ՀՐԱՆՏ ԳԱԼԻԿՅԱՆ
Իրավագետ, պրոֆեսոր, հասարակական գործիչ

Ծնվել է 1889թ. մարտի 5-ին Վանում: Նախնական կրթությունն ստացել է հայրենի քաղաքում: 1908-1912 թթ. սովորել է Կ.Պոլսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Այստեղ նա որոշ ժամանակ արևմտահայ գրող և հասարակական գործիչ, օրենսգետիրավաբան Գրիգոր Զոհրապի հետ և նրա ղեկավարությամբ մասնակցել է դատական մի շարք բարդ գործերի քննության, ձեռք բերել իրավաբանական փորձ և հմտություն: Այնուհետև Վանում և Կովկասում աշխատել է որպես իրավագետխորհրդական և միաժամանակ աչքի ընկել որպես հմուտ լրագրող:

1908-1922թթ. Հ.Գալիկյանը եղել է հնչակյան կուսակցության անդամ: 1919թ. վերադարձել է Կ.Պոլիս և աշխատել որպես «Երկիր» օրաթերթի խմբագիր:

1922թ. Հ.Գալիկյանը եկել է Խորհրդային Հայաստան և արդարադատության մարմիններում վարել մի շարք պատասխանատու պաշտոններ. եղել է արդարադատության ժողկոմատի դատական բարձրագույն վերահսկողության բաժնի վարիչ (1922-1923թթ.), գլխավոր դատարանի անդամ և նախագահի տեղակալ (1923-1925թթ.), գերագույն դատարանի քաղաքացիական վճռաբեկ կոլեգիայի նախագահ և նախագահի տեղակալ (1926-1930թթ.), այնուհետև` ՀԽՍՀ դատախազի տեղակալ` քաղաքացիական գործերի գծով: 1924թ. Հ.Գալիկյանը դասախոսական աշխատանքի է հրավիրվել ԵՊՀ իրավատնտեսագիտության ֆակուլտետում, այնուհետև նշանակվել է համալսարանի տնտեսական իրավունքի ամբիոնի վարիչ և վարել քաղաքացիական իրավունքի, տնտեսական իրավունքի դասընթացները: 1934-1936թթ. եղել է իրավագիտության ֆակուլտետի դեկան: 1936թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

Հ.Գալիկյանը թողել է իրավագիտական մի շարք աշխատություններ` «Պրոլետարիատի դիկտատուրան և խորհրդային դատարանը» (Եր., 1924), «Կանանց աշխատանքի պաշտպանությունը» (Եր., 1930), «Ժառանգական իրավունքի մասին» (Եր., 1931), «Ամուսնության և ընտանիքի իրավունք» (Եր., 1933), «Սովետական դատարանը» (Եր., 1936) և այլ գործեր:

Կյանքն ընդհատվել է 1938թ. մայիսի 18-ին` ստալինյան բռնաճնշումների հետևանքով: Արդարացվել է հետմահու:
ՀՐԱՆՏ ԳԱԼԻԿՅԱՆ
1889-1938