ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Գրականագետ,
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1933թ. մարտի 2-ին Ախալցխայում: 1952-1954թթ. ուսանել է Բաթումի ծովագնացության ուսումնարանում: 1958թ. ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը:

1963թ. Լ.Մկրտչյանը պաշտպանել է թեկնածուական, 1970թ.` դոկտորական ատենախոսություն: 1973թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: Մինչև 1977թ. ղեկավարել է ռուս լեզվաբանության և թարգմանության տեսության, այնուհետև` ռուս գրականության ամբիոնը: 1980-1998թթ. եղել է ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան, 1998թ. նշանակվել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր:

Մեծ է Լ.Մկրտչյանի ներդրումը հայ միջնադարյան գրականության ուսումնասիրության, թարգմանության ու պրոպագանդման գործում: Ռուսերեն հրատարակել է ինչպես հայ միջնադարյան բանաստեղծներ Գրիգոր Նարեկցու, Նահապետ Քուչակի, Կոստանդին Երզնկացու, Դավթակ Քերթողի առանձին ժողովածուները, այնպես էլ անթոլոգիաներ` հանգամանալից առաջաբաններով, ծանոթագրություններով, երբեմն` նաև տողացի թարգմանություններով: 1982թ. ռուսերեն հրատարակել է «Սասունցի Դավիթ» էպոսը, նոր, ավելի կատարյալ թարգմանություններով ռուս ընթերցողին ներկայացրել XIX-XX դդ. հայ դասական և ժամանակակից բանաստեղծների (Հովհ.Թումանյան, Ավ.Իսահակյան, Հ.Սահյան և այլն), ինչպես նաև հայերեն հրատարակել ռուս գրողների (Վ.Զվյագինցևա, Ն.Տիխոնով, Ալ.Գիտովիչ, Ս.Շերվինսկի, Ե.Նիկոլաևսկայա, Մ.Պետրովիխ և այլք) երկերը:

Նրա հարուստ ժառանգության մաս են կազմում XXդ. հայ և ռուս գրականության և արվեստի գործիչներից շատերի մասին նրա հուշագրությունները:

Լ.Մկրտչյանը թողել է ինքնակենսագրական արձակ ստեղծագործություններ: Որպես թարգմանության տեսաբան` լայն ճանաչման է արժանացել ԽՍՀՄ-ում և արտասահմանում: Նրա նախաձեռնությամբ հանրապետությունում վերականգնվել է Թարգմանչաց տոնը:

1965-ից նա գրողների միության անդամ էր:

Նա պատրաստել է թարգմանության տեսության բնագավառի բազմաթիվ մասնագետներ, եղել է մի շարք ասպիրանտների ու հայցորդների գիտական ղեկավար:

1983թ. հայ միջնադարյան գրականության ուսումնասիրությանն ու պրոպագանդմանը նվիրված նրա աշխատություններն արժանացել են ՀԽՍՀ Պետական մրցանակի:

1981թ. Լ.Մկրտչյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման, պարգևատրվել է «Աշխատանքի վետերան» մեդալով (1979), ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով (1980):

Վախճանվել է 2001թ. օգոստոսի 21-ին Երևանում:
ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ
1933-2001