20.12.2017
Ե. ՄԻՐԶՈՅԱՆ. «ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՋՈՐԴ ԿԻՍԱՄՅԱԿԻՑ ԿՈՒՆԵՆԱՆՔ ԱՐԴԵՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ԳՐԱԴԱՐԱՆ»
«Իզմիրլյան» հիմնադրամի ֆինանսավորմամբ նոյեմբերի վերջից սկսվել են ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի վերանորոգման աշխատանքները: Թեմայի վերաբերյալ զրուցել ենք գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանի հետ:

- Պարո´ն Միրզոյան, գրադարանի մասնավորապես ո՞ր հատվածներն են նորոգվում:

- Այժմ կատարվում է գրադարանի ճեմասրահի, միջանցքների, պատշգամբային հատվածների ամբողջական վերանորոգում: Առաջինից վեցերորդ հարկերում կատարվող աշխատանքների շրջանակում փոխվում են նաև գրադարանի հին դռները, վերանորոգվում է աստիճանավանդակը: Պատերը նախկինում տարբեր գույներ ունեին, իսկ այժմ դրանք կլինեն միագույն:

Ներսի հատվածում՝ երեսպատված մասերում, պատշգամբներում կային պոկված քարեր, որոնք նույնպես վերականգնվել են: Այս ամենից զատ՝ շենքի տանիքին տեղադրվել է սպիրալային հատուկ համակարգ, որը խոչընդոտում է տեղումների ներթափանցումը շինություն: Այդ սպիրալներն անցկացվել են նաև ջրհորդանների միջով, որպեսզի դրանք միշտ անցանելի լինեն:

Վերանորոգվել է նաև Չարենցի փողոցի մուտքից տեսանելի պատշգամբը, որը, անձրևի ու ձյան տակ լինելով, ամբողջությամբ քայքայվել էր: Դրա պատճառով տեղումների ժամանակ մուտքի ամբողջ հատվածում ջուրը պարզապես հոսում էր, և շրջակայքում շինության պատերը կլանում էին այդ խոնավությունը:

- Տեսնում ենք նաև, որ էլեկտրական հոսանքի նոր գծեր են անցկացվում…

- Այո´, տրվում են լուսավորության ապահովման ճշգրիտ լուծումներ: Մեզ մոտ՝ գրադարանի պատշգամբներում, լուսավորության սարքերը տեղադրված էին պատերի վրա, իսկ այժմ դրանք «հավաքվում են» վերևում: Նախկինում կային նաև լամպեր, որոնք չէին աշխատում: Դրանք ամբողջությամբ փոխարինվել են նորերով: Այդպիսով փորձում ենք ապահովել անհրաժեշտ լուսավորությունը, ինչն ամենակարևոր խնդիրներից է: Գրադարանի պատշգամբների պատերին ավելացրել ենք նաև հոսանքի կետեր, որոնք ուսանողներին հնարավորություն կտան լիցքավորելու իրենց համակարգիչները, պլանշետները և այլն:

- Վերանորոգման աշխատանքներով պայմանավորված անհարմարությունների վերաբերյալ ի՞նչ արձագանքներ եք ստանում ուսանողներից:

- Հաճախ եմ շրջում գրադարանի տարածքով և հետևելով կատարվող աշխատանքներին՝ տեսնում եմ նաև ուսանողների վերաբերմունքը: Ճիշտ է, որոշակի անհարմարություններ կան, բայց ուսանողներն ըմբռնումով են մոտենում և նույնիսկ իրենց ուրախությունն են հայտնում իրականացվող աշխատանքների առումով: Ուսումնական հաջորդ կիսամյակից կունենանք արդեն վերանորոգված գրադարան:

- Կատարվող աշխատանքներից զատ՝ առաջիկայում նախատեսվո՞ւմ են գրադարանի արդիականացմանն ուղղված այլ ծրագրեր:

- Մենք ամեն ինչ անելու ենք, որ գրադարանային սրահները, ընթերցասրահները ևս արդիականացվեն: Արդեն ԵՊՀ-ի դրամաշնորհային ծրագրերից մեկի շրջանակում նախատեսում ենք լուծել գրադարանի անվտանգության հարցերը՝ ժամանակակից պահանջներին համապատասխան: Գրադարանի ողջ տարածքում տեղադրելու ենք տեսահսկման համակարգ: Մոտ 140 տեսախցիկները կտեղադրվեն միջանցքներում, առձեռն ֆոնդերում, ընթերցասրահներում: Դրանք չեն տեղադրվի միայն աշխատասենյակներում: Այդպիսով ամբողջ գրադարանային տարածքը կլինի վերահսկելի ու անվտանգ:


Սլավա Բադալյան