ՆՈՐԱՅՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մաթեմատիկոս,
ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1936թ. հուլիսի 17-ին Արթիկի շրջանի Մեղրաշեն գյուղում: 1953թ. ավարտել է տեղի դպրոցը, 1958թ.՝ ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը: 1958-1959թթ. Ն. Առաքելյանն աշխատել է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում որպես ասիստենտ:

1962թ. Ն. Առաքելյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1959-1971թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի գիտաշխատող: 1971թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն:

1971-1974թթ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող:
1974թ. Ն. Առաքելյանն ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, իսկ 1990թ.՝ ակադեմիկոս: 1974-1989թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ և բաժնի վարիչ, 1989-1991թթ՝ տնօրեն: 1989թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

1991-1993թթ. Ն. Առաքելյանը եղել է ԵՊՀ ռեկտոր: 1992-1997թթ. ղեկավարել է ԵՊՀ ֆունկցիաների տեսության ամբիոնը, 1997-2006թթ՝ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտը, իսկ 2007-ից ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարն է: Ն. Առաքելյանը հիմնարար արդյունքներ է ստացել կոմպլեքս անալիզի, մոտավորությունների տեսության բնագավառում: Հեղինակ է 45 գիտական հոդվածների, համահեղինակ՝ «Степенные ряды: аналитическое продолжение и локализация особенностей» (М., 1991) մենագրության:

Նրա ղեկավարությամբ պաշտպանել է թեկնածուական 11 ատենախոսություն:

2003թ. Ն. Առաքելյանն արժանացել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
ՆՈՐԱՅՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ