ԲԱԲԿԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1912թ. փետրվարի 1-ին Հոկտեմբերյանի շրջաևի Մրգաշատ գյուղում: 1933-1938թթ. սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում, 1938-1941թթ.` պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում: 1941թ. պաշտպանել է թեկնածուական
ատենախոսություն: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: 1954թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն:

1957թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

1946-1949թթ. Բ.Առաքելյանը եղել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1949-1959թթ.` բաժնի վարիչ, 1959-1990թթ. հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, այնուհետև`պատվավոր տնօրեն:

1949-ից նա գլխավորել է Գառնիի, 1962-ից՝ Արմավիրի, իսկ 1970-ից` Արտաշատի հնագիտական պեղումները:

1968-1990թթ. Բ.Առաքելյանը համատեղությամբ դասախոսել է ԵՊՀ-ում, աճեցրել բազմաթիվ կադրեր: 1968թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1974թ.՝ ակադեմիկոս: 1983-1990թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ պատմության և տնտեսագիտության բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար:

Հեղինակ է շուրջ 100 գիտական հոդվածների և գրքերի: Կարևոր աշխատություններն են «Հայկական բարձրաքանդակները IV-VII դդ.» (Եր., 1949), «Գառնի I» (ռուս., Եր., 1951), «Գառնի II» ( ռո ւս., Եր., 1957), «Գառնի III» (Եր., 1962), «Քաղաքները և արհեստները Հայաստանում IX-XIII դդ. », հ.1 (Եր., 1958), հ.11 (Եր., 1964), «Ակնարկներ հին Հայաստանի արվեստի պատմութան» (Եր., 1976) մենագրությունները:

Բ .Առաքելյանի ջանքերով ՀԽՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը հրատարակել է մատենաշարեր. «Հնագիտական պեղումները Հայաստանում» (22 պրակ), «Հայաստանի հնագիտական հուշարձաններ» (14 պրակ), «Դիվան հայ վիմագրության» (6 պրակ), «Հայ ազգագրություն և բանահյուսություն» (18 հատոր), «Հայ ժողովրդական հեքիաթներ» (13 հատոր) և այլն: Բ.Առաքելյանը` որպես հեղինակ և խմբագիր, գործուն մասնակցություն է ունեցել «Հայ ժողովրդի պատմություն» 8-հատորյակի II և III հատորների ստեղծմանը:

Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 9 ատենախոսություն :

Բազմիցս զեկուցումներով հանդես է եկել միջազգային գիտաժողովներում (Մոսկվա, Փարիզ, Լիսաբոն, Լոնդոն, Հռոմ, Կահիրե և այլն):

1965թ. Բ.Առաքելյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման, 1978թ. և 1986թ.՝ ՀԽՍՀ Պետական մրցանակի: Պարգևատրվել է «Կարմիր դրոշ», Հայրենական մեծ պատերազմի II աստիճանի, «Կարմիր աստղ», Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով և բազմաթիվ մեդալներով:

Վախճանվել է 2004թ. օգոստոսի 16-ին Երևանում:
ԲԱԲԿԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ
1912-2004