07.04.2018 | 
Կրթություն
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍ. «ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԻՋՈՑՆ ՕՐԻՆԱԿՆ Է. ՄԵԶ ՕՐԻՆԱԿՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ, ՈՉ ԹԵ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍ. «ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԻՋՈՑՆ ՕՐԻՆԱԿՆ Է. ՄԵԶ ՕՐԻՆԱԿՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ, ՈՉ ԹԵ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
«Հայրենասիրությունը ոչ պետք է մասնագիտություն լինի, ոչ էլ փաստաթղթի վերնագիր։ Հայրենասիրությունը բարձր գաղափար է, որը չի կարելի տրոհել մասերի: Հայրենասիրության մասին իրավական փաստաթուղթ ունենալն անհրաժեշտ չէ»,- այսօր մեզ հետ զրույցում, անդրադառնալով «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության» նախագծին, կարծիք հայտնեց ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս Սերոբ Խաչատրյանը:

Նշենք, որ «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության» նախագիծը ԿԳ նախարարության կողմից ներկայացված է հանրային քննարկման։

 

Ըստ ԵՊՀ դասախոսի՝ հայրենասիրությունը չես կարող տեքստում կոդավորել և կիրառման նպատակով փոխանցել դպրոցներին։  Հայրենասիրության տարածման լավագույն միջոցն օրինակն է։ «Մեզ օրինակներ են պետք, ոչ թե ռազմավարություններ։ Ժամանակակից մանկավարժության կարևորագույն հենասյուներից մեկն այն է, որ այսօրվա երիտասարդներին չես կարող քարոզներով ու խոսքերով դաստիարակել»,- հավելեց նա:

 

Ս. Խաչատրյանի կարծիքով՝ Հայաստանի դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակությունն այսօր ավելի բարձր մակարդակի վրա է, քան ստեղծագործական և քննադատական մտածողության զարգացումը։

 

ԵՊՀ դասախոսը նաև հավելեց, որ նախագծում կան սուր ձևակերպումներ, որոնք հարիր չեն կրթական փաստաթղթին։  «Օրինակ՝ օտար մշակութային արժեքներին հաղորդակից լինելը դիտվում է որպես մարտահրավեր, որի հետ ես համաձայն չեմ: Կարծում եմ՝ ճիշտ կլիներ նախարարությունը մշակեր «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի բարելավման հայեցակարգ: Փաստաթղթի կատարողականի ցուցանիշները հիմնականում վերաբերում են «Նախնական զինվորական պատրաստություն» առարկային և զինղեկներին»,- հավելեց բանախոսը:

 

ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն, նախկին համալսարանական  Վարդան Դևրիկյանի կարծիքով՝ այս նախագիծը նպատակաուղղված է հատուկ կադրային քաղաքականությանը, կադրերի հետ մեթոդական աշխատանքների իրականացմանը, դասագրքերի և մեթոդական ձեռնարկների հրատարակմանը: Նրա խոսքով՝ նախագիծն ընդունվելու դեպքում կծառայի երկու կարևոր նպատակների:

 

 «Առավել արդյունավետ կդարձնի «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդումը՝ այն հարմարեցնելով արդի չափանիշներին, և դպրոցում ռազմահայրենասիրական դաստիարակությունը կզուգակցի ազգային արժեքային համակարգի և համամարդկային արժեքների ներարկման երկու կարևոր արժեքների հետ»,- հավելեց  նա:

 

 

Վ. Դևրիկյանը թեև դրական գնահատական է տալիս նախագծին, սակայն գտնում է, որ նախագծում անհրաժեշտ են որոշակի փոփոխություններ կատարել, մասնավորապես այն հատվածում, որտեղ օտար մշակութային արժեքներին հաղորդակից լինելը դիտվում է որպես մարտահրավեր: «Որպեսզի կրքերը մեղմվեն և ոչ մեկի մոտ որևէ մտահոգություն չլինի, ճիշտ կլինի նախագծում վերոնշյալ հատվածը հանել, քանի որ հայրենիքի պաշտպանությունը կապված է արտաքին վտանգների հետ: Եթե այդ հատվածը չլինի, ապա բոլոր մտավախությունները կփարատվեն» ,- հավելեց  Գրականության ինստիտուտի տնօրենը: 

 

Ըստ Վ. Դևրիկյանի՝ սխալ է այն մտավախությունը,  որ այս նախագիծը կարող է կրթական համակարգի տոտալիզացման արդյունք դառնալ, քանի որ այն որոշ լրացումներով մինչ այժմ եղածի հանրագումարն է: «Միայն առողջ ռազմահայրենասիրական ոգով դաստիարակված սերունդը կարող է տեր կանգնել իր հայրենիքին»,- հավելեց նա:

 

 

 

 

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
Մինչհամալսարանական կրթության վարչությունն այսօր կազմակերպել էր հերթական մարզային այցելությունը: Այս անգամ ԵՊՀ դասախոսական անձնակազմն աշակերտների հետ հանդիպումն անցկացրել է Չարենցավանի ավագ դպրոցում:
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ՈւԳԸ նախաձեռնությամբ այսօր չորրորդկուրսեցիները ծանոթացան «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի հնարավորություններին ու հեռանկարներին: