ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1920թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ Թալինի շրջանի Մաստարա գյուղում: Ավարտելով տեղի յոթնամյա և Թալինի միջնակարգ դպրոցները` 1938թ. ընդունվել է ԵՊՀ լեզվագրական ֆակուլտետ: 1941-ին 4-րդ կուրսից զորակոչվել է բանակ, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին: Երրորդ անգամ ծանր վիրավորվելուց հետո 1943թ. զորացրվել է, շարունակել ուսումնառությունը և 1944թ. ավարտել համալսարանը: 1945-1948թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում:

1952թ. պաշտպանել է թեկնածուական, 1981-ին` դոկտորական ատենախոսություն: 1955թ. նրան շնորհվել է դոցենտի, իսկ 1984-ին` պրոֆեսորի կոչում:

1946-1948թթ. Հովհ.Բարսեղյանը եղել է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի, այնուհետև՝ մինչև 1958թ., Երևանի հեռակա պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի ամբիոնի դասախոս: 1958թ. նա կրկին տեղափոխվել է ԵՊՀ և 1969-ին ընտրվել հայոց լեզվի ամբիոնի վարիչ: 1977-1985թթ. եղել է բանասիրության ֆակուլտետի դեկան, 1985-1990թթ.` հայոց լեզվի պատմության ամբիոնի հիմնադիր-վարիչ:

Հովհ.Բարսեղյանը հեղինակ է մի քանի տասնյակ գիտական հոդվածների, ավելի քան 20 մենագրության , այդ թվում` «Արդի հայերենի բայի և խոնարհման տեսություն» (Եր., 1953), «Մանուկ Աբեղյանի հինգ հոլովի տեսությունը և նրա հին ու նոր քննադատությունները» (Եր., 1967), «Հայերենի խոսքի մասերի տարբերակման տեսությունները» (Եր., 1975), «Հայերենի խոսքի մասերի ուսմունքը» (Եր., 1980): Սկսած 1964թ.նրա խմբագրությամբ,լրացումներով ու մեկնություններով պարբերաբար լույս է տեսնում «Տերմինաբանական ուղեցույցը» (վերջինը՝ Եր., 2006):

Հովհ.Բարսեղյանը նաև հմուտ բառարանագիր է (տե´ս «Հայերեն ուղղագրական-ուղղախոսական տերմինաբանական բառարան», Եր., 1973): Նա պրոֆեսորներ Թ.Խ. Հակոբյանի և Ստ.Տ.Մելիք-Բախշյանի հետ համահեղինակ է հինգհատորյա «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանի» (Եր., 1986-2001): Գործընկերների վախճանվելուց հետո նա է խմբագրել ու հրատարակության պատրաստել հիշյալ բառարանի վերջին երկու ստվարածավալ հատորները: 2003թ. այդ եզակի բառարանն արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի: Հովհ.Բարսեղյանի համահեղինակությամբ են կազմվել հանրակրթական դպրոցի 4-րդ (Եր., 1970) և 5-7-րդ (Եր., 1965) դասարանների «Հայոց լեզու» դասագրքերը:

Հովհ.Բարսեղյանը 1969-1972թթ. եղել է ԵՊՀ կուսկոմիտեի առաջին քարտուղար: 1955-ից նա կատարել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր տերմինաբանական կոմիտեի, իսկ 1992-ից ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության հայերենի բարձրագույն խորհրդի գիտքարտուղարի պարտականությունները:

1970թ. Հովհ.Բարսեղյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման: Պարգևատրվել է «Պատվո նշան» (1981), Հայրենական մեծ պատերազմի II աստիճանի (1985) շքանշաններով, «Մովսես Խորենացի» և բազմաթիվ այլ մեդալներով:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՐՍԵՂՅԱՆ