ՅՈւՐԻ ՂԱՄԲԱՐՅԱՆ
Ւրավաբան, պրոֆեսոր

Ծնվել է 1850թ. Թիֆլիսում: Միջնակարգ կրթությունն ստացել է ծննդավայրում: Այնուհետև ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և 1884թ. դարձել նույն համալսարանի պրոֆեսոր՝ անընդմեջ պաշտոնավարելով մինչև 1899թ.:

Յու. Ղամբարյանը նշանավոր իրավաբան էր, իրավունքի տեսաբան: 1898-ին հրատարակել է «Гражданское право», «Вещное право»(4.1-2, СПб.) աշխատությունը: 1899թ. լույս տեսած հասարակական-իրավաբանական գիտությունների ժողովածուի առաջին համարում տպագրվել է Յու. Ղամբարյանի «Право в его основных моментах» ուսումնասիրություն: Մեծ արձագանք է գտել նաև 1910թ. նույն ժողովածուում հրատարակված «Свобода и ее гарантии» (т. 1, СПб.) աշխատութունը: Նա «Գրանատ» հանրագիտական բառարանի խմբագրական խորհրդի անդամ էր:

1900թ. Յու. Ղամբարյանը եռանդուն մասնակցություն է ունեցել Փարիզում հումանիտար գիտությունների ռուսական բարձրագույն դպրոցի հիմնադրմանը, դասախոսել Բրյուսելի համալսարանում: 1906-1911թթ. եղել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ և մշակել ու հրատարակել է քաղաքացիական իրավունքի դասընթացը «Курс гражданского права» (т. 1, ч. общая, СПб., 1911) և այլ արժեքավոր աշխատություններ:

Ռուսական ադբյուրներում նա հիշատակվում և մեծարվում է որպես Ռուսաստանի սոցիոլոգիական դպրոցի հիմնադիր:

Վերջին շրջանում վերադարձել է Թիֆլիս և ղեկավարել Վրաստանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1919թ. սոցիալ-քաղաքական ծանր պայմաններում ՀՀ կառավարությունը կարողացավ իրականացնել հայ մտավորականության դարավոր իղձը ազգային համալսարան ունենալու գաղափարը: Համալսարանի կազմակերպիչ-ռեկտոր առաջադրվեց գիտության մեծ երախտավոր, գիտական կյանքի նշանակալի ուղի անցած Յու. Ղամբարյանը: Չնայած պատկառելի տարիքին՝ նա այդ խիստ դժվարին ու պատասխանատու գործում դրսևորում է մեծ կամք ու տոկունություն:

1920р. հունվարի 31-ին տեղի է ունենում համալսարանի բացումը Ալեքսանդրապոլում: Բացման արարողության ժամանակ հանդես է գալիս ռեկտոր Յու. Ղամբարյանը: Նրա հակիրճ, բայց խիստ հագեցած ու տպավորիչ խոսքը սոսկ հավուր պատշաճի ասված ողջույնի տոնական մաղթանք չէր, այլ համալսարանի հասարակական դերի ու կոչման, գիտության կաճառի մասին ծրագրային ելույթ:

Յու. Ղամբարյանը Հայաստանում աշխատեց 1919թ. հուլիսից մինչեւ 1920թ. դեկտեմբերը: Այդ կարճ ժամանակում նա ահռելի գործ կատարեց լուծելով նորաբաց համալսարանի առանցքային հիմնահարցերը. կարողացավ ապահովել համալսարանի գիտական ներուժը, հավաքագրել հիմնադիր պրոֆեսորներին, ստեղծել բարձրորակ աշխատակազմ, որը կարող էր պատիվ բերել ցանկացած առաջնակարգ համալսարանի: Նա հանրապետության արտաքին գործոց նախարարության միջոցով դիմեց Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչներին Ամերիկայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Կ.Պոլսում, Ավստրիայում ու Պարսկաստանում՝ կազմակերպել կամավոր նվիրատվությունների հանգանակում և համալսարանի գրադարանի համար ձեռք բերել գրքեր թե՛ գիտական հիմնարկներից և թե՛ մասնավոր անձանցից:
1920թ. նոյեմբերի 29-ին Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո փոխվեցին համալսարանի դիմագիծն ու ծրագրերը, և նախկին աշխատակազմը ռեկտորի հետ միասին ազատ արձակվեց: Յու.Ղամբարյանն ստիպված էր վերադառնալ Թիֆլիս: Այդ պահից, ցավոք, պատմությունը լռում է նրա մասին... Համալսարանի առաջին ռեկտորը տասնամյակների հեռվից ներկայանում է ոչ միայն որպես համաեվրոպական ճանաչում ունեցող մեծ գիտնական, այլև իր հայրենիքի ճակատագրով խորապես մտահոգված մտավորական և իրավամբ պետք է դասվի հայոց մեծերի շարքում:

Յու. Ղամբարյանի բրոնզաձույլ կիսանդրին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում խորհրդանշում է ականավոր
գիտնական-մանկավարժի դերը համալսարանի հիմնադրման և կայացման գործում:

Վախճանվել է 1926թ. Լենինգրադում:
ՅՈւՐԻ ՂԱՄԲԱՐՅԱՆ
1850-1926