08.12.2017
ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԼԻՆԵԼՈՒ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ ՆՎԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՑ
Դեկտեմբերի 6-ին և 8-ին ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում մեկնարկեց «Գործարար իմիջ և բիզնես էթիկետ» խորագրով երկօրյա սեմինար-դասընթացը:

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ անցկացված սեմինարը վարում էր ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դոցենտ, «SPRING PR» ընկերության համահիմնադիր-նախագահ Նվարդ Մելքոնյանը:

Սեմինար-դասընթացի մասնակիցներին նախ ողջունեց, ապա հյուրին ներկայացրեց ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը:

«Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ, երբ դահլիճում նոր դեմքեր ենք նկատում, հասկանում ենք, որ մեր նախաձեռնությունները հետաքրքիր են ուսանողների համար, ինչը, անկասկած, հաճելի է, պարտավորեցնող և ոգևորող»,- ասաց Լիլիթ Հակոբյանը և հետաքրքիր ու արդյունավետ աշխատանքային օր մաղթեց դասընթացի մասնակիցներին:

Կենտրոնի տնօրենը հավելեց նաև, որ հանդիպման մասնակիցները հետագայում կարող են իրենց կարծիքները հայտնել դասընթացի վերաբերյալ, հանդես գալ առաջարկություններով, ինչը նոր ծրագրեր կազմելու ժամանակ անպայման հաշվի կառնվի:

Դասընթացի շրջանակում ուսանողները ծանոթացան իմիջի ձևավորման և արդյունավետ ինքնաներկայացման տեխնոլոգիաներին, գործարար իմիջի առանձնահատկություններին՝ զարգացնելով ղեկավարության, հաճախորդների և գործընկերների հետ գործարար կապերի կառուցման հմտությունները:

«Իմիջի ձևավորման հմտություններն այսօր բիզնես հաջողության կարևորագույն գործոններից են: Հենց արդյունավետ ինքնաներկայանալու առանձնահատկություններն ու մյուսներից տարբերվելու հմտություններն են հարթում մարդու կերպարի և նրա բիզնեսի զարգացման ուղին»,- նշեց Նվարդ Մելքոնյանը:

Անդրադառնալով իմիջի տեսակներին՝ բանախոսը, ըստ իմիջավորման օբյեկտի, առանձնացրեց երեք դասակարգ՝ կորպորատիվ, առարկայական և անհատական իմիջ:

«Կորպորատիվ իմիջը կազմակերպության սիմվոլիկ կերպարն է, որի բաղադրիչները նպաստում են տվյալ կազմակերպության` որպես սուբյեկտի ընկալմանը: Առարկայական իմիջն ապրանքի կամ այլ անշունչ առարկայի սիմվոլիկ կերպարն է, իսկ անհատականը պարզապես մարդու իմիջն է, որը ներառում է սուբյեկտի անհատական որակներն արտահայտող սիմվոլներ: Դրանք տարբերում են նրան այլ մարդկանցից և շնորհում անհատականությամբ: Անհատի իմիջը որոշակի հատկանիշների ամբողջություն է, որն ասոցացվում է կոնկրետ անհատականության հետ»,- մանրամասնեց Նվարդ Մելքոնյանը:

Հանդիպումն անցնում էր ինտերակտիվ ձևաչափով. ուսանողները ելույթի ընթացքում ակտիվորեն հարցեր էին ուղղում բանախոսին, պատասխանում նրա հարցերին, ինչպես նաև ներկայացնում իրենց տեսակետներն ու պատկերացումները թեմայի վերաբերյալ:

Սեմինարավարը դասընթացի մասնակիցներին ներկայացրեց նաև իմիջի գենդերային առանձնահատկությունները, իմիջի ձևավորման հիմնական ուղիները, նպատակային իմիջային հաղորդագրություն կազմելու բանաձևը, դրես-կոդի ազդեցության վեկտորները և այլ թեմատիկ ուղղություններ:


Վարդուհի Զաքարյան

Տարվա այլ հրապարակումներ