20.12.2017
«…ԼԻՆԵՆՔ ԱՎԵԼԻ ԻՄԱՍՏՈՒՆ` ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ…»
Մեր հասարակության, բնականաբար, նաև համալսարանականներիս համար Ամանորն ամենասիրված տոներից մեկն է: Տոն, որի ընթացքում հնչում են սրտառուչ բարեմաղթանքներ, տոն, որ լի է բարի հույսերով ու ապրումներով, նպատակների իրականացման ակնկալիքով…՝

Բարեմաղթանքներ, բարի հույսեր ու ապրումներ. այս ամենն արտացոլված է նաև մի խումբ համալսարանական ուսանողների ամանորյա խոսքում:


«Արդեն 5-րդ Ամանորն է, որ նշում եմ որպես համալսարանական՝ իմ ուսանողական ընկերների կողքին ու հարազատ Մայր բուհիս ջերմ գրկում։

Մաղթում եմ, որ գալիք սերնդի ուսանողները սիրեն մեր համալսարանն ու ամուր կապերով միահյուսվեն նրա հետ։ Մեր ուսանողներին մաղթում եմ վերցնել այն ամենը, ինչ իրենց տալիս է համալսարանը՝ վառ ուսանողական օրեր, խենթ ընկերներ ու մեծ հաջողություններ ուսումնական գործընթացում»:
Հայարփի Ղազարյան,
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետ

«Սիրելի՛ ընկերներ, համալսարանականներ, սրտանց շնորհավորում եմ մեզ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։

Մեր ժողովրդին մաղթում եմ ամենայն բարիք և երազանքների իրականացում: Սակայն որպեսզի մեր կյանքն ամեն օր տոն դառնա, յուրաքանչյուրն իր տեղում պետք է փորձի այս աշխարհը մի քիչ ավելի լավը դարձնել. այն հրաշալի աշխարհը, որ պարգևել է մեզ Արարիչը: Երջանի՛կ եղեք»:
Արշակ Պողոսյան,
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ


«Շնորհավորում եմ բոլորիս գալիք տարվա առթիվ: Ներքին մեծ համոզմունք ունեմ, որ գալիք տարին լինելու է հենց մեր` երիտասարդներիս տարին. մենք ավելին անելու ու ավելիին հասնելու մեծ հնարավորություններ ենք ստանալու:

Ուզում եմ՝ հավատով լցվենք ու վստահ լինենք, որ մեր երկրի լավ ապագան կախված է մեզնից` երիտասարդներիցս, և թող գալիք տարին դարձնենք մերը ու հնարավորություն ունենանք ավելի շատ արարելու, ստեղծագործելու, աշխատելու, զարգանալու, ստեղծելու նոր հարթակներ, նոր գաղափարներ: Լցվենք հույսով ու երիտասարդացնենք մեր շրջապատը, դարձնենք ավելի պայծառ ու գունեղ: Ինչ խոսք, շատ անելիքներ ունենք դեռ: Մեծ հույսերով՝ դեպի նոր տարի: Շնորհավոր Ամանոր»:
Տիգրան Դադունց,
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ


«Սիրելի՛ ընկերներ, հարգելի՛ ուսանողներ, շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Ցանկանում եմ երջանկություն, իղձերի իրականացում, հաջողություններ ուսման մեջ: Թող անցնող տարում մնան բոլոր դժվարությունները, ու թող բոլորս նոր ակնկալիքներով, մեր ուժերի հանդեպ վստահության զգացումով մտնենք նոր տարի: Թող 2018 թվականը լինի բոլորիս համար ուրախության, նվաճումների և առողջության տարի: Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:
Էրիկ Հայրապետյան,
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ


«Սիրելի՛ համալսարանականներ, սիրով շնորհավորում եմ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Ցանկանում եմ, որ այս տարի հավատանք Ամանորի հրաշքին և լիահույս լինենք, որ շան տարին կլինի հավատարմության, սիրո և օրհնություններով լի տարի։ Թող գալիք տարի ուսանողների կյանքում շրջադարձային փոփոխություններ տեղի ունենան։ Լինենք ավելի իմաստուն` քննությունները հաջողությամբ հանձնելու համար, հումորով լեցուն` կյանքի մարտահրավերներն ընդունելու համար, և իհարկե լինենք բարի»:
Էլինա Արշակյան, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետ


«Սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը և Սուրբ Ծնունդը՝ նոր տարում մաղթելով նորանոր հաջողություններ կյանքի բոլոր բնագավառներում: Թող գալիք տարում ձեր առջև դրված խնդիրները հեշտությամբ հաղթահարվեն, իսկ այս տարում թող մնան բոլոր դժվարությունները և հիասթափությունները: Գալիք տարին եկե՛ք դիմավորենք և անցկացնենք ժպիտով: Թող Ձեր ընտանիքներում ջերմության պակաս երբեք չզգացվի: 2018 թվականը թող լինի հաղթանակների տարի: Խաղաղություն և երջանկություն բոլորիս»:
Վահե Սարեյան, ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ


Պատրաստեց

Միլենա Մկրտչյանը