17.01.2018
«ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԻՋՈՑ Է…»
«Երևանի համալսարան» թերթի 2018 թվականի առաջին համարի «Գրքասեր» խորագրի հյուրն է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի Հր. Թամրազյանի անվան հայ գրականության ամբիոնի ասիստենտ Արշալույս Գալստյանը:

- Ձեր սիրելի գրողը…

- Շատ եմ սիրում Վիլյամ Սարոյան, ինչպես նաև Թովմաս Վուլֆ: Վերջին շրջանում վերընթերցում էի հենց նրանց ստեղծագործությունները: Այս անգամ, գուցե տարիքի հետ պայմանավորված, հետաքրքիր հարցադրումներ նկատեցի, որոնք առավել հոգեհարազատ էին ինձ: Որքան էլ զարմանալի է, նրանց ստեղծագործություններում մարդկային հոգեբանությունը շատ ավելի լավ է բացահայտվում և ներկայացվում, քան այլ հեղինակների դեպքում:

Եթե նայենք Վիլյամ Սարոյանի պատմվածքներից ցանկացածը, ապա կզգանք հայկական ոգին և շունչը, սակայն իրականությունն այլ է: Եվ գուցե հենց դրանով է առանձնանում ինձ համար: Կարդացե՛ք Սարոյանի ցանկացած պատմվածք և կտեսնեք՝ խոսում է հայը, բայց խոսում է Հայաստանից հեռու՝ բոլորովին այլ միջավայրում: Արժեքավոր է ստեղծագործության համամարդկային բնույթը, բայց դու՝ որպես հայ ընթերցող, այնտեղ հայկական ոգին ես տեսնում, ինչը չես կարող չարժևորել:

- Ի՞նչն եք կարևորում գրական ստեղծագործություններում:


- Կարևորում եմ այն գաղափարը, որն ընթերցողին տանում է իր հետևից, մտածելու, խորհելու, որոշակի վերլուծություն անելու և ինքնուրույն դիրքորոշում ձևավորելու հնարավորություն է տալիս:

- Ձեր սիրելի գրական հերոսը…

- Դպրոցական տարիներին, երբ կարդում էի Ալեքսանդր Դյումա կամ հայ գրականության գործերից, ինձ համար առաջնորդող հերոսներ շատ կային: Սակայն հիմա ակամա մասնագետի հայացքով եմ դրանց նայում և որոշակի թերություններ եմ նկատում: Այդ պատճառով առանձին հերոսի չեմ առանձնացնի: Իմ պատկերացմամբ՝ սիրելի գրական հերոսը յուրաքանչյուրի համար տարբեր տարիքում կարող է փոխվել: Պատճառը թերևս այն է, որ գիրք ընթերցելիս հերոսի մեջ որոշակիորեն տեսնում ես քեզ, իսկ դու այդ պահին ձևավորվում, զարգանում և այն ընկալում ես արդեն տարիքիդ համապատասխան:

- Կա՞ մի գրական հերոս, որում գտել եք Ձեր կերպարը:

- Եթե նույնիսկ նման բան է լինում, դու խուսափում ես դա խոստովանելուց: Եթե դու կարդում ես կլանված, կարդում ես և քեզ հոգեհարազատ շատ բաներ ես գտնում, նշանակում է, որ ինչ-որ մի կերպարի մեջ քեզ տեսնում ես, բայց խոստովանել, որ դու հենց նրա մեջ ես, ապրում ես նրանով, կարծում եմ՝ մարդն անգամ ինքն իրեն չի խոստովանի դա:

- Ի՞նչ են փոխել գրքերը Ձեր կյանքում:

- Ինձ գրքերը շատ են օգնել, որպեսզի հասկանամ և ճանաչեմ աշխարհը: Օրինակ՝ Ֆեոդոր Դոստոևսկու ստեղծագործությունները: Դրանք օգնում են, որ ճանաչես մարդուն: Հայ գրականության մեջ էլ պետք է առանձնացնեմ. կարդում ես Զոհրապ և տեսնում, թե ինչպես է նա ճանաչել տալիս մարդուն, մարդու հատկանիշները՝ լավը, բարին, ազնվությունը: Գրականությունը մարդուն ավելի լավ ճանաչելու միջոց է, որովհետև այն, ինչ երբեմն մարդիկ թաքցնում են, այն, ինչ նրանք չեն ուզում ասել բարձրաձայն, գրական ստեղծագործության մեջ շատ լավ բացահայտվում է, որովհետև ճշմարիտ գրողը կարող է նաև հակադրության մեջ դնել մարդուն և նրա ներքին ես-ը: Մենք ունենք այդպիսի բազմաթիվ օրինակներ:

- Համամի՞տ եք այն կարծիքի հետ, որ վատ գրքեր չկան:

- Ընդհանուր առմամբ՝ այո՛, համամիտ եմ: Սակայն գուցեև կան գրքեր, որոնք ոչ բոլորին են հասու, իսկ եթե դու հասու չես լինում այդ գաղափարներին, ապա այդ գիրքը դառնում է ավելորդ: Օրինակ՝ եթե ես չեմ հասկանում աշխարհահռչակ նկարչի կտավները, դա բնավ էլ չի նշանակում, որ նա աշխարհահռչակ չէ: Դա նաև չի նշանակում, որ նա պետք է փոխի իր ոճը և սկսի նկարել այնպես, որ ես էլ հասկանամ, կամ բոլորը հասկանան: Մեծ հաշվով հիմա շատ բան է տպվում, տպվում է գրեթե ամեն ինչ: Այդ իսկ պատճառով վախենում եմ ասել, որ վատ գիրք չկա: Երբեմն, ցավոք, պատահում է:

- Ո՞ր գրքերն եք հատկապես առանձնացնում Ձեր գրադարակում կամ գրասեղանին:

- Շատ լավ եմ հիշում, որ առաջին կրթաթոշակովս գնեցի Ջովաննի Բոկաչչոյի «Դեկամերոն»-ը, որը մինչ այսօր իմ գրադարանում է: Այդպես մինչ համալսարանն ավարտելս գնում էի գրքեր: Հետո արդեն կամաց-կամաց մեծացրի գրադարանս: Ունեմ արտասահմանյան առանձնացրած գրականություն: Շատ ունեմ մասնագիտական գրքեր: Նախընտրելի գրքերս էլ իմ գրասեղանին են: Օրինակ՝ Գարեգին Նժդեհի գրքերը, որոնք ես կարդում եմ ոչ թե նրա համար, որ Նժդեհը եղել է մեծ սպարապետ, այլ պարզապես այնտեղ կան գաղափարներ, որ մշտապես ուզում ես վերընթերցել: Նույնը վերաբերում է նաև Պարույր Սևակի բանաստեղծություններին: Գրասեղանիս առանձնահատուկ տեղ ունեն նաև Թումանյանի ստեղծագործությունները:

- Ո՞ր գրքի սյուժեում կցանկանայիք հայտնվել:

- Տարիներ առաջ շատ էի ուզում լինել Վախթանգ Անանյանի «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» վեպերի հերոսը: Սակայն հիմա որևէ գրքի սյուժեի մեջ լինելը կնշանակի փախչել այս իրականությունից, իսկ ես այդպիսի բան չեմ ուզում: Երբ գիրքն ընթերցում ես, դու հանգիստ ես, ազատ, դու այդ աշխարհում ես, իսկ երբ ծալում ես այն, արդեն վախենում ես այդ գաղափարներով հետ գալ այս իրականություն: Գրքի սյուժեում մնալն ավելի ռոմանտիկ է և հեքիաթային:

- Ձեր կարդացած գրքերից նշե՛ք որևէ արտահայտություն, որն առանձնակի տպավորել է Ձեզ:

- Վիլյամ Շեքսպիրի «…նա մարդ էր, Հորացիո՛, մարդ…» տողերը: Կառանձնացնեի նաև Թովմաս Վուլֆի ստեղծագործության վերնագիրը՝ «Նայի՛ր տանը քո, հրեշտա՛կ»: Հարմար առիթի դեպքում սիրում եմ դրանք կրկնել:

- Ինչպիսի՞ն կլինի աշխարհն առանց գրքերի:


- Չեմ պատկերացնում: Երբևէ չի կարող այդպիսի բան լինել, քանի որ գիրքն ինքնին աշխարհ է: Էլեկտրոնային լրատվամիջոցները, քաղաքակրթության զարգացումը, միևնույնն է, չեն կարող փոխարինել գրքին: Գիրքն ինքը կենդանի օրգանիզմ է, որի հետ դու պետք է կենդանի շփվես, տեղափոխվես այլ իրականություն: Առանց գրքերի, ըստ իս, շատ ձանձրալի կլիներ: Ես միշտ իմ ուսանողներին խորհուրդ եմ տալիս, որ հենց հոգնեն հեռուստացույցից, իրականությունից, հոգսերից և ցանկանան մի պահ վերանալ այդ ամենից, գիրք կարդան:

Երբ հեռուստացույց ես դիտում կամ թերթում ես օրվա լուրերը, առաջանում են իրարամերժ տարբեր զգացումներ՝ զայրանում ես, պոռթկում ես, հուսահատվում ես: Ընթերցանության դեպքում սկսում ես մտածել, ապրում ես հերոսների հետ: Գրքերի հերոսներն այլ աշխարհում են, որում և դու ես հայտնվում:

- Վերջաբանի փոխարեն…

- Կցանկանայի, որ գրողների պատկերած դրական հերոսները շատ լինեն մեր կյանքում: Շատ լինեն այն հերոսները, որոնք կկարողանային կյանքում դրական բարեփոխումներ անել: Եվ վերջապես շատ լինեն այն գրական հերոսները, որոնք մեր երեխաներին, պատանիներին, երիտասարդներին կտային ավելի շատ երազելու և մտածելու հնարավորություն:


Միլենա Մկրտչյան