ԻԻՀ ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտի Կովկասի և Կենտրոնական Ասիայի բաժնի վարիչ Ալիռեզա Բիգդելիին ընդունեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն ու ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:
Իրանի ԱԳՆ-ի արտաքին կապերի ուղղությամբ խոշորագույն հետազոտական կենտրոնի ներկայացուցիչների այցելության նպատակը մեկն էր. երկուստեք փոխշահավետ համագործակցություն սկսել Մայր բուհի հետ:
«Իրանագիտությունը ԵՊՀ-ում զարգացած ճյուղերից է, ինչին նպաստում է նաև իրանցի գործընկերների հետ ունեցած մեր գործնական, սերտ ու արդյունավետ հարաբերությունները: Համոզված ենք, որ Հայաստանի բարեկամ պետության հետ բազմաճյուղ կապերը նպաստում են երկու պետությունների զարգացմանն ու բարգավաճմանը»,- նշեց Արամ Սիմոնյանը:
ԵՊՀ ռեկտորը հյուրին նաև հակիրճ ներկայացրեց բուհի պատմությունը, ուսումնագիտական գործունեությունը, միջազգային կապերի ուղղությամբ իրականցվող աշխատանքները և այլ մանրամասներ:
Ալիռեզա Բիգդելին էլ շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը ջերմ ընդունելության համար և ներկայացրեց հետազոտական ինստիտուտի գործունեությունը, զարգացման հիմնական ուղղությունները, ինչպես նաև մանրամասնեց ԵՊՀ այցելության բուն նպատակը:
«Ուրախ ենք, որ հնարավորություն ընձեռվեց այցելելու Մայր բուհ՝ Հայաստանի խոշորագույն կրթական և հետազոտական կենտրոն: Իրան-Հայաստան քաղաքական, տնտեսական ու կրթական փոխգործակցության թեման բավականին լավ է ուսումնասիրվում մեր ինստիտուտում, ուստի վստահ եմ, որ երկու հաստատությունների համար էլ համագործակցության լայն հարթակ կա»,- ասաց հյուրը:
Ալիռեզա Բիգդելիին ԵՊՀ իրանագիտության ամբիոնի գործունեության մասին պատմեց ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, որից հետո էլ հյուրն այցելեց Արևելագիտության ֆակուլտետ: