11.06.2019 | 
Հասարակություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ «ՔԱՐԻՑ ԹՈՒՂԹ» ԳԱՂԱՓԱՐԸ՝ «BIG IDEA CHALLENGE» ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ «ՔԱՐԻՑ ԹՈՒՂԹ» ԳԱՂԱՓԱՐԸ՝ «BIG IDEA CHALLENGE» ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոնը Լոնդոնի Սիթի համալսարանի (City University) և Չենջսքուլի (Change School) հետ Երևանի պետական համալսարանում իրականացրեց Բարձրագույն կրթության ձեռներեցության «Ստեղծարար միտք» (Creative Spark) ծրագիրը:

«Ստեղծարար միտք» ծրագրի նպատակն է նպաստել ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացմանը և աջակցել ծրագրի մասնակից երկրների՝ ներառյալ Հայաստանի, ուսումնական հաստատությունների միջև միջազգային համագործակցության ձևավորմանը:

Ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի կողմից Կենտրոնական Ասիայում (Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղստան), Հարավային Կովկասում (Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) և Ուկրաինայում:

Ծրագրի համակարգող Ռոզա Ալավերդյանը նշեց, որ մեկ տարվա ընթացքում 75 ուսանողներ և դասախոսներ հնարավորություն են ունեցել կատարելագործելու անգլերենի իմացությունը՝ դառնալով «Learn English Select» դասընթացի շահառուներ:

Ըստ Ռոզա Ալավերդյանի՝ ավելի քան 90 ուսանողներ ստացել են ձեռնարկատիրական գիտելիքներ և հմտություններ՝ մասնակցելով «Ստեղծարար ձեռներեցության» դասընթացներին, որոնք անցկացվել են Բրիտանական խորհրդի կողմից կազմակերպված «Ձեռնարկատիրական հմտություններ և դասավանդում» ծրագրի շրջանակում:



Այդ դասընթացի նպատակն էր մասնակիցներին տալ բիզնես գաղափար ձևավորելու, նորարարական տեխնոլոգիաներ մշակելու և կենսունակ բիզնես մոդելներ կազմելու հմտություններ, ինչպես նաև ստանալ մենթորների խորհրդատվություն:

Ինչպես նշեց Ռոզա Ալավերդյանը, նմանօրինակ դասընթացները կարևոր են, քանի որ անկախ ընտրած ոլորտից՝ ուսանողները ձեռք են բերում ձեռնարկատիրական հմտություններ և դրանք կիրառելու կարողություն:



«Այս ծրագիրը միջազգային փորձն ու ժամանակակից մոտեցումները ԵՊՀ ուսանողներին փոխանցելու համար հիանալի հարթակ էր»,- ասաց Ռ. Ալավերդյանը:

Նշենք, որ ծրագրի տրամաբանական շարունակությունն է «Big Idea Challenge» գաղափարների մրցույթը, որի տեղային փուլում հաղթող ճանաչված 10 տեսահոլովակների շարքում էր նաև ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոնի թիմը՝ «Քարից թուղթ» գաղափարով:
Թիմի անդամներն են Քիմիայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Շուշաննա Վարդանյանն ու Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Արաքսյա Առաքելյանը:



Նրանք թղթի ստացման այլընտրանքային տարբերակ են առաջարկում: Ըստ նրանց գաղափարի՝ կրաքարի օգտագործմամբ թղթի ստացումը չի վնասում բնությանը և քիչ ծախսատար է:

 

Պատրաստեց Մարի Ռաֆյանը

Այլ նորություններ
ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՏԻՄ-ԵՐԻՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Ջրօգտագործման թույլատվությունների հայտերի վերաբերյալ ՏԻՄ-երին ծանուցելու մասին» քաղաքականության համառոտագրի նախագծի կլոր սեղան-քննարկում:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԱՍԱԽՈՍ ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԸ ԹԲԻԼԻՍԻԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը՝ որպես հրավիրյալ դասախոս, հունիսի 14-ին Թբիլիսիի պետական համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ: