ԳՈւՐԳԵՆ ՍԵՎԱԿ
Լեզվաբան,
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս,
ՀԽՍՀ և Վր.ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1904թ. ապրիլի 15-ին Թիֆլիսում: Ավարտել է Ներսիսյան դպրոցը: 1924-ին տեղափոխվել է Երևան և 1929թ. ավարտել ԵՊՀ պատմագրական ֆակուլտետը, 1932-ին` ասպիրանտուրան:

1932թ. պաշտպանել է թեկնածուական, 1948թ.` դոկտորական ատենախոսություն: 1949թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում, 1956թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1971թ.` ակադեմիկոս:

1932-1940թթ. Գ.Սևակն աշխատել է պետական տերմինաբանական կոմիտեում որպես գիտքարտուղար, 1941-ից` ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի վարիչ, 1947-ից` ՀԽՍՀ ԳԱ Հր.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ժամանակակից հայոց լեզվի, լեզվի մշակույթի և տերմինաբանության բաժնի վարիչ: 1969-ից ՀԽՍՀ ԳԱ նախագահությանն առընթեր գիտատեխնիկական տերմինաբանության խորհրդի նախագահն էր:

1929-1936թթ. Գ.Սևակը եղել է Հայաստանի էսպերանտական միության կազմակերպիչն ու նախագահը, 1932-ից՝ էսպերանտո լեզվի համաշխարհային ակադեմիայի անդամ, 1937-ից` ԵՊՀ հայվրացական բանասիրության կաբինետի ղեկավար:

Մեծ է Գ.Սևակի ավանդը ժամանակակից հայերենի ուսումնասիրության և լեզվաբանության զարգացման գործում: Հեղինակ է բազմաթիվ հոդվածների ու գրքերի: Կարևոր աշխատություններն են` «Ժամանակակից հայերենի համառոտ պատմություն» (Եր., 1948), «Ժամանակակից հայոց լեզվի դասընթաց» (Եր., 1955), «Հայոց լեզվի շարահյուսություն» (Եր., 1936, դպրոցական դասագիրք. ունեցել է ավելի քան 30 հրատարակություն), «Խոսքի մասերի ուսմունքը» (Եր., 1939):

1961թ. Գ.Սևակն արժանացել է ՀԽՍՀ, իսկ 1970թ.` Վր.ԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման: Պարգևատրվել է Խ.Աբովյանի անվան մեդալով:

Վախճանվել է 1981թ. սեպտեմբերի 16-ին Երևանում:
ԳՈւՐԳԵՆ ՍԵՎԱԿ
1904-1981