ԳՐԻԳՈՐ ՄՈւՇԵՂՅԱՆ
Ֆիզիոլոգ,
բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1900թ. հունվարի 10-ին Վաղարշապատում: Մինչև 1917թ. սովորել է Գևորգյան ճեմարանում, ապա կրթությունը շարունակել է Երևանի թեմական դպրոցում: 1922թ. ընդունվել է ԵՊՀ բժշկական ֆակուլտետ, որը 1927թ. ավարտելուց հետո աշխատել է նույն ֆակուլտետի մարդու ֆիզիոլոգիայի ամբիոնում որպես ասիստենտ, այնուհետև գործուղվել Լենինգրադ (այժմ` Սանկտ Պետերբուրգ)` վերապատրաստվելու Ի.Պավլովի և Լ.Օրբելու լաբորատորիաներում:

1930թ. Գ.Մուշեղյանի ջանքերով նորաստեղծ բժշկական ինստիտուտում կազմակերպվել է ֆիզիոլոգիայի ամբիոն: 1936թ. նա պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, իսկ 1940թ. նրան շնորհվել է դոցենտի կոչում:

1936-1949թթ. Գ. Մուշեղյանը զբաղեցրել է ԵՊՀ ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչի, իսկ 1944-1950թթ.` նաև ՀԽՍՀ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրենի ու բաժանմունքի վարիչի պաշտոնները:

Հեղինակ է շուրջ 80 գիտական աշխատությունների` նվիրված մարսողական համակարգի, ուղեղիկի սիմպաթիկ նյարդային
համակարգի ֆիզիոլոգիայի հարցերին, ինչպես նաև Հայաստանի հանքային ջրերի բուժական ազդեցությունների ուսումնասիրմանը:

Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 13 ատենախոսություն:

1967թ. Գ.Մուշեղյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով և մի շարք մեդալներով:

Վախճանվել է 1971թ. հունիսի 7-ին Երևանում:
ԳՐԻԳՈՐ ՄՈւՇԵՂՅԱՆ
1900-1971