30.11.2017 | 
Քաղաքականություն
ԿԱՅԱՑԱՎ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ԿԱՅԱՑԱՎ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ գիտխորհրդի նիստ՝ օրակարգային 9 և ընթացիկ մի շարք հարցերով:

Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր պարգևատրումներին. մի շարք համալսարանականներ արժանացան մեդալների, շնորհակալագրերի ու հավաստագրերի:

 

Գիտխորհրդի անդամներին նախ ներկայացվեց պրոֆեսորի, դոցենտի գիտական կոչումների շնորհման արժանացող թեկնածուների ցուցակը. փակ քվեարկության արդյունքների համաձայն՝ 1 հոգի ստացավ պրոֆեսորի (ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյան), 10 հոգի՝ դոցենտի գիտական կոչումներ:

 

2017-2018 ուստարվա բակալավրիատի և մագիստրատուրայի ընդունելության արդյունքների, 2016-2017 ուստարվա դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումների արդյունքների, ինչպես նաև այս ուստարվա ամբիոնային բեռնվածության մասին զեկուցեց Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը:

 

Պրոռեկտորը ևս մեկ անգամ բարձրաձայնեց ԵՊՀ կրթական ծրագրերում օտարալեզու ծրագրերի ներդրման, միասնական ընդունելության դաշտի բացակայության, ինչպես նաև միջպետական համաձայնագրով համալսարանների հետ գործունեություն ծավալելու հավասար պայմաններ ունենալու հիմնախնդիրները:

 

Ինչ վերաբերում է դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումների արդյունքներին, ապա Ալեքսանդր Գրիգորյանն ընդգծեց, որ ընդհանուր առմամբ գնահատման ցուցանիշները բարձրացել են, իսկ կոռուպցիոն դեպքերը՝ նվազել: Պրոռեկտորը նշեց նաև, որ հետագայում էլ շարունակելու են առցանց հարցումների իրականացումը և համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքները:

 

Գիտխորհրդի նիստում առաջին անգամ անդրադարձ եղավ ամբիոնային ծանրաբեռնվածության խնդրին: Ալեքսանդր Գրիգորյանը տեսապատկերի միջոցով ներկայացրեց ֆակուլտետային որոշ տվյալներ՝ մանրամասնելով ծանրաբեռնվածության նվազման պատճառները:

 

ԵՊՀ ղեկավարությունը մտահոգություն հայտնեց բուհի պրոֆեսորադասախոսական կազմում 65 տարեկանից բարձր մասնագետների մեծ թվի, պրոֆեսորների, ինչպես նաև գիտական աշխատանքների պաշտպանության նվազման փաստի վերաբերյալ:

 

«Հիրավի, բավականին մտահոգիչ է հիմնական պրոֆեսորադասախոսական կազմի միջին տարիքային ցուցանիշը: Այս ուղղությամբ մանրակրկիտ և հետևողական աշխատանք պետք է իրականացնել: Խիստ ուշադրության կարիք ունեն նաև  լաբորատոր աշխատանքների ցուցանիշների նվազումն ու առանց գիտական որևէ կոչման արտաքին համատեղությամբ դասախոսների մեծ քանակը»,- ասաց Արամ Սիմոնյանը:

 

Այնուհետև Մենուա Սողոմոնյանը ներկայացրեց «ԵՊՀ լավագույն ուսանող» մրցանակաբաշխության կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունները, որոնք քննարկումներից հետո ընդունվեցին գիտխորհրդի մասնակիցների կողմից:

 

ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի կատարման ընթացքի (2016-2017 ուստարի) մասին հաղորդեց ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչության պետ Ժասմեն Աղասյանը:

 

Վերջինս թվային տվալներ ներկայացրեց դասախոսների մասնակցության և վաստակած կրեդիտների մասին, անդրադարձավ նաև պարտադիր կրթական բաղադրիչների՝ անգլերենի և մասնագիտական արդի հիմնահարցերի քննություններին ԵՊՀ դասախոսների մասնակցության հարցին:

 

«Դասախոսները բավականաչափ դժվարություններ են ունենում անգլերենի ավելի բարձր մակարդակի շեմի հաղթահարման հարցում, ինչի արդյունքում էլ ընդհանուր առմամբ ոչ բավարար ցուցանիշներ են գրանցվում»,- նշեց Ժասմեն Աղասյանը և հավելեց, որ մասնագիտական դասընթացների կազմակերպման ու անցկացման գործում ևս պասիվություն է նկատվում:

 

ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանն էլ 2016-2017 ուստարվա արդյունքներով անդրադարձավ ուսանողների փոխատեղման (ռոտացիա) հարցին:

 

 

ԵՊՀ ՈՒԳԸ անցյալ տարվա գործունեությանն անդրադարձավ Ուսանողական գիտական ընկերության նախագահ Մհեր Հակոբյանը, ով մանրամասներ ներկայացրեց կազմակերպված ուսանողական միջոցառումների բնույթի, միջազգային մասնակցության ու հրապարակումների վերաբերյալ:

 

Մինչ ընթացիկ հարցերին անդրադառնալը գիտխորհրդի անդամները որոշեցին ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտ ընդունված արտասահմանցի օտարալեզու ուսանողների ուսման վարձը սահմանել 1 մլն 300 հազար դրամ:

 

Ընթացիկ հարցերի շրջանակում քննարկվեց ԵՊՀ-ում «Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն» կառուցվածքային ստորաբաժանում ստեղծելու մասին առաջարկությամբ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին դիմելու հարցը:

 

Առաջարկ եղավ նաև Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի սոցիալական հոգեբանության ու տեսական փիլիսոփայության և տրամաբանության ամբիոններն անվանափոխել համապատասխանաբար Սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոնի ու Տեսական փիլիսոփայության, տրամաբանության և հռետորիկայի ամբիոնի:

 

Մյուս առաջարկն էլ վերաբերում էր Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Մհեր Ջուլհաճյանի անվան օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզական կաբինետ» կառուցվածքային ստորաբաժանումը «Օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման և մոդելավորման Մհեր Ջուլհաճյանի անվան ուսումնական լաբորատորիա» կառուցվածքային ստորաբաժանման վերակազմակերպելու առաջարկությամբ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին դիմելուն:

 

Բոլոր առաջարկներն էլ միաձայն հաստատվեցին ԵՊՀ գիտական խորհրդի անդամների կողմից:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ի ԵՎ ԼՅՈՒԲԼՅԱՆԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԸ ՀՈՒՇԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ
Այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանն ու Սլովենայի Լյուբլյանայի համալսարանի պրոֆեսոր Դամյան Կորոսեչը նոր փոխգործակցություն ծավալելու փաստաթուղթ ստորագրեցին:
ԵՊՀ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՂԵԿԱՎԱՐԵԼ ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ
Այսօր ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի գիտխորհրդի նիստում 34 կողմ ձայնով ֆակուլտետի դեկան է վերընտրվել ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Սահակյանը: