ԲԱՐԴՈւՂԻՄԵՈՍ ՖԱՆԱՐՋՅԱՆ
Ռենտգենաբան,
բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ


Ծնվել է 1898թ. հունվարի 9-ին Ախալց խայում: Նախնական կրթությունն ստացել է Աբասթումանում: 1917թ. ավարտել է Թիֆլիսի առևտրական ուսումնարանը: 1923թ. ընդունվել է Թիֆլիսի բժշկական համալսարան, այնուհետև 4-րդ կուրսից տեղափոխվել ադրբեջանական համալսարանի բժշկական ֆակուլտետ, որն ավարտել է 1924թ.:

1936թ. Խարկովում Բ.Ֆանարջյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, նույն թվականին նրան շնորհվելէ պրոֆեսորի կոչում:

1945թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1956թ.՝ ակադեմիկոս, 1960թ.՝ ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ:

1925-ից աշխատել է Թիֆլիսի նախկին գերմանական հիվանդանոցի ռենտգենյան բաժանմունքում: 1925թ. ՀԽՍՀ ժողկոմխորհի կողմից մեկ տարով գործուղվել է Գերմանիա ռենտգենաբանության մեջ կատարելագործվելու: 1926թ. Բեռլինից վերադառնալուց հետո աշխատել է Երևանում:

1927-ից որպես դասախոս աշխատել է ԵՊՀ բժշկական ֆակուլտետում, իսկ 1936-ից ղեկավարել ռենտգենաբանության ամբիոնը: 1941թ. նշանակվել է Մոսկվայի բժիշկների կատարելագործման ինստիտուտի ռենտգենաբանության ամբիոնի վարիչ: Հայրենական պատերազմի առաջին ամիսներին ինստիտուտի էվակուացման պատճառով տեղափոխվել է Երևան, աշխատել որպես Երևանի բժշկական իսնտիտուտի տնօրենի տեղակալ և ամբիոնի վարիչ:

1946-ից մինչև կյանք ի վերջը Բ.Ֆանարջյանը եղել է իր նախաձեռնությամբ Երևանում կազմակերպված ռենտգենաբանության և ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն և գիտական ղեկավար, 1956-1959թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ կենսաբանական, իսկ 1960-1963թթ. բժշկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար:

Բ.Ֆանարջյանը Ռենտգենաբանների, ճառագայթաբանների և ուռուցքաբանների հանրապետական ընկերության նախագահն էր, Ռենտգենաբանների և ճառագայթաբանների համամիութենական ընկերության պատվավոր անդամ:

Հեդինակ է շուրջ 120 գիտական աշխատությունների, այդ թվում՝ «Рентгенодиагностика» (М., 1952), «Կրծքավանդակի օրգանների հիվանդությունների ռենտգենոդիագնոստիկա» (Եր., 1956) և այլ մենագրությունների :

Բ.Ֆանարջյանը պարգևատրվել է Լենինի շքանշանով և մի շարք մեդալներով:

Վախճանվել է 1976թ. ապրիլի 3-ին Երևանում:
ԲԱՐԴՈւՂԻՄԵՈՍ ՖԱՆԱՐՋՅԱՆ
1898-1976