ԱՐԱՄ ՂԱՆԱԼԱՆՅԱՆ
Բանագետ,
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1909թ. փետրվարի 12-ին Ախալցխայում: 1931թ. ավարտել է ԵՊՀ պատմագրական ֆակուլտետը: 1931-1933թթ. դասավանդել է Երևանի հանրակրթական դպրոցներում: 1937-1941թթ. դասախոսել է ԵՊՀ-ում և 1934-1951թթ.՝ Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում:

1932-1938թթ. Ա.Ղանալանյանը եղել է ՀԽՍՀ մշակույթի պատմության, ինչպես նաև պատմության և գրականության ինստիտուտների կրտսեր գիտաշխատող, 1938-1939թթ.՝ ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի լեզվի և գրականության ինստիտուտի բաժնի վարիչ, 1941-1943թթ.՝ ավագ գիտաշխատող, 1943-1960թթ.` ՀԽՍՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ժողովրդական բանահյուսության բաժնի վարիչ, 1960-1983թթ.՝ ավագ գիտաշխատող:

1965թ. Ա.Ղանալանյանն ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ: 1970թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն:

1977թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս:

Ա.Ղանալանյանի գիտական աշխատանքներից առավել ուշագրավ են «Հայ շինականի աշխատանքի երգերը», «Սասունցի Դավիթ» (Եր., 1939), «Հայ ժողովրդական հեքիաթներ» (Եր., 1950), «Հայկական առածանի» (Եր., 1951, 1960), «Ավանդապատում» (Եր., 1969) գործերը: Նա գրառել և հրատարակել է «Սասնա ծռեր»-ի երկու պատում: ՀԽՍՀ կառավարական հանձնաժողովի առաջարկով՝ Մ.Աբեղյանի և Գ.Աբովի հետ համատեղ, մասնակցել է հայ ժողովրդական էպոսի համահավաք բնագրի կազմմանը: Զբաղվել է նաև հայ բանահյուսության ու գրականության փոխառնչությունների ուսումնասիրությամբ (տե՛ս օրինակ` «Պռոշյանը և ժողովրդական բանահյուսությունը» (Եր., 1938), «Աբովյանը և ժողովրդական բանահյուսությունը» (Եր., 1941), «Սայաթ-Նովայի ստեղծագործության ժողովրդական ակունքները» (Եր., 1963), «Թումանյանը և ժողովրդական բանահյուսությունը», «Հայ ժողովրդական բանահյուսություն» (4 պրակով, Եր., 1945) և այլն):

1967թ. Ա.Ղանալանյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով:

Վախճանվել է 1983թ. հունիսի 9-ին Երևանում:
ԱՐԱՄ ՂԱՆԱԼԱՆՅԱՆ
1909-1983