22.10.2018 | 
Հասարակություն
ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹԻ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ
ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹԻ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տեղի ունեցավ Դավիթ Անհաղթի աշխատության գերմաներեն թարգմանված գրքի շնորհանդեսը:

Դավիթ Անհաղթի «Մեկնութիւն ի Վերլուծականն Արիստոտէլի» աշխատության գերմաներեն թարգմանության հեղինակը Անի Մկրտչյանն է: Նա սովորել է Ռուսաստանում, Գերմանիայում, իսկ թարգմանությունը լույս է ընծայել Անի Մենուա կեղծանվամբ:

Մեզ հետ զրույցում թարգմանիչը նշեց, որ ընտրել է Մենուա կեղծանունը, քանի որ հաճախ էր տեսնում այդ անվան օտարումը հայկական արմատներից, և սա յուրօրինակ վերադարձ է հայկականությանը:

Թարգմանությունը կատարվել է գրաբարից և ռուսերենից, աշխատանքը տևել է 4-5 տարի:

Գրքի թարգմանության անհրաժեշտության մասին խոսելիս հեղինակն ասաց, որ իր համար առաջնահերթ էր ստեղծել կամուրջներ Հայաստանի և Գերմանիայի միջև. «Կարծում եմ, որ այդ կամուրջները լավագույնս կառուցվում են փիլիսոփայական դաշտում»:

Կարևորելով Դավիթ Անհաղթի աշխատության թարգմանությունը՝ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը խոսեց հայ փիլիսոփայությունը եվրոպական ուսումնասիրողներին ներկայացնելու անհրաժեշտության մասին:

Գրքի շնորհանդեսին ներկա էին Մշակույթի նախարարության, ինչպես նաև ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Շնորհավորական խոսքով և մասնագիտական ակնարկներով հանդես եկան Փիլիսոփայության պատմության ամբիոնի վարիչ Սեյրան Զաքարյանը, նույն ամբիոնի դոցենտ Սիլվա Պետրոսյանը և այլք:



Փիլիսոփայության պատմության ամբիոնի պրոֆեսոր Հրաչիկ Միրզոյանը նշեց, որ այս աշխատությունը Դավիթ Անհաղթի ամենաքիչ ուսումնասիրված աշխատությունն է: Շատ գովելի է, որ հենց դրան է անդրադարձել թարգմանիչը:

Թարգմանիչ Անի Մկրտչյանն ասաց, որ անհրաժեշտ է ստեղծել հայ փիլիսոփայության անթոլոգիա, քանի որ այն հնարավորություն կտա հայ փիլիսոփայության միտքը ամբողջությամբ ու կանոնակարգված ներկայացնելու աշխարհին:

Գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանը, խոսելով համագործակցության մասին, շեշտեց, որ ԵՊՀ-ի և Համահայկական միջազգային ակադեմիայի միջև 4 տարի առաջ պայմանագիր է ստորագրվել, որի շրջանակում որոշվել է տպագրել այս գիրքը:

 

Այլ նորություններ
«ՀԱՐԳԵԼՈՎ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ՝ ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱԼԻՍ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ»․ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Երևանի պետական համալսարանի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն այսօր բարձրացան Ծիծեռնակաբերդ ու անմար կրակի մոտ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԸ. ԴՈԼՈՐԵՆՍ ԶՈՀՐԱՊ-ԼԻԲՄԱՆ, ԳԱՌՆԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ԱՇԽԵՆ ՏԻԳՐԱՆՅԱՆ
Որքան էլ Հայոց ցեղասպանության թեման բազմիցս արծարծված լինի, միևնույն է, այն շարունակում է մնալ արդիական: Ցեղասպանության մնացորդները սպիի նման խրված են մնում վերապրածների և հաջորդող սերունդների հիշողության ծալքերում: