ԲԱԲԿԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ծնվել է 1936 թ. հուլիսի 23-ին Ղափանում, զինվորական բժշկի ընտանիքում: 1953 թ. ավարտել է Երևանի N36 միջնակարգ դպրոցը, 1958 թ.՝ ԵՊՀ-ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը: 1958 - 1961 թթ. եղել է ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ասպիրանտ: 1961 - 2018 թթ. փոքր ընդմիջումով, աշխատել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի տեսական ֆիզիկայի ամբիոնում: 1969 - 1972 թթ. եղել է Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ:

1965 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Անհամասեռ միջավայրերում լիցքավորված մասնիկների ճառագայթման որոշ հարցեր» թեմայով, 1972 թ. ստացել է դոցենտի կոչում: Դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է 2004 թ.՝ «Լիցքերի ճառագայթումը օպտիկակական անհամասեռությունների և պարբերական կառուցվածքների վրա» թեմայով, 2010 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

Բաբկեն Խաչատրյանը հեղինակ էր 50-ից ավելի գիտական աշխատանքների, համահեղինակ «Ֆիզիկայի խնդիրներ Բուհ ընդունվողների համար» (Երևան 1966 թ.), «Տեսական ֆիզիկայի խնդիրների ժողովածու» (Երևան 1981 թ.) գրքերի:

Պրոֆեսոր Բ.Վ. Խաչատրյանը հմուտ մանկավարժ էր, բազմաթիվ սերունդներ կրթած, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի հայտնի դասախոսներից մեկը, ում ուսանողները մեծ հարգանքով և վստահությամբ էին վերաբերում:

Բաբկեն Վաղարշակի Խաչատրյանը վախճանվել է 2018 թ. հուլիսի 12-ին:
ԲԱԲԿԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ