29.11.2017
ՏԱԹԵՎԻԿ ՍՈՂՈՅԱՆ. «ՑԱՎՈՒՄ ԵՄ, ՈՐ ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻ ՍՏՎԱՐ ԶԱՆԳՎԱԾ ԱՅՍՕՐ ՊԱՅՔԱՐԻ ՁԳՏՈՒՄ ՉՈՒՆԻ»
Տաթևիկ Սողոյանը սովորում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսում և որոշել է մասնագիտանալ սահմանդրական իրավունքի ոլորտում: Բազմաթիվ մրցույթների մասնակցած և հաղթող ճանաչված Տաթևիկը սիրում է, երբ մրցանակները ձեռք են բերվում համառ պայքարի արդյունքում: Նա համոզված է, որ հենց պայքարի բովում կարելի է կատարելագործվել և ավելի ուժեղ դառնալ: Ապագա իրավաբանը ցանկանում է հենց իր օրինակով ցույց տալ, որ կարելի է հասնել մասնագիտական հաջողությունների և ունենալ երջանիկ ընտանիք:
Պատմում է ինքը՝ Տաթևիկը:

Ծանոթանալիս սիրում եմ նշել, որ ես ապագա իրավաբան եմ

Մասնագիտությանս ընտրությունը եղել է շատ վաղուց՝ մոտ 6-7 տարեկան էի, երբ առաջին պատկերացումներն էին արթնանում, թե ինչ է արդարությունը, ինչ անարդարություններ են լինում աշխարհում: Մի օր էլ մեքենայով երթևեկում էինք, երբ գլխումս հետևյալ հարցը ծագեց. ի՞նչ կլինի, երբ ինչ-որ մեկն անարդար վարվի իմ հարազատներից մեկի հետ, ես ի՞նչ կանեմ, ավելի ճիշտ՝ ի՞նչ կկարողանամ անել: Այդ մտքերով տարված՝ մայրիկիս հարցրի, թե կին դատավոր ընդհանրապես լինում է: Մայրիկս էլ պատասխանեց, որ իհարկե լինում է: Այդ պահից հասկացա, որ ես կդառնամ կին դատավոր, ընդ որում՝ քրեական մասնագիտացմամբ: Այդ ժամանակ դա ինձ համար հեռավոր ու բաղձալի նպատակ էր: Դպրոցական տարիներից սկսեցի մասնագիտական գիտելիքներս հարստացնել. հեռուստացույցով դատախաղեր ու իրավունքին վերաբերող հաղորդումներ էի դիտում, գրքեր կարդում, անգլերեն պարապում և այլն: Մի բան հաստատ էր. ես իրավաբան եմ դառնալու: Ընդունելության դիմում-հայտը լրացնելիս էլ միայն Իրավագիտության ֆակուլտետն եմ նշել: Բուհի ընտրությունը միանշանակ է եղել, և այլ տարբերակ չի էլ քննարկվել: Միշտ էլ իմացել եմ, որ այստեղ կա մի դարբնոց, որտեղից լավագույն իրավաբաններն են դուրս գալիս, և դա Մայր բուհն է: Գնալով համոզվում եմ, որ դա ճշմարիտ է:


Ուզում եմ այս ոլորտում իմ ներդրումն ունենալ…


Հայաստանյան իրավական համակարգը, իմ կարծիքով, դեռ զարգացման փուլում է: Մեր իրավաբանները շատ մրցունակ են, ակնհայտ առավելություններ ունեն, բայց ինչ-որ բան խանգարում է, որպեսզի ձևավորվի կայուն ու զարգացած իրավական համակարգ: Կարծում եմ, որ բացերը շատ են՝ սկսած քրեական արդարադատության ոլորտից մինչև օրենսդրական բացեր և իրավակիրառողի ոչ բավարար իմացություն: Ես ուզում եմ այդ համակարգում լրացնել որևէ բաց: Դրա համար էլ ինչ-որ առումով հետ եմ կանգնում քրեական մասնագիտացման իմ նպատակից, որովհետև կարծում եմ, որ այլ ոլորտներում ես ավելի շատ կարող եմ օգնել և ավելի արդյունավետ լինել:


Մրցույթներն իմ կյանքի տարերքներից են

Ես սիրում եմ մրցակցել: Դեռևս դպրոցական տարիներից մշտապես մասնակցել եմ տարբեր մրցույթների և օլիմպիադաների: 2015 թ.-ին մասնակցել եմ Կենտրոնական բանկի կողմից կազմակերպված «Ֆինանսական ամիս» նախագծին, որին ներգրավված էին տնտեսագիտական հոսքերի ուսանողները, և միայն ես էի, որ իրավաբանի կրթություն էի ստանում: Նախագծի ավարտին ես առաջադրվեցի որպես ֆորումի լավագույն մասնակից և Հայաստանը Ֆրանսիայում անցկացվելիք երիտասարդական միջազգային ֆորումում ներկայացնելու հնարավորություն ստացա:

Համալսարանական հաջողություններս սկսեցին անցած տարվանից, երբ ես և ընկերներս որոշեցինք մասնակցել ԵՊՀ ՈԻԽ բանավեճի ակումբին: Ստեղծեցինք «Ալիբի» թիմը և մասնակցության հայտ ներկայացրինք: Պետք է խոստովանեմ, որ շատ էի տարվել բանավեճով, սովորում էի նոր հնարքներ, հմտանում այդ բնագավառում: Հասանք ցանկալի արդյունքի և հաղթեցինք առաջնությունում: Այս տարվա մայիսին ԵՊՀ ՈՒԳԸ-ի կողմից էլ կազմակերպվեց «Գիտախոս» գիտահանրամատչելի մրցույթը, ու երբ կարդացի հայտարարության տեքստը, հասկացա, որ անպայման պետք է մասնակցեմ, որովհետև իմ նպատակներից մեկն էլ դասախոս դառնալն է: Միշտ էլ հետաքրքրվել եմ, թե ինչպես են խոսքն ազդեցիկ դարձնում, մատչելի խոսում բարդ թեմաների մասին և այնպես անում, որ իրենց լսեն: Ընտրեցի մեղքի թեման: Ինձ համար շատ հետաքրքիր է, թե ինչպես կարելի է իրավաբանական սահմանում տալ մի երևույթի, ինչը հոգեբանական բնույթ ունի: Եվ այդ հետաքրքիր թեման ինձ հաջողություն բերեց, ու ես հաղթող ճանաչվեցի: Սեպտեմբերին էլ ԵՊՀ թիմում հանդես եմ եկել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կողմից կազմակերպված դատախաղ-մրցույթին, որտեղ ոչ միայն մեր թիմը հաղթեց, այլև ես անհատական մրցանակ ստացա «Լավագույն պաշտպանական ճառ» անվանակարգում:

Եթե չկարևորես մրցանակները, ապա չես կարող լիարժեք վայելել հաղթանակը

Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր թերագնահատում են մրցանակների դերը: Ես սիրում եմ, երբ մրցանակները ձեռք են բերվում դժվարին ու համառ պայքարի արդյունքում, արդարացիորեն: Պայքարն իմ կյանքի գլխավոր բաղկացուցիչ մասերից է, որովհետև դրա բովում կատարելագործվում ես, իսկ վերջնական նպատակն էլ հաղթելն է, մրցանակին հասնելը:


Հիասթափություններն ամենուր են և շատ

Երբեմն մտածում եմ, որ եթե իմ նպատակը լավն է, բարի է, ապա ես պետք է ուղիղ ճանապարհով հասնեմ այդ նպատակակետին, բայց այդ նույն ճանապարհին հանդիպում են մարդիկ, ովքեր կոտրում են, իսկ ամենասարսափելին այն է, որ փորձում են սահմանափակել պայքարի ձգտումը: Ես ցավում եմ, որ մեր երիտասարդության մի ստվար զանգված այսօր պայքարի ձգտում չունի և համոզված է, որ միևնույնն է, ոչինչ չի ստացվի: Հիասթափությունները պետք է ընկալել որպես նոր պայքարի համար տրված ժամանակ, որի ընթացքում պետք է դասեր քաղել ու նոր մարտավարությամբ դուրս գալ նոր պայքարի:


Մասնագիտական շրջանակից զատ՝ հետաքրքրվում են նաև ամեն ինչով


Գտնում եմ, որ մարդ պետք է զբաղվի տարբեր գործերով, բազմակողմանիորեն զարգանա և գաղափար ունենա բոլոր ոլորտներից և բնագավառներից: Ես ավարտել եմ նաև Սարաջյանի անվան երաժշտական դպրոցը, նվագել եմ դաշնամուր, երգել եմ երգչախմբում: Սիրում եմ ֆուտբոլ, պարտադիր նայում եմ մեր ազգային հավաքականի խաղերը, հետևում երկրի հասարակական-քաղաքական կյանքին: Փորձում եմ ստեղծագործել, բայց դրանք գաղտնի եմ պահում. չեմ կարծում, որ արժանի են հրապարակման: Ի դեպ, երբ Ֆրանսիայում անցկացվող «Եվրոպական երիտասարդական պառլամենտ» խորագրով միջազգային ֆորումում ես ներկայացնում էի Հայաստանը, ինձ հարցրին, թե որն է իմ ամենասիրելի գրական ստեղծագործությունը՝ ակնկալելով, որ կլսեն համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկի անունը: Ես պատասխանեցի, որ ինձ համար կա մի ստեղծագործություն, որը կարծես կյանքիս կարգախոսը դարձած լինի, որն ինձ հետ է հատկապես կյանքիս դժվարին պահերին, և դա Պարույր Սևակի «Որդուս» բանաստեղծությունն է: Այն ծայրից ծայր անգիր գիտեմ և ֆորումի ընթացքում սկսեցի անգլերեն թարգմանել: Ուզում եմ Սևակի ծննդյան օրը` հունվարի 24-ին, հրապարակել արդեն ամբողջությամբ թարգմանված տարբերակը:


Իմ գերնպատակը հայրենիքիս օգտակար լինելն է

Իմ նպատակն իմ օրինակով ցույց տալն է, որ կարելի է հաջողության հասնել, ունենալ աշխատանք, այլ նվաճումներ և դրանք համատեղել երջանիկ ընտանիքի հետ: Այսինքն՝ ուզում եմ իմ օրինակով կոտրել այն կարծրատիպը, որ կնոջ դեպքում հնարավոր չէ և՛ մասնագիտական հաջողություններ գրանցել, և՛ ընտանիք ունենալ: Երբևէ չեմ ցանկանա, որ հայրենիքս՝ որպես արժեք, ինձ համար արժեզրկվի: Ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ հայրենիքը միշտ առաջնային է եղել:


Քնար Միսակյան

Տարվա այլ հրապարակումներ