեծ հույս ունեմ, որ մեր դասընթացն էլ կարող է որոշիչ լինել ու կողմնորոշել մասնակիցներին»:

Դասընթացավարը մասնակիցներին տեղեկացրեց, որ միջոցառման ավարտին հավաստագրեր կստանան նրանք, ովքեր լիարժեք կմասնակցեն դասընթացին, գործնական աշխատանքներին և բավարար արդյունքներ կգրանցեն:

Դասընթացի շրջանակում բանախոսը մասնակիցներին ներկայացրեց, թե ինչ է ստարտափը, ինչպես պետք է սկսել այն, որ դեպքում պետք է թիմ ստեղծել, ինչ է պետք դրա համար, ու ինչ պատասխանատվություն ու պարտականություններ է դա ենթադրում. «Ինչպես սահմանել է Էրիկ Ռիսը, ստարտափը մարդկային ինստիտուտ է (ոչ ֆորմալ խումբ, գրանցված ընկերություն), որն աշխատում է ստեղծել նոր արտադրանք կամ մատուցել նոր ծառայություն անորոշ, այսինքն՝ արագ փոփոխվող միջավայրում»:

Խոսելով արդեն թիմերի մասին՝ բանախոսը պարզաբանեց, որ թիմը մարդկանց խումբ է, ովքեր միասին աշխատում են հանուն ընդհանուր նպատակի. «Հիշե՛ք, որ ստարտափ թիմ գտնելն ավելի բարդ է, քան նույնիսկ պահանջվող գումարը: Ճիշտ ձևավորված թիմը փոփոխություն է բերում, շարունակականություն է ապահովում, գեներացնում է նոր գաղափարներ և պատրաստ է զոհաբերությունների: Ստարտափի առաջխաղացման համար հարկավոր են ոչ թե ձեզ նման մարդիկ, այլ մարդիկ, ովքեր լրացնում են ձեզ, ձեր թույլ կողմերը քողարկում են իրենց ուժեղ կողմերով»:

Հաղթող թիմ ունենալու համար Մարիամ Համբարձումյանը մասնակիցներին տեղեկացրեց, որ անհրաժեշտ է նվիրվածություն, դերերի և պարտականությունների հստակ տարանջատում ու բաշխում, հարգանք թիմի անդամների նկատմամբ և հակասությունների արդյունավետ կառավարում:

Թիմակիցներ փնտրելու համար էլ բանախոսը խորհուրդ տվեց կիսվել գաղափարով, այդ մասին խոսել հնարավորինս շատ մարդկանց հետ, փոխանցել խանդավառությունը, հետևողական լինել, չվախենալ ձախողումներից, փնտրել կրկին:

Տեղեկացնենք, որ դասընթացի ընթացքում մասնակիցները ձևավորեցին թիմեր, կատարեցին որոշակի աշխատանք ու գործնականում ստացան նոր գիտելիքներ:

Մեզ հետ զրույցում բանախոսը հույս հայտնեց, որ դասընթացի արդյունքում մասնակիցները ոչ միայն նոր գիտելիքներ ստացան, այլև հետագայում թիմեր կձևավորեն և ակտիվ աշխատանք կծավալեն:

Քնար Միսակյան

Տարվա այլ հրապարակումներ