Գոհար Համբարձումյան
Ծնվել է 1907թ. հունիսի 22 – ին Թիֆլիսում: 1924թ. ավարտել է տեղի թիվ 70 միջնակարգ դպրոցը, 1929թ.` Լենինգրադի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը: 1938թ. Գ. Համբարձումյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1949թ. նրան շնորհվել է դոցենտի կոչում:

1929-1946թթ. Լենինգրադի պետական համալսարանում աշխատելուց հետո Գ. Համբարձումյանը տեղափոխվել է Երևան: Նրա գործուն մասնակցությամբ համալսարանում ստեղծվել է հավանականությունների տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն` հանրապետությունում միակ ամբիոնը: 1946-1967թթ. աշխատել է ԵրՊԻ կիրառական մաթեմատիկայի ամբիոնում, իսկ 1967-1979թթ.` ղեկավարել ԵՊՀ մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետի հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության ամբիոնը:

Գ. Համբարձումյանը հեղինակ է 20 գիտական հոդվածների, 2 դասագրքի` «Հավանականությունների տեսություն » (եղել է 3 հրատարակություն վերջինը Եր., 1977թ.) և «Պատահական պրոցեսներ» (Եր., 1974): Նրա հետազոտությունները հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության բնագավառում վերաբերվում են Պուասոնի կորերին, անկախ փորձերին և մարկովյան շղթաներում տեղեկատվության քանակի որոշմանը, ինչպես նաև մարկովյան գծային պրոցեսների տեսությանը:

1967թ. Գ. Համբարձումյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:

Վախճանվել է 1979թ. հունիսի 26-ին Երևանում:
Գոհար Համբարձումյան