ՏԻԳՐԱՆ ՀԱԽՈւՄՅԱՆ
Գրականագետ,
բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր,
ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ


Ծնվել է 1894թ. հունվարի 17-ին Երևանում: 1912թ. ավարտել է Բաքվի ռեալական ուսումնարանը, 1917թ.` Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան համալսարանի պատմաբանասիրական և իրավաբանական ֆակուլտետները: Մինչև 1920թ. աշխատակցել է Թիֆլիսի հայկական թերթերին, եղել է «Ժողովրդի ձայն» և «Մշակ» լրագրերի խմբագիր: Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո` 1921թ. տեղափոխվել է Երևան, որտեղ սկզբում աշխատել է ՀԽՍՀ լուսժողկոմատի քաղլուսավորության գլխավոր վարչությունում, ապա` «Մաճկալ» ու «Խորհրդային Հայաստան» թերթերի և «Վերելք» հանդեսի խմբագրություններում, միաժամանակ 1923-1931թթ. եղել է դատապաշտպան: 1941-1958թթ. կատարել է գիտամանկավարժական աշխատանք` դասավանդելով ԵՊՀ-ում, Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական, Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների, ինչպես և գեղարվեստաթատերական ինստիտուտներում:

1951թ. Տ.Հախումյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, իսկ 1961թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

Տ.Հախումյանի գրչին են պատկանում «Անտոն Չեխով. նրա կյանքը և ստեղծագործությունը» (Եր., 1944), «Ալեքսանդր Սերգեևիչ Գրիբոյեդով. նրա կյանքն ու ստեղծագործությունը» (Եր., 1945), «Ասք սովետական դյուցազունների մասին» (Եր., 1945), «Դ.Դեմիրճյանի դրամատուրգիան» (Եր., 1958), աշխատությունները: Նա հեղինակ է նաև բազմաթիվ գիտական հոդվածների ու արժեքավոր հուշերի` նվիրված գրականության, թատերագիտության, թարգմանչական արվեստի խնդիրներին ու մշակույթի նշանավոր գործիչներին, որոնց մի զգալի մասը տեղ է գտել «Գրական հոդվածներ և հիշողություններ» ռուսերեն երկհատորյակում (Եր., 1966, 1970) և հայերեն «Հուշեր» (Եր., 1987) ժողովածուում:

Տ.Հախումյանը հեղինակ է բանաստեղծությունների և մեկուկես տասնյակ դրամաների: Դեռևս 1931թ. Երևանի Գ.Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնը բեմադրել է նրա «Թշնամին» պիեսը, իսկ առանձին ստեղծագործություններ բեմադրվել են Երևանի, Թբիլիսիի, Բաքվի, Ռոստովի, Լենինականի թատրոններում:

Տ.Հախումյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն (Ե.Չարենցի ընտրությամբ) լույս է տեսել 1923թ. Երևանում, իսկ «Երկու ամիս ռազմաճակատում» ճակատային օրագիրը` 1946թ.:

1934-ից եղել է գրողների միության անդամ:

1943թ. Տ.Հախումյանն արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով (1939) և մի շարք մեդալներով:

Վախճանվել է 1973թ. մարտի 25-ին Երևանում:
ՏԻԳՐԱՆ ՀԱԽՈւՄՅԱՆ
1894-1973