13.12.2017
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԼՈՒՐՋ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ
Դեկտեմբերի 13-ին ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպեց հայաստանյան բուհերի ուսանողական կառույցների և ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

ՀՀ ԿԳՆ-ի և ԵՊՀ-ի համատեղ նախաձեռնությամբ իրականացված հանդիպման առանցքում «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի քննարկումն էր, որը պայմանավորված է բարձրագույն կրթության բնագավառում կրթության կազմակերպման իրավակազմակերպական, ֆինանսական հարաբերությունների հստակեցման, բուհերի ակադեմիական կառավարման, ֆինանսական հարաբերությունների ընդհանուր սկզբունքների, պայմանների և պահանջների հստակ սահմանման ու ապահովման անհրաժեշտությամբ:


Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը, ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը:

Լրագրողների հետ ունեցած զրույցում ԿԳ նախարարը փաստեց, որ քննարկումներ արդեն եղել են և՛ պետական, և՛ ոչ պետական բուհերի ռեկտորների խորհուրդներում. «Կլինեն նաև հասարակական կազմակերպությունների հետ քննարկումներ, ինչպես նաև հանրային քննարկում: Քննարկումներից հետո կամփոփենք և նախագիծն արդեն կներկայացնենք կառավարությանը»:

Նախարարի պնդմամբ՝ օրենքը պարունակում է լուրջ հիմնադրույթներ, որոնցով սահմանվում կամ լիովին վերանայվում են բարձրագույն կրթության ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ. «Կենտրոնում ուսանողն է, ով իր կրթությունը կստանա ազատ շրջագայության միջոցով: Բակալավրիատում 250 միավոր հավաքելու համար ուսանողին տրվում է ընտրություն՝ այն հավաքելու կա՛մ երկարաժամկետ, կա՛մ կարճաժամկետ հատվածում»:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանն ուսանողներին ներկայացրեց նոր օրենքի նախագծի հիմնական դրույթները:

Ըստ նոր օրենքի՝ ներդրվելու են ուսումնական գործընթացի կազմակերպման նոր սկզբունքներ և պայմաններ, որոնցից են, օրինակ, կրթության եռաստիճան համակարգը, բարձրագույն կրթության կարճ շրջափուլը՝ նախաբակալավրի որակավորումը, մասնագիտության դոկտորի աստիճանը (գիտությունների թեկնածու՝ PhD) և այլն:

Ներդրվելու են բուհերի ֆինանսավորման սկզբունքներ և պայմաններ, դրանց ինստիտուցիոնալ ինքնավարության ու հաշվետվողականության պատշաճ հավասարակշռության ապահովման ընդունված պահանջներ և մեխանիզմներ:

Նոր օրենքով հստակեցվելու են նաև բուհերի ուսանողական մարմինների դերը և բուհի կողմից տրամադրվող ֆինանսավորման ֆիքսված չափը:

Հանդիպման ընթացքում ուսանողները տվեցին իրենց հուզող հարցերը և հանդես եկան առաջարկներով:

Մասնավորապես ԵՊՀ ՈՒԽ նախագահ Արմեն Խաչիկյանն առաջարկեց «Օրենքի նախագծի հասկացություններ» բաժնում ներառել ու սահմանել նաև «ուսանողական խորհուրդ» և «ուսանողական ինքնակառավարում» հասկացությունները: Արմեն Խաչիկյանն անդրադարձավ նաև բուհի կառավարման մարմիններում ուսանողների ներգրավվածությանը. «Հասկանալի չէ, թե ինչով է պայմանավորված փոփոխությունը, և, ըստ էության, մենք պետք է հիմնվենք ուսանողակենտրոն մոտեցման վրա: Կարծում եմ՝ պետք է պահպանել 25% ներգրավվածությունը»:

Նախարարը պատասխանեց, որ փորձ է արվել հավասարակշռելու բուհի կառավարման մարմինները. «Երբ դիտարկում ենք արտասահմանյան բուհերի փորձը, ապա տեսնում ենք, որ այնտեղ խորհուրդները շատ փոքր են և շատ գործնական: Այդպիսի օրինակ ունենք նաև Հայաստանում՝ Ամերիկյան համալսարանը»:

Նախարարն ուսանողներին հորդորեց գրավոր ներկայացնել առաջարկները և խոստացավ, որ դրանց անպայման կտրվեն պատասխաններ:

Հ.Գ.: «Երևանի համալսարան» թերթն առաջիկայում կանդրադառնա «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նոր նախագծին՝ ներկայացնելով համալսարանականների տեսակետներն ու կարծիքները: Մինչ այդ ստորև ներկայացնում ենք նախագծի որոշ դրույթներ:

  • Բարձրագույն կրթությունը իրականացվում է իրար հաջորդող երեք աստիճաններում՝ հիմնական աստիճաններով աստիճանաշնորհող և աստիճան չշնորհող լրացուցիչ կրթական ծրագրերով՝
  1. կարճ շրջափուլ՝ նախնական բակալավրի աստիճանով ուսուցում, որի արդյունքում ուսանողը ձեռք է բերում մասնագիտական և գործնական գիտելիքներ, հմտություններ և կարողունակություն՝ աշխատելու և ուսումը շարունակելու համար:
    Կարճ շրջափուլով ուսուցումն ավարտած անձին շնորհվում է նախաբակալավրի որակավորման աստիճան:
  2. առաջին՝ բակալավրի աստիճանով ուսուցում, որի արդյունքում ուսանողը ձեռք է բերում տվյալ բնագավառի համակողմանի և համակարգված գիտելիք, հմտություններ և կարողունակություն՝ աշխատելու և (կամ) մագիստրատուրայում ուսումը շարունակելու համար:
  3. երկրորդ՝ մագիստրոսի աստիճանով ուսուցում, որի արդյունքում ուսանողը ձեռք է բերում տվյալ բնագավառի խոր մասնագիտական գիտելիք, հմտություններ և կարողունակություն՝ աշխատելու և (կամ) ասպիրանտուրայում ուսումը շարունակելու, ինչպես նաև հետազոտական գործունեություն իրականացնելու համար:
  4. երրորդ՝ ասպիրանտական ուսուցում, որի արդյունքում ուսանողը ձեռք է բերում խոր և համալիր գիտելիք, հմտություններ և կարողունակություն՝ մեկ կամ մի քանի փոխհատվող ոլորտներում հետազոտական և մասնագիտական գործունեություն իրականացնելու և նոր գիտելիք ստեղծելու համար:
  • Բակալավրի կրթական աստիճանով կրթական ծրագրերի բեռնվածությունը պետք է կազմի ոչ պակաս 180 և ոչ ավելին, քան 240 կրեդիտը: Բակալավրի որակավորման աստիճան ստանալու համար ուսուցման տևողությունը պետք է կազմի առնվազն 3 տարի:
  • Նախնական բակալավրի կրթական աստիճանով կրթական ծրագրերի բեռնվածությունը պետք է կազմի ոչ պակաս 120 և ոչ ավելին, քան 150 կրեդիտը: Նախնական բակալավրի որակավորման աստիճան ստանալու համար ուսուցման տևողությունը պետք է կազմի առնվազն 2 տարի, բայց ոչ ավելին, քան 2,5 տարին:
  • Մագիստրոսի կրթական աստիճանով կրթական ծրագրերի բեռնվածությունը պետք է կազմի ոչ պակաս 60 և ոչ ավելին, քան 120 կրեդիտը: Մագիստրոսի որակավորման աստիճան ստանալու համար ուսուցման տևողությունը պետք է կազմի առնվազն 1 տարի:
  • Ասպիրանտի կրթական աստիճանով կրթական ծրագրերի բեռնվածությունը պետք է կազմի 180 կրեդիտ: Մասնագիտության դոկտորի որակավորման աստիճան ստանալու համար ուսուցման տևողությունը պետք է կազմի առնվազն 3 տարի:
  • Քաղաքական, կուսակցական, հասարակական, կրոնական կազմակերպությունները և միավորումները բարձրագույն կրթության համակարգում չեն գործում՝ բացառությամբ արհեստակցական, մասնագիտական, մշակութային, մարզական, ուսանողական և շրջանավարտների կազմակերպություններից ու միություններից:
  • Բուհում կառավարման խորհուրդը ձևավորվում է բուհի դասախոսական կազմից՝ 30 տոկոս, ուսանողության ներկայացուցիչներից՝ 10 տոկոս, բուհի հետ համագործակցող գործատուներից՝ 30 տոկոս, ինչպես նաև հիմնադրից և պետական կառավարման լիազորված մարմնի կողմից առաջադրված անձանցից՝ 30 տոկոս, համամասնությամբ:
  • Ֆակուլտետի ղեկավարումն իրականացվում է դեկանի կողմից, ով պետք է ունենա ֆակուլտետի ուղղվածությանը համապատասխան գիտական աստիճան կամ կոչում, և իրավունք ունի այդ պաշտոնը զբաղեցնելու 5 տարի ժամկետով՝ ոչ ավելի, քան երկու ժամկետ անընդմեջ:
  • Բուհում գիտամանկավարժական կազմի բոլոր թափուր պաշտոնների տեղակալումը իրականացվում է ըստ աշխատանքային պայմանագրի, որը կնքվում է մինչև 5 տարի ժամկետով: 70 տարին լրացած անձը բուհում դասախոսական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար անցկացվող մրցութային ընտրությանը չի մասնակցում:

Քնար Միսակյան