04.12.2017
ՏԻԵԶԵՐՔՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԳԵՆԵՐԸ ՓՈՓՈԽՎՈՒՄ ԵՆ
«NASA»-ի նախաձեռնած «Twins Study»-ի հետազոտությունը հասնում է իր տրամաբանական ավարտին:

Երկվորյակ եղբայրների՝ Սքոթ (մեկ տարի անցկացրել է բաց տիեզերքում) և Մարկ (բնակվում է Երկրի վրա) Քելլիների կյանքի մեկ տարվա ուսումնասիրության նախնական արդյունքները ցույց են տվել, որ տիեզերական ճանապարհորդությունն ազդում է ԴՆԹ մեթիլացման վրա: ԴՆԹ մեթիլացման  գործընթացն ազդում է ԴՆԹ սեգմենտի գործունեության վրա՝ առանց հաջորդականությունը փոխելու:

«Երբ մարդու մարմինը հայտնվում է տիեզերքում, գեների պահվածքում շատ հետաքրքիր բան է տեղի ունենում. նրա օրգանիզմում հրավառություն հիշեցնող պայթյուն է լինում: Ուսումնասիրության արդյունքում հազարավոր գեների փոփոխություն տեսանք, ինչն ուղղակի աներևակայելի է»,- ասում է ծրագրի ղեկավար Քրիս Մեյսոնը:

Նրա խոսքով՝ այդ հետազոտությունը մարդկային կենսաբանության առավել ամբողջական պատկերացումներից մեկն է. «Դա, հիրավի, մեզ տիեզերական ճամփորդության ընթացքում մոլեկուլային ռիսկերը գնահատելու, ինչպես նաև գենետիկական փոփոխությունների հնարավոր կանխարգելման և կայունացման ուղիները հասկանալու հնարավորություն է տալիս»:

Նշենք, որ «Twins Study» հետազոտության արդյունքները կհրապարակվեն 2018 թ.-ին:


(https://www.nasa.gov/feature/fireworks-in-space-nasa-s-twins-study-explores-gene-expression)


Նախաճաշից հրաժարվելը

«Journal of Psychology» ամսագրում հրապարակված վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր չեն հրաժարվում նախաճաշից, ավելի քիչ են հակված սրտանոթային հիվանդություններին և շաքարախտին: Փորձագետները 21-60 տարեկան 49 հոգու խնդրել են 6 շաբաթ՝ արթնանալուց 2 ժամվա ընթացքում, սնունդ ընդունել կամ ամեն օր՝ մինչև կեսօր, քաղցած մնալ: Մասնակիցները նախաճաշի համար ընտրել են ուտեստները: Թեստից առաջ և հետո գիտնականները գրանցել են մասնակիցների արյան շրջանառության ցուցանիշները: Պարզվել է, որ նախաճաշը նվազեցնում է գեների ակտիվությունը և նորմայի սահմաններում բարձրացնում արյան մեջ շաքարի մակարդակը, ինչը ժամանակի ընթացքում կարող է օրգանիզմը պաշտպանել շաքարախտից և սրտային հիվանդություններից: Միևնույն ժամանակ հավելյալ կալորիաները, որոնք ձեռք են բերում նախաճաշել սիրողները, էական վնաս չեն հասցնում օրգանիզմին:

«Այնուամենայնիվ, անկախ նախաճաշելու օգտակարության ցուցանիշներից՝ նիհար և գեր մարդկանց նախաճաշերի սննդացանկը պետք է տարբերվի»,- հայտարարել է սննդաբան Հավիեր Գոնզալեսը:


(https://ria.ru/science/20171130/1509967759.html)


Աշխարհում յուրաքանչյուր 6-րդ մահն աղտոտվածության հետևանք է


Հանրահայտ «The Lancet» ամսագիրը հրապարակել է տվյալներ, ըստ որոնց՝ ամբողջ աշխարհում 2015 թ.-ին գրանցված շուրջ 9 մլն մահվան դեպք կապված է մոլորակի ընդհանուր աղտոտվածության հետ: Այդպիսի մահվան գրեթե բոլոր դեպքերը գրանցվել են ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկրներում: Մարդու առողջության վրա առավել զգալի ազդեցություն են գործում օդի մաքրությանն առնչվող խնդիրները: Զեկույցում ներկայացված են 13 երկրներ, որտեղ գրանցվել են աղտոտվածության հետևանքով արձանագրված մահվան ամենաշատ դեպքերը: Այդ երկրներն են՝ Բանգլադեշ, Սոմալի, Չադ, Նիգեր, Հնդկաստան, Նեպալ, Հարավային Սուդան, Էրիթրեա, Մադագասկար, Պակիստան, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ:

«Երկիր մոլորակի աղտոտվածությունն էկոլոգիական խորը և համընդհանուր սպառնալիք է, որը շատ ասպեկտներով է ազդում մարդու առողջության և բարեկեցության վրա»,- նշել է այդ խնդիրն ուսումնասիրող պրոֆեսոր Ֆիլիպ Լանդրիգան:

Հավելենք, որ օդի աղտոտվածությունը վաղաժամ մահվան պատճառ է դարձել շուրջ 6.5 մլն մարդկանց համար, ջրի աղտոտվածությունը՝ 1.8 միլիոն: Աղտոտվածության հետ կապված մահվան դեպքերի ամենաքիչ ցուցանիշը գրանցվել է Բրունեյում և Շվեդիայում:


(http://edition.cnn.com/2017/10/19/health/pollution-1-in-6-deaths-study/index.html)

Առաջիկայում 90 միլիոնից ավելի համակարգչային վիրուսներ կհայտնվեն


Ընթացիկ տարում ավելի քան 90 մլն վիրուսային ծրագրեր կհայտնվեն աշխարհում. այս մասին հայտնել է «Կասպերսկու լաբորատորիայի» հիմնադիր-ղեկավար Եվգենի Կասպերսկին:

«Ես այս բիզնեսում աշխատում եմ ավելի քան 25 տարի և տեսնում եմ, թե կիբեռտարածության ոլորտում ինչպիսի դինամիկայով են փոփոխություններ կատարվում»,- ասել է Կասպերսկին:

Նրա խոսքով` ցանցային անվտանգության ապահովումը մասշտաբային խնդիր է. «20 տարի առաջ, երբ ստեղծեցի իմ ընկերությունը, մենք ընդամենը 500 վնասակար ծրագիր էինք արձանագրել, սակայն10 տարի անց այդ ցուցանիշն արդեն կազմել է 2 մլն: Համակարգչային վիրուսներ, որոնք նախադեպը չեն ունեցել նախկինում: 2017 թ.-ին մենք սպասում ենք ավելի քան 90 մլն նոր նմուշ հաշվարկել, և դա՝ ընդամենը մեկ տարում»:


(http://www.aif.ru/society/web/kasperskiy_rasskazal_skolko_kompyuternyh_virusov_poyavyatsya_v_2017_godu)


«Facebook»-ը կգործարկի հատուկ երեխաների համար նախատեսված մեսենջեր


«Facebook» ընկերությունը մեսենջեր կգործարկի, որը նախատեսված է 6-ից մինչև 12 տարեկան երեխաների համար: Տարածված հաղորդագրության համաձայն՝ նոր հավելվածի առանձնահատկությունն այն է, որ դրա միջոցով ծնողներն իրենց երեխաների կապը սոցցանցի ընկերների հետ վերահսկելու հնարավորություն կունենան: Մեսենջերը նախատեսված է մինչև 13 տարեկան երեխաների համար, քանի որ ԱՄՆ դաշնային օրենքն արգելում է հաշիվ բացել սոցցանցում մինչև 13 տարեկան լրանալը: Յուրաքանչյուր ծնող կկարողնա վերահսկել ոչ միայն երեխաների շփման ժամանակաշրջանը, այլև կհետևի նրանց հաղորդագրություններին: Ի դեպ, դեռահաս օգտատերերի հաղորդագրությունները ջնջելու հնարավորություն կունենան միայն ծնողները:


(https://www.theverge.com/2017/12/4/16725494/facebook-messenger-kids-app-launch-ios-iphone-preview)


Պատրաստեց
Վարդուհի Զաքարյանը