ԼՅՈւԴՎԻԳ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր

Ծնվել է 1922թ. օգոստոսի 24-ին Երևանում: 1940թ. ավարտել է Երևանի թիվ 4 միջնակարգ դպրոցը, 1945թ.` ԵՊՀ պատմության ֆակուլտետը, 1951-ին` ասպիրանտուրան: 1960թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:

1975թ. նրան շնորհվել է դոցենտի, 1990թ.` պրոֆեսորի կոչում:

Համալսարանն ավարտելուց հետո մինչև 1951թ. կատարել է կոմերիտական ղեկավար աշխատանք. եղել է ՀԼԿԵՄ Երևանի Կիրովյան շրջկոմի, ապա` Երքաղկոմի առաջին քարտուղար: 1951-1953թթ. և 1957-1961թթ. ղեկավարել է ԵՊՀ կուսկոմիտեն, 1953-ին եղել է ՀԿԿ Երքաղկոմի III քարտուղար, այնուհետև` ՀԿԿ Կենտկոմի պատասխանատու կազմակերպիչ, 1954-1957թթ.` ՀԿԿ Սպանդարյանի շրջկոմի I քարտուղար, 1961-1966թթ.` ՀԿԿ Երքաղկոմի II, 1966-1975ին` I քարտուղար, 1975-1988թթ.` ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարար, 1988-1992թթ.` նախարարի առաջին տեղակալ, իսկ 1992-2007թթ.` ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն:

Լ.Ղարիբջանյանը կուսակցական աշխատանքին զուգընթաց շուրջ 50 տարի զբաղվել է մանկավարժական գործունեությամբ: 1944-1947թթ. դասավանդել է Երևանի բժշկական ինստիտուտում, 1945ից` ԵՊՀ-ում:

1958թ. Լ.Ղարիբջանյանն ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի, իսկ 1966-1976թթ.` Կենտկոմի բյուրոյի անդամ, եղել է ՀԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդների մի շարք գումարումների պատգամավոր:

Հեղինակ է ավելի քան 40 գիտական աշխատանքների, այդ թվում` «Երևանի պետական համալսարանը» (Եր., 1965, 1994, ռուս.` 1971) մենագրության, համահեղինակ` «Հայաստանի պատմություն» ուսումնական համառոտ ձեռնարկի (Եր., 2008թ.): Կազմել է «Երևանի պետական համալսարանի ռեկտորները (1919-1999)» (Եր., 1999) գիրքը և «Մեր անվանի դասախոսները» մատենաշարի II (Եր., 2006) և III (Եր., 2008) հատորները:

Լ.Ղարիբջանյանը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (4), Ժողովուրդների բարեկամության (1986)
շքանշաններով, «Մովսես Խորենացի» (2004) և բազմաթիվ այլ մեդալներով ու պատվոգրերով:
ԼՅՈւԴՎԻԳ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ
1922-2011