ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հայագետ, մանկավարժ, դոցենտ,
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս


Ծնվել է 1867թ. դեկտեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղի Ջրաբերդի գավառի Մաղավուզ (Չարդախլու) գյուղում:

Սկզբնական կրթությունն ստացել է Ամարասի դպրեվանքում, Կուսապատ անապատի և Շուշիի թեմական դպրոցներում:

1882թ. ընդունվել և 1889թ. ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի լսարանային բաժինը, ձեռնադրվել կուսակրոն սարկավագ: Բարձրագույն կրթությունն ստացել է Բեռլինի, Հալլեի, Լայպցիգի համալսարաններում: 1897թ. ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան: Նույն տարվա սեպտեմբերին հրավիրվել է Գևորգյան ճեմարան՝ դասախոսելու, և նոյեմբերի 30ին ձեռնադրվել աբեղա, 1898-ին՝ վարդապետ: Տարբեր տարիներ եղել է ճեմարանի մատենադարանապետտեսուչ: 1905-1908թթ. և 1915-1919թթ. խմբագրել է «Արարատ» ամսագիրը, նշանակվել Ս.Հռիփսիմեի վանահայր: 1915թ. ամռանը Գ.Հովսեփյանը ձեռնամուխ է եղել Մեծ եղեռնի հետևանքով Վասպուրականից Էջմիածին գաղթած հայերին լայնածավալ օգնություն կազմակերպելու գործին: 1917թ. Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V Սուրենյանցը նրան ձեռնադրել է եպիսկոպոս:

Գ.Հովսեփյանը 1918թ. Սարդարապատի հերոսամարտի կազմակերպիչներից ու ակտիվ մասնակիցներից էր: Տեսնելով Սարդարապատի պաշտպանների, մասնավորապես 5-րդ գնդի զինվորների անձնազոհությունը՝ Գ.Հովսեփյանն այն անվանել է մահապարտների գունդ, նրա հրամանատար գնդապետ Պողոս Բեկ-Փիրումյանի հետ զինվորներին առաջնորդել դեպի իմացյալ մահ: Ցուցաբերած արիության համար պարգևատրվել է «Գեորգիևյան խաչ» շքանշանով:

1919թ. մայիսին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի) հիմնված Հայաստանի համալսարանի կազմակերպական կոմիտեի անդամներից և առաջին դասախոսներից էր, դոցենտ, պատմալեզվաբանական ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար:

Դասավանդել է եկեղեցու պատմություն, հայ արվեստի պատմություն, գրչության արվեստ, հնագիտություն:

Ալ.Թամանյանի, Ա.ՄելիքՔալանթարի և այլոց հետ մասնակցել է Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեի ստեղծմանը: 1921թ. մայիսին նշանակվել է Խորհրդային Հայաստանի գիտահետազոտական հաստատությունների առաջնեկի՝ Էջմիածնի կուլտուրպատմական ինստիտուտի կոլեգիայի անդամ և թանգարանի վարիչ:

1927-1934թթ. Գ.Հովսեփյանը Ռուսաստանի, Ղրիմի ու Նոր Նախիջևանի հայոց հոգևոր թեմի առաջնորդն էր, 1938-1943թթ.՝ Ամերիկայի թեմի առաջնորդը, իսկ 1943-1952թթ.՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գ.Հովսեփյանը մեծապես նպաստել է «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան համար նյութական միջոցների հանգանակությանը, սփյուռքահայությանը մայր հայրենիքի շուրջ համախմբելուն և 1946թ. ներգաղթի կազմակերպմանը:

Թողել է գիտական հարուստ ժառանգություն: Առանձնապես կարևոր են «Փշրանքներ ժողովրդական բանահյուսությունից» (Թիֆլիս, 1892), «Խոսրովիկ թարգմանիչ և երկասիրությունք նորին» (Թիֆլիս, 1903), «Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյան և կաթողիկոսական ընտրություն» (Թիֆլիս, 1911), «Գրչության արվեստը հին հայոց մեջ» (Վաղարշապատ, 1913), «Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ. պատմագիտական ուսումնասիրություն» (1928-1944, երեք հատորով), «Սասմա ծռեր» (Եր., 1932), «Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի և մշակույթի պատմության» (1935-1951, հինգ պրակով), «Դեպի լույս և կյանք. քարոզներ, գրականգեղարվեստական և իմաստասիրական հոդվածներ» (Անթիլիաս, 1947), «Հիշատակարանք ձեռագրաց» (Անթիլիաս, 1951) աշխատությունները:

Գ.Հովսեփյանը հայ հնագրագիտության, գրչության արվեստի ու ձեռագրային ժառանգության, հայ մանրանկարչության ուսումնասիրության հիմնադիրներից էր:

Վախճանվել է 1952թ. հունիսի 21-ին Անթիլիասում:
ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ
1867-1952