ԴԱՎԻԹ ՍԵԴՐԱԿՅԱՆ
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր, գերխիտ աստղերի ֆիզիկայի բնագավառում համաշխարհային ճանաչում ստացած վաստակաշատ գիտնական, ավելի քան 55 տարի գիտամանկավարժական գործունեություն ծավալած Դավիթ Մհերի Սեդրակյանը ծնվել է 1938թ. դեկտեմբերի 9-ին Երևանում: 1955թ. ոսկե մեդալով ավարտելով Երևանի Մ. Գորկու անվան միջնակարգ դպրոցը՝ Դ. Սեդրակյանն ընդունվել է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի «Ֆիզիկա» բաժինը, 1961թ. գերազանցությամբ ավարտել է համալսարանը։ 1962թ. Դ․ Սեդրակյանը ընդունվել է ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի Պ.Ն. Լեբեդևի անվ. Ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան, պրոֆեսոր Վ․Լ․ Գինզբուրգի ղեկավարած գիտական խմբում, որտեղ աշխատել է պրոֆեսոր Բ․Մ․ Բոլոտովսկու անմիջական ղեկավարության ներքո: Ավարտելով ասպիրանտուրան Դ. Սեդրակյանը 1964թ. պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Լիցքավորված մասնիկի դիֆրակցիոն ճառագայթումը» թեմայով, այնուհետև վերադարձել է Երևան և սկսել իր աշխատանքային գործունեությունը դոցենտի պաշտոնում՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի տեսական ֆիզիկայի ամբիոնում: 1972թ. նա հաջողությամբ պաշտպանել է դոկտորական թեզ՝ «Պտտվող երկնային մարմինների տեսություն» թեմայով, 1975թ. արժանացել է պրոֆեսորի կոչման: 1977-1986թթ. ղեկավարել է ԵՊՀ ընդհանուր ֆիզիկայի ամբիոնը, միաժամանակ շարունակելով ակտիվ գիտական գործունեությունը: 1982թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1990թ.՝ ակադեմիկոս, 1986-1994թթ. աշխատէլ ՀԽՍՀ ԳԱ Նախագահությունում՝ ակադեմիկոս-քարտուղարի, ապա փոխնախագահի պաշտոններում: 1994թ.-ից Սեդրակյանը ԵՊՀ-ում ղեկավարել է Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնը:

Դ. Սեդրակյանի գիտական հաջողությունները նշանակալից են, հատկապես տեսական աստղաֆիզիկայի ոլորտում: Դրանք ներառում են գերխիտ երկնային մարմինների պտույտի խնդիրը, պտտվող նեյտրոնային աստղերում մագնիսական դաշտի առաջացումը, բաբախիչների ռադիոճառագայթման մեխանիզմները, ինտենսիվ գրավիտացիոն ալիքների ճառագայթման աղբյուրների գոյության հնարավորությունները: Ընդհանուր հարաբերականության տեսության շրջանակներում պտույտի խնդրի նրա ստացած լուծումը գիտական մեծ արժեք ուներ, այն առաջարկում էր պտտվող կոնֆիգուրացիաների պարամետրերի հաշվման նոր մեթոդ: Այն հաստատեց անգլիացի գիտնականներ, բաբախիչները հայտնաբերած Բելի և Հյուիշի առաջադրած գիտական վարկածը, ըստ որի բաբախիչները պտտվող նեյտրոնային աստղեր են: Հիշյալ մեթոդը հետագայում հիմք դարձավ պտտվող երկնային մարմինների նոր մոդելների հաշվման համար: Դիտարկելով նեյտրոնային և պրոտոնային գերհոսելի կոնդենսատների փոխազդեցությունը, Դ. Սեդրակյանը հայտնաբերեց նոր ֆիզիկական երևույթ՝ ներկայումս հայտնի «տարման երևույթ» անունով: Վերջինիս շնորհիվ բաբախիչներում գերհոսելի նեյտրոնների քվանտային թելերը ստեղծում են պրոտոնային թելեր, որոնք գեներացնում են դիտվող հզոր մագնիսական դաշտերը: Դ. Սեդրակյանի առաջարկած բաբախիչների ռադիոճառագայթման մեխանիզմը սկզբունքորեն տարբերվում է մինչ այդ եղած առաջարկներից: Ըստ նրա՝ ճառագայթումը կազմավորվում է աստղի միջուկի և կեղևի սահմանին և դուրս է գալիս մագնիսաձայնային և ալֆվենյան ալիքների միջոցով:

Դ. Սեդրակյանի աշխատանքների մյուս ցիկլը վերաբերում է բաբախիչների պտտական շարժման դիտվող դանդաղեցմանը, որն ուղեկցվում է անկյունային արագության «ցատկերով»: Ելնելով իր այն վարկածից, թե վերը նշված նեյտրոնային թելերի ցանցը աստղի պտույտի դանդաղեցմանը զուգընթաց աստիճանաբար նոսրանում է, Դ. Սեդրակյանն իր աշակերտների հետ առաջարկում է բաբախիչների պտտական շարժման արգելակման երեք մեխանիզմ և ապացուցում, որ դանդաղեցման ժամանակ, մակերևույթի ջերմաստիճանի աճի շնորհիվ աստղը դառնում է ռենտգենյան ճառագայթման աղբյուր: Ստացված օրինաչափությունները համահունչ են տիեզերքից եկող ռենտգենյան ճառագայթմանը վերաբերող դիտողական օրինաչափություններին:

Սկսած 1994թ. Դ. Սեդրակյանը՝ նեյտրոնային աստղերի տեսական հետազոտություններին զուգահեռ, իր գործընկերների հետ կատարել է գիտական ուսումնասիրություններ՝ ուղղված էլեկտրոնների կողմից պոտենցիալային արգելքների անցման և անդրադարձման գործակիցների հաշվումներին, էլեկտրոնների հնարավոր տեղայնացման (լոկալիզացման) խնդիրներին։

Բեղմնավոր էր նաև Դ. Սեդրակյանի ուսումնամանկավարժական գործունեությունը․ մոտ 30 տարի ամբիոնի ղեկավար լիելու ընթացքում պաշտպանվել են 12 դոկտորական և 11 թեկնածուական ատենախոսություններ, դրանցից 4 դոկտորականը և 10 թեկնածուականը պաշտպանվել են նրա անմիջական ղեկավարությամբ: Մոտ 300-ի հասնող գիտական հոդվածները ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանին բերել են միջազգային լայն ճանաչում: Նա բազմիցս հրավիրված ելույթներով հանդես է եկել տարբեր երկրներում կազմակերպված միջազգային գիտաժողովներում: Նրա հետ համագործակցել են առաջատար գիտնականներ աշխարհի խոշոր գիտական կենտրոններից, ինչպիսիք են Կոռնելի և Ռոստոկի համալսարանները, Լոզանի և Փարիզի աստղաֆիզիկական կենտրոնները, Մոսկվայի Լեբեդևի անվ. ֆիզիկայի ինստիտուտը և այլն: Դ. Սեդրակյանը եղել է մի շարք միջազգային գիտաժողովների և թեմատիկ սեմինարների ակտիվ կազմակերպիչներից։ Երկար տարիներ հանդիսացել է «ԳԱ Զեկույցներ» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալը, ապա ՀՀ ԳԱԱ «Աստղաֆիզիկա» ամսագրի գլխավոր խմբագիրը, ամսագիր, որը հայկական եզակի պարբերականներից է, որն ինդեքսավորվում է Web of Science միջազգային գիտատեղեկատվական շտեմարանի կողմից: Նա շարունակաբար կազմում և հրատարակում էր «Superdense QCD Matter and Compact Stars» միջազգային հանդեսը, Վ. Համբարձումյանին նվիրված «Ambartsumian’s Legacy and Active Universe» գրքի համախմբագիրն էր:

Գիտության մեջ ակադեմիկոսի վաստակը բարձր է գնահատվել բոլոր ժամանակներում. 1970թ. նա դարձել է ՀԽՍՀ Լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր գիտության և տեխնիկայի բնագավառում, 1999 թ. պարգևատրվել է Անանիա Շիրակացու անվան մեդալով։ 2013 թվականին Դավիթ Մհերի Սեդրակյանին շնորհվել է ՀՀ գիտության կոմիտեի ոսկե մեդալ՝ երկարամյա գիտական գործունեության, գիտական կադրերի պատրաստման գործում ունեցած նշանակալի ներդրման, ինչպես նաև գիտության զարգացման գործում մեծ ավանդի ու ձեռքբերումների համար: Իսկ 2019-ին մեծ գիտնականը պարգևատրվել է ՀՀ պետական բարձր պարգևով՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Լինելով գործուն խառնվածքի տեր, նա քաղաքացիական մտահոգությամբ էր արձագանքում հասարակական կյանքի խնդիրներին: Նա լայն ճանաչում ստացած գիտնական լինելուց զատ ակտիվ, օբյեկտիվ օրինաչափությունների հենքի վրա զարգացման ճանապարհներ փնտրող անհատ էր:

Դ․ Մ․ Սեդրակյանը վախճանվել է 2019թ․ դեկտեմբերի 1-ին, հուղարկավորված է Երևանի քաղաքային պանթեոնում։
ԴԱՎԻԹ ՍԵԴՐԱԿՅԱՆ
1938