ԲՈՐԻՍ ՊԻՈՏՐՈՎՍԿԻ
Հնագետ-արևելագետ,
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ԽՍՀՄ ԳԱ և ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս,
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ


Ծնվել է 1908թ. փետրվարի 1-ին Սանկտ Պետերբուրգում: 1930թ. ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը: 1931թ.աշխատանքի է անցել պետական էրմիտաժում և ԽՍՀՄ ԳԱ Լենինգրադի բաժանմունքի հնագիտության ինստիտուտում: 1938թ. պաշտպանել է թեկնածուական, 1944թ.` դոկտորական ատենախոսություն: 1946թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1964-ից մինչև կյանքի վերջը Բ.Պիոտրովսկին եղել է Էրմիտաժի տնօրեն, 1966-1990թթ.` Լենինգրադի պետական համալսարանի Հին Արևելքի պատմության ամբիոնի վարիչ:

1968թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ, 1970թ.` ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս:

1980-1982թթ. եղել է ԽՍՀՄ ԳԱ պատմության բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար:

1968-1984թթ. ամեն տարի հրավիրվել է ԵՊՀ` կարդալու մասնագիտական դասընթացներ:

1930թ. Բ.Պիոտրովսկին գործուղվել է Հայաստան, զբաղվել կիկլոպյան ամրոցների ուսումնասիրությամբ, պեղել Ծովինարի ամրոցը: 1936թ. մասնակցել է Ամբերդի պեղումներին: 1939-ից շուրջ 30 տարի ղեկավարել է Կարմիր բլուրի պեղումները, հրատարակել պեղումների գիտական հաշվետվությունները: Նրա գրչին են պատկանում «Ուրարտու» (ռուս., Եր., 1944), «Վանի թագավորությունը» (ռուս., Մ., 1959), «Ուրարտուի արվեստը» (ռուս., Լ., 1962), «Կարմիր բլուր» (երեք գրքով, ռուս., Եր., 1950, 1952, 1955), «Անդրկովկասի հնագիտությունը» (ռուս., Լ., 1949) և շուրջ 200 գիտական հոդվածներ` նվիրված Հին Արևելքի պատմության ու մշակույթի տարբեր հարցերի:

Բ.Պիոտրովսկին Բրիտանական, Բավարական, Ֆրանսիական ակադեմիաների պատվավոր անդամ էր:

1964թ. արժանացել է ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործչի, 1983թ.՝ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումների, 1946թ.` ԽՍՀՄ Պետական մրցանակի: Պարգևատրվել է Լենինի (3), Աշխատանքային կարմիր դրոշի (3) շքանշաններով, մի շարք մեդալներով:

Վախճանվել է 1990թ. մարտի 14-ին Լենինգրադում:
ԲՈՐԻՍ ՊԻՈՏՐՈՎՍԿԻ
1908-1990