22.12.2017
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՀԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԸ 70 ՏԱՐԵԿԱՆ Է
ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունն այս տարի բոլորեց ծննդյան 70-ամյակը: Այն հիմնադրվել է 1947 թ.-ին և, ըստ էության, Հայաստանում գործող ամենահին երիտասարդական (ուսանողական) կազմակերպությունն է: Եվ ահա դեկտեմբերի 15-ին կայացած նիստում ամփոփվել են հոբելյանական տարվա միջոցառումները:

ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը ԵՊՀ ուսանողներին և ասպիրանտներին միավորող կառույց է: Նրա նպատակն է նպաստել ուսանողության գիտական, ստեղծագործական և հոգևոր զարգացմանը: ՈՒԳԸ-ն կազմակերպում է գիտաժողովներ, սեմինարներ ու դասախոսություններ, հրատարակում երիտասարդ գիտնականների և ուսանողների գիտական հոդվածները:


Հիմնադրում


Ամեն ինչ սկսվել է դեռևս 1920-1930-ական թվականներին, երբ ԵՊՀ տարբեր ամբիոններում սկսել են ակտիվ գործունեություն ծավալել ամբիոնային ուսանողական գիտական խմբակները: 1947 թ. սեպտեմբերին հրավիրվել է այդ խմբակների անդամների ընդհանուր ժողով, որի ժամանակ որոշվել է ստեղծել համահամալսարանական ուսանողական գիտական ընկերություն:

ԵՊՀ ՈՒԳԸ առաջին նախագահն է դարձել ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժնի ուսանող, հետագայում փիլ. գիտ. դոկտոր, պրոֆ. Յակով Խաչիկյանը: Յուրաքանչյուր ուսումնական տարում կազմակերպվել են մի քանի գիտաժողովներ, գիտահետազոտական աշխատանքներ են տարվել մշտապես գործող խմբակներում և ուսանողական լաբորատորիաներում, հրատարակվել են գիտական հոդվածներ: 1970-ական թթ. յուրաքանչյուր ուսումնական տարվա կտրվածքով ՈՒԳԸ անդամների թիվը կազմել է առնվազն 800-1000, գիտական զեկուցումների թիվը՝ առնվազն 600-700, և եղել է ՈՒԳԸ ծրագրերի զգալի ֆինանսավորում: 1980-ականների վերջին ՈՒԳԸ աշխատանքները սառեցվել են, և մինչ 1996 թվականը կառույցը չի գործել:


Վերահիմնադրում

1996 թ. մայիսի 25-ին ՈՒԳԸ-ն վերահիմնադրվել է. ընդունվել է նոր կանոնադրություն, ընտրվել է ՈՒԳԸ ղեկավար նոր մարմին՝ գիտական խորհուրդ: Վերակազմյալ ՈՒԳԸ նախագահ է ընտրվել ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի ասպիրանտ, այժմ քաղ. գիտ. թեկնածու, դոցենտ Աշոտ Ալեքսանյանը: Այդ ժամանակահատվածում վերսկսվել են գիտաժողովների և այլ միջոցառումների կազմակերպման աշխատանքները, իսկ մի փոքր անց՝ լավագույն աշխատանքների հրատարակման կազմակերպումը: Այդ աշխատանքները հաջորդ տարիներին հաջողությամբ համակարգվել են նաև ՈՒԳԸ նախագահներ Ռուբեն Մարկոսյանի, Արման Մելքումյանի, Եզնիկ Միրզոյանի, Կառլեն Խաչատրյանի և Միքայել Մալխասյանի կողմից: 2015 թ. հուլիսից ԵՊՀ ՈՒԳԸ նախագահն է ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի ասպիրանտ Մհեր Հակոբյանը:

ՈՒԳԸ հիմնադրումից առ այսօր հազարավոր համալսարանականներ անցել են ՈՒԳԸ բովով, ՈՒԳԸ նախկին անդամներից և ղեկավար կազմի ներկայացուցիչներից շատերը ներկայումս ԵՊՀ ֆակուլտետների դեկաններ և դասախոսներ են:


ԵՊՀ ՈՒԳԸ 70-ամյա պատմության ընթացքում ՈՒԳԸ անդամ են եղել ավելի քան 7000 ուսանող և ասպիրանտ:


ՈՒԳԸ ներկան

Ներկայումս յուրաքանչյուր ուսումնական տարում կազմակերպվում են շուրջ 50 միջազգային, հանրապետական, համահամալսարանական և ֆակուլտետային գիտաժողովներ, որոնց ընթացքում ներկայացվում է մինչև 1000 գիտական զեկուցում: Վերականգնվել է ամենամյա գիտական նստաշրջանի անցկացման՝ գոյություն ունեցած ավանդույթը: Իրականացվում են գիտահետազոտական աշխատանք կատարելու հմտությունների ուսուցման դասընթացներ:

ԵՊՀ ՈՒԳԸ ղեկավար մարմինը ՈՒԳԸ գիտական խորհուրդն է, որի ի պաշտոնե անդամներն են ՈՒԳԸ նախագահը, նախագահի տեղակալը, քարտուղարը և ֆակուլտետային ՈՒԳԸ-ների նախագահները: ԵՊՀ ՈՒԳԸ նախագահը ընտրվում է ԵՊՀ գիտական խորհրդի կողմից:


2016-2017 ուստարում Ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպել է 516 միջոցառում:


ՈՒԳԸ հրատարակումներ

Դեռևս 1920-ական թթ., երբ նոր են ձևավորվել ուսանողական գիտական առաջին խմբակները Մայր բուհում արդեն դրվել են ուսանողական հրատարակումների ավանդույթների հիմքերը: Համահամալսարանական ՈՒԳԸ ստեղծումից հետո հրատարակումները ստացել են ավելի համակարգված բնույթ, և պարբերաբար լույս են տեսել ուսանողների և ասպիրանտների գիտական հոդվածների ժողովածուներ: 1940-1980-ական թթ. հրատարակվել են «Ուսանողական գիտական տեղեկագիր», «Ուսանողական գիտական աշխատությունների ժողովածու», «Ուսանողական գիտական աշխատանքներ» և այլ խորագրերով հանդեսներ և ժողովածուների տասնյակ հատորյակներ: Ընդհանուր առմամբ հրատարակվել է մի քանի հարյուր ժողովածու:

Հետխորհրդային շրջանում հրատարակումների ավանդույթները սկսել են վերականգնվել 1990-ական թթ. վերջին. հրատարակվում են «Գիտական տեղեկագիր» և «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսների ուսանողական հավելվածներ և «Երիտասարդ գիտնականների հոդվածների ժողովածու» խորագրով երկհատորյակ: 2001-2009 թթ. հրատարակվել են գիտական հոդվածների մի քանի ժողովածուներ ևս, իսկ 2010-2011 թթ. ուսանողական գիտական հրատարակումները վերականգնել են նախկին ավանդույթները. տարեկան հրատարակվել են գիտական հոդվածների և թեզիսների մի քանի ժողովածուներ, մասնավորապես՝ ԵՊՀ հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական գիտական նստաշրջանի հինգհատորյակը:

Հարկ է նշել, որ 2014 թ. հոկտեմբերի 30-ից «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու»-ն գրանցվել է պարբերականների միջազգային ստանդարտ համարակալման համակարգում՝ որպես պարբերաբար տպագրվող ժողովածու՝ ISSN 1829-4367 համարանիշով: Զուգահեռաբար գործարկվել է ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հրատարակումների կայքը: 2014 թ. դեկտեմբերից «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու»-ն ընդգրկվել է նաև ՀՀ ԲՈՀ-ի՝ ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրապարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում: Պետք է շեշտել, որ դա ՀՀ ԲՈՀ-ի հաստատումն ունեցող միակ երիտասարդական ժողովածուն է:


Տարեկան գիտական միջազգային նստաշրջան

Ուսանողական գիտական ընկերության հիմնադրման հոբելյանն այս տարի նշանավորվել է բազմաթիվ միջոցառումներով, նոր նախագծե¬րով ու ծրագրերով, որոնց շարքում հատկապես առանձնանում է հոկտեմբերին տեղի ունեցած միջազգային գիտաժողովը, որն առավել արդյունավետ դարձավ արտասահմանյան զեկուցողների՝ գիտաժողովի աշխատանքների մասնագիտական շուրջ 20 բաժանմունքներում ունեցած աննախադեպ ակտիվ մասնակցությամբ: Գիտաժողովի շնորհիվ նոր համագործակցություններ և կապեր հաստատվեցին 14 երկրի ավելի քան 350 մասնակիցների միջև, ինչը Հայաստանում գիտական նոր մշակույթի զարգացման կարևոր ազդակ է:


Հոբելյանական տարվա միջոցառումներ

Հոբելյանական տարում կազմակերպվեցին նաև մասշտաբային այլ միջոցառումներ, որոնց շարքում է «Գիտախոս» հանրամատչելի զեկուցում¬նե¬րի մրցույթը։ Խոշոր ծրագրերից էին նաև Աշխարհագրության և երկրաբանության, Արևելագիտության, Պատմության և Ռուս բանասիրության ֆակուլտետների ՈՒԳԸ-ների կողմից կազմակերպված գիտաժողովները, ինչպես նաև ուսանողական օլիմ¬պիա-դաները, սեմինար-դասախոսությունները, գիտաճանաչողական այցերը, քննար¬կում-ները, բանավեճերն ու երկարաժամկետ դասընթացները՝ նվիրված ՈՒԳԸ 70-ամ¬յա¬կին։

Դեկտեմբերի 15-ին էլ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ Ուսանողական գիտական ընկերության՝ 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի ընդլայնված նիստը, որի սկզբում ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Մհեր Հակոբյանը, ողջունելով բոլոր մասնակիցներին, նշեց, որ այս ուստարվա ընդլայնված նիստը տարբերվում է մյուս նիստերից, քանի որ ամփոփվում է նաև հոբելյանական տարին:

Ընդլայնված նիստում ներկայացվեցին նաև ՈՒԳԸ համալրումները և ձեռքբերումները, ինչպես նաև ֆակուլտետային ՈՒԳԸ ցուցանիշները: Մհեր Հակոբյանը ներկայացրեց նաև հաջորդ տարվա գլխավոր միջոցառումը՝ 5-րդ միջազգային գիտաժողովը, որը տեղի կունենա ապրիլի 16-20-ը և նվիրված կլինի Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակին:

Ակտիվ գործունեություն ծավալած ֆակուլտետային ՈՒԳԸ-ները, քարտուղարները և անդամները պարգևատրվեցին հավաստագրերով և մասնագիտական գրքերով։

ԵՊՀ ՈՒԳԸ փոխնախագահ Մարիամ Մարտիրոսյանն էլ նիստի ընթացքում ներկայացրեց Տեղեկատվական հանձնաժողովի գործունեությունը, նշելով, որ այս կիսամյակի ընթացքում ՈՒԳԸ կայքում տեղադրվել է 74 լուր:

Մհեր Հակոբյանը շնորհակալություն հայտնեց նաև բոլոր այն ֆակուլտետային ՈՒԳԸ-ներին և անդամներին, որոնք նպաստեցին միջազգային գիտաժողովի լիարժեք կայացմանը: 5 տարիների ընթացքում կառույցին անմնացորդ ու լիարժեք նվիրվելու համար հատուկ շնորհակալության արժանացավ ՈՒԳԸ փոխնախագահ Մարիամ Մարտիրոսյանը, ով հաջորդ կիսամյակում իր հետագա գործունեությունը կծավալի արդեն արտերկրում:


«Կարևորում եմ ՈՒԳԸ-ի կողմից միջբուհական հարթակում իրականացվող ծրագրերը՝ միջազգային գիտական նստաշրջանները, հանրապետական կոնֆերանսները, գիտական հրատարակությունները և այլ ձևաչափերով կազմակերպվող միջոցառումները, և դրանցում Հայաստանի և Արցախի ուսանողների ընդգրկվածությունը: Միջբուհական և միջազգային բաղադրիչները լրացուցիչ որակ ու բովանդակություն են հաղորդում իրականացվող ծրագրերին՝ ՈՒԳԸ-ին դարձնելով Հայաստանի Մայր բուհի առաքելությանը հարիր կառույց: ՈՒԳԸ առջև ծառացած ամենակարևոր մարտահրավերը ժամանակի պահանջներին համահունչ լինելն է, որը հնարավոր է ապահովել վերոնշյալ հավակնոտ ծրագրերով»:

Ռուբեն Մարկոսյան,
ԵՊՀ պրոռեկտոր


«ՈՒԳԸ վերջին տարիների աշխատանքների զարգացման բնութագրիչներից մեկը ուսանողների հետազոտական աշխատանքները խթանող ծրագրերի տեսակարար կշռի ավելացումն է: Կազմակերպվում են գիտահետազոտական աշխա¬տանք կատարելու հմտությունների զարգացմանն ուղղված մի շարք միջոցառումներ, որոնցից անցած ուստարվա ընթացքում կցանկանայի առանձնացնել «Գիտախոս» մրցույթը, ուսանողական գիտական ճամբարները: Կարևոր ուղղություն են նաև գիտաճանաչողական այցերն ու արտագնա միջոցառումները: Կարծում եմ՝ նմանօրինակ միջոցառումներն են հիմք հանդիսանում գիտական ասպարեզում ուսանողների հաջողությունների համար»:

Վահագն Վարագյան,
Ուսանողների հետ տարվող
աշխատանքների կենտրոնի տնօրեն


 

«ՈՒԳԸ-ին կմաղթեմ լինել պատմականորեն անցած ճանապարհին արժանի։ Իհարկե, այդ ճանապարհը զիգզագել են, որոշ դեպքերում ջնջվել է, որոշ դեպքերում հերքվել, որոշ դեպքերում փչացրել են, բայց գոնե հիմա, երբ դեպի գիտությունը որոշակի հոգեբանական շարժ կա, պետք է փորձել ուսանողին մղել դեպի ինքնուրույն աշխատանք, որովհետև լսարանային աշխատանքը ավելի քիչ բան է տալիս, քան ինքնուրույն աշխատանքը։ Իսկ ՈՒԳԸ-ն ինքնուրույն աշխատանքի հրաշալի հարթակ է»:
Կիմ Ավագյան (1975-1976 թթ. ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ)


«Մաղթում եմ, որը ՈՒԳԸ-ն միշտ լինի ակտիվ, ներգրավված, ներկայացուցչական, նպաստի մեր բուհի զարգացմանը, որովհետև ՈՒԳԸ-ն նույնպես առանցքային դերակատարում ունի համալսարանի միջազգայնացման գործընթացում: Մեր պետության համար ՈՒԳԸ-ն կարևոր կազմակերպություն է. դրա գործունեությամբ է պայմանավորված ապագա գիտնականների սերնդափոխությունը: Կցանկանամ, որ միշտ մնա բաց ու միջազգային ուղղվածություն ունեցող կազմակերպություն, ինչը ի շահ մեր համալսարանի և հասարակության է»:
Աշոտ Ալեքսանյան (1996-1997 թթ. ՈՒԳԸ նախագահ)


Հ.Գ.: Երբ պատրաստվում էր այս համարը, տեղեկացանք որ ՀՀ ԿԳ նախարարի հրամանով՝ ՈՒԳԸ հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ և ՈՒԳԸ աշխատանքների զարգացման գործում մեծ ավանդ ունենալու համար մի խումբ համալսարանականներ պարգևատրվել են ՀՀ ԿԳՆ ոսկե հուշամեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով:

 

Քնար Միսակյան

Տարվա այլ հրապարակումներ