10.05.2018 | 
Կրթություն
«ՄԵՐ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ PISA-Ի ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՇԱՏ ԱՆՍՈՎՈՐ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ». ԿՐԹՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏ ՍԵՐՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«ՄԵՐ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ PISA-Ի ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՇԱՏ ԱՆՍՈՎՈՐ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ». ԿՐԹՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏ ՍԵՐՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«PISA-ն շատ կարևոր ստուգատես է և շատ կազմակերպությունների կողմից համարվում է կրթության որակի գնահատման չափանիշ»,-այսօր մեզ հետ զրույցում, անդրադառնալով Աշակերտների միջազգային գնահատման (PISA) ստուգատեսին, նման կարծիքն հայտնեց ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության պատմության ամբիոնի դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Նշենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանդես է եկել կրթական համակարգի միջազգայնացման նոր նախաձեռնությամբ. Հայաստանն առաջիկայում կարող է անդամակցել Աշակերտների միջազգային գնահատման ծրագրին (PISA), որը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից ստեղծված միջազգային գնահատման և վերլուծական գործիք է: Այն հնարավորություն է տալիս  համեմատելու և համադրելու ազգային կրթության համակարգն այլ երկրների կրթության համակարգերի հետ: Աշակերտների միջազգային գնահատման ծրագիրը (PISA)  օգնում է վերհանել ազգային կրթության համակարգի խնդիրներն ու բացթողումները, որը կարող է արդյունավետ հիմք հանդիսանալ կրթության քաղաքականության մշակման համար:

 

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով, PISA ստուգատեսն անցկացվում է 15 տարեկան աշակերտների շրջանում գիտելիքների և հմտությունների ստուգմամբ՝ թեստային առաջադրանքների տարբերակով: PISA-ի առաջադրանքները 4 ուղղությամբ են կազմվում՝ ընթերցանություն, մաթեմատիկա, բնագիտություն և համակարգչային իմացություն: 

 

Նրա խոսքով, բացի վերոնշյալ բնագավառներից, ստուգատեսում երբեմն ընդգրկվում են նաև այլ ոլորտներ: «Օրինակ՝ 2015 թվականին ստուգատես է անցկացվել նաև ֆինանսական գրագիտությունից։  Փորձել են պարզել, թե ինչպես են աշակերտները համագործակցում տարբեր ուսումնական խնդիրներ լուծելու հարցում։ 2018 թվականին նոր բնագավառ է լինելու ստուգատեսում՝ գլոբալ կոմպետենցիան։ Հայաստանի նման երկրի համար դժվար կլինի այս ստուգատեսում բարձր արդյունքներ ապահովելը, քանի որ մեր կրթական համակարգում ավելի կարևորվում են գիտելիքի մեխանիկական վերարտադրությունը, պարզունակ թեստերը։ Իսկ PISA-ի դեպքում ավելի բարդ և ժամանակակից աշխատաշուկայում և հասարակությունում պահանջվող հմտություններ են ստուգվում: Այսինքն՝ մեր աշակերտների համար PISA-ի առաջադրանքները շատ անսովոր են լինելու: Բայց մյուս կողմից՝ Հայաստանի համար գործող ծրագրերը PISA-ին համապատասխանեցնելու հնարավորություն կլինի»,-ընդգծեց բանախոսը:

 

Ս. Խաչատրյանը թեև դրական գնահատական է տալիս և կարևոր քայլ է համարում Աշակերտների միջազգային գնահատման (PISA) ծրագրին անդամակցելը, սակայն կարծում է, որ որոշակի ժամանակ է պետք, որպեսզի Հայաստանն առաջընթաց ունենա այս ոլորտում։

 

ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի դոցենտ Արևիկ Ղազարյանի խոսքով, Աշակերտների միջազգային գնահատման (PISA) ծրագիրը միջազգային գնահատման և վերլուծական գործիք է:

 

 

«Այս ծրագիրը հնարավորություն կտա համեմատելու ազգային կրթության համակարգն այլ երկրների կրթության համակարգերի հետ, ինչպես նաև այն համապատասխանեցնելու միջազգային չափանիշներին: Ծրագրին անդամակցելը ևս մեկ փորձ է միջազգային ասպարեզում դրսևորվելու և ինտեգրվելու համար, քանի որ բարեփոխումների համատեքստում կազմակերպվում են մի շարք գործընթացներ, որոնց նպատակը միջազգային կրթական տարածքում արժանապատիվ ներկայանալն է»,- հավելեց նա:

 

Ա. Ղազարյանը նշեց, որ Աշակերտների միջազգային գնահատման ծրագիրը (PISA) կօգնի վերհանել ազգային կրթության համակարգի խնդիրները և աստիճանաբար շտկել դրանք: «Այն աշակերտներին հնարավորություն կտա համեմատելու սեփական գիտելիքներն այլ երկրների աշակերտների գիտելիքների հետ, ինչպես նաև ի հատ բերելու սեփական ձեռքբերումները և բացթողումները»,- ընդգծեց նա:

 

Ըստ բանախոսի՝ համակարգչային իմացության ստուգատեսը և՛ նպատակային է, և՛ շատ ճիշտ, քանի որ համակարգչի միջոցով է աշակերտը մասնակցելու այդ ստուգատեսին:

 

Տարածաշրջանային երկրներից համակարգին անդամակցում են Ռուսաստանը, Վրաստանը, Թուրքիան, Մոլդովան: Ա. Ղազարյանի խոսքով, որպեսզի Հայաստանն էլ հետ չմնա հարևան երկրներից, նպատակահարմար է, որ մեր երկիրն էլ մասնակցի Աշակերտների միջազգային գնահատման (PISA) ստուգատեսին:

 

Նշենք, որ PISA համակարգով իրենց գիտելիքներն են ստուգել աշխարհի շուրջ 80 երկրներից ավելի քան 549 հազար սովորողներ, այդ թվում՝ 44-ը  միջին եկամուտներ ունեցող: Մինչև հունիս PISA-ի ղեկավարությունը պետք է որոշում կայացնի Հայաստանի անդամակցության վերաբերյալ:

 

Համակարգին անդամակցում են կրթության ոլորտում առաջատար համարվող մի շարք  երկրներ, մասնավորապես՝ Սինգապուրը, Ճապոնիան, Կանադան, ԱՄՆ-ը, Չինաստանը, Ֆինլանդիան, Նիդերլանդները, Կենտրոնական Եվրոպայի և Ասիայի  երկրները: Տարածաշրջանային երկրներից համակարգին անդամակցում են Ռուսաստանը, Վրաստանը, Թուրքիան, Մոլդովան և այլն:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

Այլ նորություններ
ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԲԱՐՁՐ ԷՆԵՐԳԻԱՆԵՐԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի միջուկային ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտ Էլմիրա Մելյանը մասնակցել է Բարձր էներգիաների ֆիզիկայի եվրոպական դպրոցին, որն անցկացվել է հունիսի 20-ից հուլիսի 3-ն Իտալիայի Մարատեա քաղաքում: Էլմիրան մեզ հետ զրույցում պատմեց իր տպավորությունների և ձեռքբերումների մասին:
5 ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ, ՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ
«Կան մի շարք մասնագիտություններ, որ սպասարկում են ՀՀ համար կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ ոլորտներ»: