ԵՊՀ ուսանողը 2018 թ.-ին կմեկնի երկշաբաթյա ուխտագնացության Երուսաղեմ: Մրցանակը սահմանել է Արարատյան Հայրապետական թեմը:
Ի տարբերություն «Ամենախելացին» ինտելեկտուալ նախորդ մրցույթի (ուսանողական), որին կարող էին մասնակցել ՀՀ բուհերի բակալավրիատի ցածր կուրսերի ուսանողները, այս տարի մասնակցելու հնարավորություն են ստացել նաև մագիստարտուրայի ուսանողները: Ընդ որում՝ մասնակիցները Հայաստանի ու Արցախի ուսանողներն էին:
«Առաջին անգամ, երբ ուսանողների համար կազմակերպվեց նախագիծը, որոշեցի չմասնակցել դրան, քանի որ ժամանակ չունեի, բայց արդեն այս եթերաշրջանին ընկերներս համոզեցին, որ մասնակցեմ և ուժերս փորձեմ, ես էլ համաձայնվեցի»,- մեզ հետ զրույցում ասաց Արամ Դալլաքյանը:
Մրցույթին մասնակցել ցանկացողները հայտերը լրացրել էին դեռևս գարնանը: Նրանց հնարավորություն էր տրվել ընտրելու իրենց հետաքրքրող թեմաները: Արամ Դալլաքյանը նշեց, որ սկզբից էլ ցանկացել է ընտրել իրեն հոգեհարազատ թեմաները` կրոն, պատմություն, գրականություն. «Առանձնապես չեմ պատրաստվել դրանց. սեփական գիտելիքներիս վրա էի հույսս դրել»:
«Դպրոցում ու համալսարանում ստացած, ինչպես նաև սեփական ջանքերով ձեռք բերված գիտելիքներս տարբեր ոլորտներից շատ կարևոր էին ինձ համար»,- նշում է Արամ Դալլաքյանը:
ԵՊՀ ուսանողը մրցույթի ամբողջ ընթացքում առաջնորդվել է հետևյալ կարգախոսով՝ «Հանգստություն պահպանել ամեն իրավիճակում». «Յուրաքանչյուր խաղի, հատկապես 2-րդ փուլի ժամանակ շատ էի լարվում, բայց աշխատում էի հանգիստ մնալ, որ չշփոթվեմ ու հարցերին ճիշտ պատասխանեմ: Հանգստություն ասելով ավելի շատ նկատի ունեմ հավաքվածություն, չհուզվելու, չշփոթվելու կարողություն, բայց ոչ դանդաղություն, որովհետև մրցույթում շատ մեծ տեղ է հատկացվում արագությանը»:
Արամ Դալլաքյանի խոսքով՝ կարգախոսն արդարացավ, և հենց դրա շնորհիվ է, որ հասավ հաջողության:
«Մրցույթի ընթացքում ձեռք բերեցի նոր գիտելիքներ, նոր ծանոթություններ և կատարեցի իմ նպատակներից մեկը` շահեցի Երուսաղեմ մեկնելու ուղեգիրը»,- հավելեց Արամ Դալլաքյանը: