08.11.2017
ԿԱՅԱՑԱՎ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Նոյեմբերի 6-8-ը Մատենադարանում անցկացվեց Երկրորդ համահայկական գիտական համաժողովը՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին:

Մասնակիցների շարքում էին ինչպես ուսանողներ, երիտասարդ և արդեն ճանաչված գիտնականներ, այնպես էլ տարբեր երկրների (ՌԴ, ԱՄՆ, Շվեյցարիա, Իռլանդիա, Գերմանիա, Դանիա) գիտակրթական հիմնադրամների ղեկավարներ:

Համաժողովի նպատակն էր քննարկել և լուծել գիտությանն առնչվող մի շարք հիմնախնդիրներ, ամրապնդել Առաջին համահայկական գիտական համաժողովի արդյունքում ստեղծված Սփյուռքահայ գիտնականների ասոցիացիայի հետ գիտության ոլորտում ժամանակակից մեթոդների ինտեգրումը, ինչն ուղղված է երիտասարդ հայ գիտնականների աջակցմանն ու Հայաստանում առկա գիտական դպրոցներում ծրագրերի արդյունավետ իրականացմանը: Համաժողովին Մայր բուհից ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գևորգ Վարդանյանը և ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Գևորգ Վարդանյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, ներկայացրեց նախորդ համաժողովի արդյունքները. «Առաջին համաժողովում դասախոսությունների, կլոր սեղանների ընթացքում քննարկվեցին հնարավոր բոլոր նախապայմանները՝ ուղղված հայ գիտության առաջընթացին: Արդյունքում որպես այդ գործի հաջողության գրավական՝ դիտվեց Սփյուռքահայ գիտնականների ասոցիացիայի հիմնադրման գաղափարը»:

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն էլ, ակադեմիական հանրության կողմից ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշեց, որ կազմակերպվող քննարկումները, կլոր սեղանները նպաստում են Հայաստանում գիտության ու տեխնոլոգիաների զարգացմանը. «Մեր գլխավոր խնդիրներից մեկը նաև հայազգի երիտասարդ գիտնականների ներուժը ճիշտ օգտագործելն է մեր հանրապետության տնտեսության առաջընթացի գործում»:

ՀՀ գիտական կազմակերպությունների երիտասարդ գիտնականները համաժողովի շրջանակում պաստառային ու բանավոր զեկուցումներով ներկայացրին իրենց գիտահետազոտական աշխատանքները:

Համաժողովին Երևանի պետական համալսարանից «Կենսաջրածին՝ խմորում, հիդրոգենազի և պրոտոնային ԱԵՖ-ազի դերը» խորագրով զեկուցմամբ հանդես եկավ ԵՊՀ կենսաբանության ԳՀ ինստիտուտի փոխտնօրեն, Կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Կարեն Թռչունյանը:

1 լիտր ջրածինը՝ 5-6 լիտր բենզինի փոխարեն

«Կենսաջրածին՝ խմորում, հիդրոգենազի և պրոտոնային ԱԵՖ-ազի դերը» խորագրով զեկուցմամբ Կարեն Թռչունյանն անդրադարձել է կենսաջրածնին՝ որպես էներգիայի այլընտրանքային աղբյուրի, և դրա ստացման նոր մեթոդին, որը ներկայումս փորձարկվում է լաբորատոր պայմաններում:


- Պարո՛ն Թռչունյան, ինչո՞վ է առանձնանում կենսաջրածինը, և ինչպե՞ս է այն ստացվում:

- Այսօր աշխարհում էներգիայի ապահովման մեծ խնդիր կա: Բնակչությունն օրեցօր աճում է, և հաշվարկներ կան, որ մինչև 2050 թվականը էներգիայի պահանջարկը մեծանալու է մոտ երեք անգամ: Միայն նավթով և գազով (հանածո վառելիքով) այդ պահանջն ապահովել հնարավոր չէ, քանի որ դրանք սպառվող են: Այլընտրանքային աղբյուրները պետք է լինեն վերականգնվող, էկոլոգիապես մաքուր և արդյունավետ:

Այժմ մենք լաբորատոր պայմաններում ստանում ենք կենսաջրածին: Այն էկոլոգիապես մաքուր է, այսինքն՝ երբ այրում ենք, ջուր է անջատվում: Եթե ունենք 1 լիտր ջրածին, այն հավասարազոր է 3-4 լիտր բենզինին: Մենք կարող ենք կենսաջրածին ստանալ թափոններից՝ օգտագործելով մանրէները: Կենսաջրածնի ստացման տարբեր մեթոդներ կան, բայց խնդիրն այն է, որ դրանք արդյունավետ լինեն: Այն կարող ենք ստանալ, օրինակ, սպիրտի, կաթնամթերքի և այլ արտադրության թափոններից: Ամենակարևորը ոչ սպեցիֆիկ թափոններ ընտրելն է: Ջրածնային էներգետիկան առանձնանում է հենց նրանով, որ կենսաջրածինը կարելի է արտադրել ցանկացած վայրում: Այսօր աշխարհում տարբեր արտադրություններ տեղայնացնելու խնդիր կա։


- Շահավետության մասին…

- 2016 թվականին կայացած Ջրածնային էներգիայի միջազգային կոնֆերանսին, որի ժամանակ հանդես եկա բանավոր զեկուցմամբ, քննարկեցինք կենսաջրածնի արդյունավետությունն ու շահավետությունը: Այնտեղ վարեցինք «Toyota Mirai» ջրածնային ավտոմեքենան: Ոչնչով չէր տարբերվում սովորական ավտոմեքենայից: Նրանք ջրածին ստանում են քիմիական, այլ ոչ թե կենսաբանական եղանակով: Հետաքրքրվեցինք՝ ինչ արժե մեկ լիցքավորումը: Այն արժե 9 եվրո, և ավտոմեքենան կարելի է վարել 650 կմ:

Ասել, թե աշխարհն ամբողջությամբ անցնում է կենսաջրածնային արտադրությանը, սխալ կլինի: Դա դիտարկվում է որպես էներգիայի ստացման հավելյալ եղանակ:


- Ձեր կողմից կենսաջրածնի ստացման աշխատանքներն ի՞նչ փուլում են:

- Ինչպես արդեն նշվեց, մենք կենսաջրածին ստանում ենք լաբորատոր պայմաններում։ Կարելի է ասել, որ մեր կողմից մշակված տեխնոլոգիան անցել է լաբորատոր «Ալա» թեստավորումը, և ունենք լաբորատոր նախատիպ։ Ներկայումս փորձում ենք երկարաձգել կենսաջրածնի արտադրության տևողությունը, քանի որ տեխնոլոգիական տեսանկյունից մեծածավալ արտադրության դեպքում այն ուսումնասիրելը շատ կարևոր է: Արդեն հասել ենք մոտ 240 ժամ (10 օր) շարունակական արտադրության։ Հետազոտություններ են արվում այն մինչև մեկ ամիս և ավելին երկարաձգելու ուղղությամբ։


Սլավա Բադալյան

Տարվա այլ հրապարակումներ