13.12.2017
ԱՊԱԳԱ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԸ ՅՈՒՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողների համար դեկտեմբերի 13-ին վարպետության դաս անցկացրեց Վրաստանի համաժամանակյա (синхрон) թարգմանիչների (գիտաժողով) միության հիմնադիր Գոգա Ասկուրավան:

Միջոցառումը կազմակերպվել էր Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի նախաձեռնությամբ:

«Այսօր ամբողջ աշխարհում և գրեթե բոլոր ոլորտներում սրընթաց զարգացումներ են իրականացվում, ուստի ուսանողներին պետք է հետաքրքիր և արդիական նորություններ առաջարկել, նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություններ ընձեռել՝ հետագայում աշխատաշուկայի պահանջներին համապատասխանելու համար»,- ասում է Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ Ռուզան Ղազարյանը:

Հենց այդ նպատակով էլ ամբիոնը աշխատաշուկայում գրեթե միշտ պահանջարկ վայելող համաժամանակյա գրագետ թարգմանիչներ պատրաստելու ուղղությամբ պարբերաբար նախաձեռնում է միջոցառումներ, սեմինարներ և վարպետության դասեր:

Վրաստանի վարչապետի անձնական թարգմանիչ, 20 տարվա մասնագիտական փորձ ունեցող համաժամանակյա պրոֆեսիոնալ թարգմանիչ Գոգա Ասկուրավան նշեց, որ համաժամանակյա թարգմանությունը բավականին բարդ, սթրեսային և պատասխանատու գործ է, ուստի բարձրակարգ մասնագետ դառնալու համար լուրջ աշխատանք և երկարատև պրակտիկա է հարկավոր:

«Շատերը, հաշվի առնելով ոլորտի բարդությունները, խուսափում են համաժամանակյա թարգմանության ուղղությամբ մասնագիտանալուց: Դրան նպաստում է նաև մասնագիտական դպրոցի բացակայությունը: Սակայն նպատակային ծրագրերի առկայության և պրակտիկայի շնորհիվ կարելի է հասնել ցանկալի արդյունքների և ձեռք բերել բարձր որակավորում՝ արդյունքում ունենալով բարձր վարձատրությամբ և մեծ պահանջարկ վայելող մասնագիտություն»,- փաստեց հյուրը:

Գոգա Ասկուրավան ընդգծեց, որ իրենց հիմնական նպատակն է զարգացնել նոր սերունդ, որը կհաղթահարի բոլոր դժվարությունները:

«Ուրախ ենք, որ ԵՊՀ-ն՝ ի դեմս Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի, կարևորում է ոլորտի զարգացումը, քայլում է ժամանակի պահանջներին զուգընթաց և նախաձեռնություն է ցուցաբերում ուսանողների կրթման գործում նոր մոտեցումների որդեգրման տեսանկյունից»,- հավելեց մասնագետը և շեշտեց, որ չնայած խիստ զբաղվածությանը՝ հաճելի է կրկին ՀՀ Մայր բուհում գտնվելը:

Դասընթացի ժամանակ մասնագետն ուսանողներին մանրամասն ներկայացրեց ոլորտի առանձնահատկությունները, բառերի ընտրության և ճիշտ թարգմանության կարևորությունն ու սխալներից բխող պատասխանատվության արժեքը:

Ռուզան Ղազարյանն էլ ավելացրեց, որ համագործակցությունը շարունակական է լինելու, իսկ հաջորդ տարի ֆակուլտետում կսկսի գործել մասնագիտական սարքավորումներով հագեցած լսարան՝ հրավիրյալ մասնագետների կողմից գործնական աշխատանքներ և սեմինարներ իրականացնելու համար:

Հավելենք, որ Գոգա Ասկուրավան առաջին անգամ չէր Մայր բուհում. հոկտեմբերին 23-25-ը նա վարպետության դասեր է անցկացրել Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողների համար, ովքեր բարձր են գնահատել ֆակուլտետի նախաձեռնությունը:


Վարդուհի Զաքարյան