ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈւՄՅԱՆ
Աստղաֆիզիկոս,
ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ԽՍՀՄ ԳԱ և ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1908թ. սեպտեմբերի 18-ին Թիֆլիսում: 1924-1928թթ. ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը: 1928-1931թթ. սովորել է ԽՍՀՄ ԳԱ գլխավոր աստղադիտարանի (Պուլկովո) ասպիրանտուրայում: 1935թ., առանց ատենախոսության պաշտպանության, նրան շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան:

1931-1944թթ. Վ.Համբարձումյանն աշխատել է Լենինգրադի համալսարանում որպես դոցենտ, պրոֆեսոր, ապա՝ իր իսկ հիմնադրած՝ ԽՍՀՄ-ում առաջին աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1940-ից՝ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր:

1943թ. Հ.Օրբելու և Վ.Համբարձումյանի ջանքերով Երևանում հիմնադրվեց ՀԽՍՀ գիտությունների ակադեմիան. Վ.Համբարձումյանը դարձավ նրա հիմնադիր անդամներից մեկը և առաջին փոխնախագահը: 1947թ. նա ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ նախագահ և շուրջ կես դար ղեկավարել այն:

1946թ. Վ.Համբարձումյանը հիմնադրել է ԵՊՀ աստղաֆիզիկայի ամբիոնը և Բյուրականի աստղադիտարանը, որտեղ կատարված հետազոտությունները կանխորոշեցին 20րդ դարի երկրորդ կեսի աստղաֆիզիկայի զարգացման հիմնական ուղղությունները: Մեծ է նրա վաստակը Հայաստանում ֆիզիկայի ու մաթեմատիկայի զարգացման, բնական ու տեխնիկական գիտությունների բնագավառում հետազոտությունների մակարդակի բարձրացման, նոր, ժամանակակից գիտական ուղղությունների ստեղծման և բարձրորակ մասնագետների պատրաստման գործում: Նա մեծապես նպաստել է Հայաստանում ռադիոէլեկտրոնիկայի, քիմիական, մեքենաշինական, լեռնային արդյունաբերության զարգացմանը:

Համաշխարհային գիտության պատմության մեջ նոր էջ են բացել Վ.Համբարձումյանի ներդրումները տեսական աստղաֆիզիկայի, աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, աստղային դինամիկայի, արտագալակտիկական աստղագիտության, աստղերի և գալակտիկաների էվոլյուցիայի հետազոտության բնագավառում: Մի շարք սկզբունքներ, այդ թվում ինվարիանտության հակադարձ խնդիրների լուծման սկզբունքը, կոչվում են Վ.Համբարձումյանի անունով: Նա մշակել է աստղային համակարգերի վիճակագրական մեխանիկայի հիմունքները, հայտնագործել աստղակույտերի աստիճանական քայքայման երևույթը և առաջադրել աստղակույտերի տարիքի որոշման սկզբունք:

Կրկնակի աստղերի նկատմամբ նոր մեթոդների կիրառման միջոցով հիմնավորել է Գալակտիկայի տարիքի կարճ (հարյուր միլիարդ տարի) սանդղակը: Նրա մշակած շատ գաղափարներ դուրս են եկել աստղաֆիզիկայի շրջանակներից՝ ստանալով ընդհանուր մեթոդաբանական նշանակություն, և խթանել գիտության այլ բնագավառների զարգացումը:

1948-1950թթ. Վ.Համբարձումյանն ընտրվել է Միջազգային աստղագիտական միության փոխնախագահ, 1961-1964թթ.՝ նախագահ, 1968-1972թթ.՝ գիտական ընկերությունների միջազգային խորհրդի նախագահ:

Վ.Համբարձումյանը հիմնադրել է «Աստղաֆիզիկա» հանդեսը և մինչև 1986թ. եղել նրա գլխավոր խմբագիրը, նաև «Հայկական սովետական հանրագիտարանի» առաջին գլխավոր խմբագիրը և խմբագրական խորհրդի նախագահը:

1948-ից նա Հայաստանի կոմկուսի կենտկոմի անդամ էր, 1958թ.՝ ԽՍՀՄ IIIX գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր:

1993-ից մինչև կյանքի վերջը եղել է ՀՀ ԳԱԱ պատվավոր նախագահ:
Վ.Համբարձումյանի բացառիկ վաստակը համաշխարհային գիտության զարգացման մեջ թե՛ հայրենիքում, թե՛ արտասահմանում գնահատվել է ըստ արժանվույն: 1946թ. և 1950թ. նա արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակների, 1995թ.` ՌԴ Պետական մրցանակի: Ընտրվել է ԱՄՆ-ի, Անգլիայի, Բելգիայի, Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Կանադայի, Ավստրալիայի, Իտալիայի, Հունաստանի, Լեհաստանի և այլ երկրների գիտությունների ակադեմիաների և գիտական ընկերությունների պատվավոր անդամ, բազմաթիվ համալսարանների պատվավոր դոկտոր:

Վ.Համբարձումյանը Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս էր: Պարգևատրվել է Լենինի (5), Հոկտեմբերյան հեղափոխության, «Պատվո նշան», Աշխատանքային կարմիր դրոշի (2) շքանշաններով, ԵՊՀ ոսկե մեդալով: Նրան շնորհվել է նաև ՀՀ Ազգային հերոսի կոչում:

Վախճանվել է 1996թ. օգոստոսի 12-ին Բյուրականում:

Վ.Համբարձումյանի անվամբ են կոչվում ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը, ԵՊՀ ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնը, «Գիտելիք» ընկերությունը, Երևանի թիվ 12 հանրակրթական դպրոցը:

Նրա բրոնզաձույլ կիսանդրին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում խորհրդանշում է ականավոր գիտնականմանկավարժի դերը համալսարանական գիտության զարգացման գործում:
ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈւՄՅԱՆ
1908-1996