21.12.2017 | 
Գիտություն
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ՝ ՆՈՐ ՄԱՏՈՒՑՄԱՄԲ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ՝ ՆՈՐ ՄԱՏՈՒՑՄԱՄԲ
Այսօր ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության անգլալեզու ատլասի և Օսմաներենի բուհական դասագրքի շնորհանդեսը:

Հայոց ցեղասպանության ատլասի կազմման աշխատանքներին մասնակցել են ԵՊՀ պատմության, աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետների ներկայացուցիչները, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) աշխատակիցները, ինչպես նաև օժանդակել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Ատլասի գլխավոր խմբագիրը ԵՊՀ ռեկտոր, պատ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանն է:

 

«Ատլասի հրատարակումը ինքնանպատակ չի եղել: Մենք ցանկանում էինք հնարավորություն տալ օտարալեզու, այս դեպքում՝ անգլալեզու հետազոտողներից զատ՝ նաև ատլասով և խնդրով հետաքրքրվող մարդկանց, պաշտոնական ատյաններին ունենալու այսպիսի աշխատություն: Առաջիկայում ակնկալում ենք ատլասը հրատարակել նաև այլ օտար լեզուներով, որովհետև այն բավականին մատչելի և թիրախավորված աշխատություն է: Խիստ մասնագիտական գիտելիքներ ունենալ պետք չեն ատլասում շատ բաներ հստակ և փաստարկված տեսնելու համար»,- նշեց ՀՀԻ փոխտնօրեն, պատմ. գիտ. թեկնածու Մհեր Հովհաննիսյանը:

 

 

Սահմանափակ քանակությամբ հրատարակված ատլասում ներկայացված են Հայոց ցեղասպանությանն առնչվող տարբեր հարցեր և պատմական իրադարձություններ՝ Հայկական լեռնաշխարհը՝ որպես հայ ժողովրդի բնօրրան, հայ-թուրքական պատերազմ, համիդյան կոտորածներ, արևելահայերի կոտորածներ և մայիսյան հաղթանակներ, Բաքվի հայերի կոտորած, մշակութային եղեռն, Սփյուռքի ձևավորում և այլն: Ատլասում ներառված են նաև պայմանագրեր, փաստաթղթեր և նկարներ: Զուգահեռաբար ներկայացվում է նաև հայերի դերը Օսմանյան կայսրությունում և Ռուսական կայսրությունում: Ատլասի վերջին հատվածում անդրադարձ կա նաև Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը:

 

Մյուս աշխատությունը, որը ներկայացվեց հանրությանը, Օսմաներենի բուհական դասագիրքն է: Նախացեղասպանության և ցեղասպանության փուլում փաստաշրջանառությունն իրականացվել է օսմաներենով: Հենց այս հանգամանքն է խթանել Օսմաներենի դասագրքի հրատարակումը՝ այդ ժամանակաշրջանի հետազոտությունները առավել արդյունավետ ներկայացնելու նպատակով:

 

 

Թե՛ Օսմանյան կայսրությունում, թե՛ Թուրքիայի Հանրապետությունում քիչ չեն եղել ազգությամբ հայ օսմանագետներ և լեզվաբաններ: Այնուամենայնիվ, հայաստանյան իրականության մեջ առաջին անգամ է հրատարակվել և ընթերցողների, ուսանողների դատին ներկայացվել Օսմաներենի բուհական դասագիրք:

 

Շնորհանդեսին ներկա էին նաև Օսմաներենի բուհական դասագրքի հեղինակային խմբի անդամները՝ ՀՀԻ հայ-օսմանական առնչությունների բաժնի աշխատակիցներ պատմ. գիտ. թեկնածու, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը, բան. գիտ. թեկնածու Լուսինե Սահակյանը բան. գիտ. թեկնածու Անի Սարգսյանը:

 

«Նորանկախ Հայաստանում, ԵՊՀ-ում և հատկապես ՀՀԻ-ում հսկայածավալ աշխատանքներ են տարվել օսմաներենի ուսումնասիրության և դասագրքաստեղծ գործունեության ասպարեզում: Օսմաներենի դասագրքի կարևորությունը ակնհայտ էր հայաստանյան բուհերում և սփյուռքահայ գաղութներում»,- նշեց Ալեքսանդր Սաֆարյանը:

 

Հավելենք, որ աշխատանքներ են տարվում օսմաներենին առնչվող հաջորդ գրքի հրատարակման ուղղությամբ, որը կլինի ավելի ծավալուն աշխատություն:

 

Տեղեկացնենք նաև, որ «Հայոց ցեղասպանության ատլասը» և «Օսմաներենի դասագիրքը» հրատարակվել են ԵՊՀ հրատարակչության կողմից:

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵՑ ՈՒԳԸ 5-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ ՈՒԳԸ 5-րդ միջազգային գիտաժողովի փակման հանդիսավոր արարողությունը:
«ԵՍ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ. ԸՆՏՐԵԼ ԵՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԻ ՃՅՈՒՂ, ՈՐԸ ԿԱՐՈՂ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ  ԷԼ ԱՎԵԼԻ ԶԱՐԳԱՑՆԵԼ». ԵՊՀ ԿՐՏՍԵՐ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ
Հայաստանում գործող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) շրջանակում ԵՊՀ կրտսեր գիտաշխատող, ԵԳԱԾ ղեկավար կազմի նորանշանակ անդամ Հայկ Զաքարյանը վերապատրաստվել է Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի լաբորատորիայում: