22.07.2021 | 
Հասարակություն
«ԼՍԱՐԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՓՈԽՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ, ԻՍԿ ԴՐԱ ՀԻՄՔՈՒՄ՝ ԳԻՏԵԼԻՔ». ՆԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԼՍԱՐԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՓՈԽՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ, ԻՍԿ ԴՐԱ ՀԻՄՔՈՒՄ՝ ԳԻՏԵԼԻՔ». ՆԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ Նարինե Հարությունյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի հասարակագիտական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Հարությունյանի հետ զրուցել ենք մասնագիտական ու մանկավարժական գործունեության, ընտանիքի կայունության վրա ազդող գործոնների, արժեհամակարգային փոփոխությունների, ինչպես նաև որդու՝ Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած ու անմահացած, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանող Խաչիկ Պողոսյանի մասին։

- Տիկի՛ն Հարությունյան, ե՞րբ հասկացաք, որ ցանկանում եք հոգեբան դառնալ։

 

- Ես առաջին մասնագիտությամբ կենսաբան եմ, այդ տարիներին ԵՊՀ-ում հոգեբանության մասնագիտացում դեռևս չկար։ 4-5-րդ կուրսերում սովորում էի ԵՊՀ հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում, որտեղ ուսումնասիրում էինք հոգեբանություն: Ուսումնառության հենց այդ տարիներին էլ որոշեցի, որ պետք է դիմեմ ասպիրանտուրա ԵՊՀ հոգեբանության ամբիոնում։ Ընդունվելուց հետո էլ սկիզբ դրվեց հոգեբանի իմ գործունեությանը։

 

- Ինչպիսի՞ն պետք է լինի հոգեբանը։ Կա՞ն բնավորության գծեր կամ սկզբունքներ, որոնք պարտադիր պետք է ունենա լավ հոգեբանը։

 

- Մասնագիտական սկզբունքները, որոնց հոգեբանը պետք է հետևի, վաղուց արդեն մշակված են։ Անկեղծ ասած՝ ես հակված չեմ լավ կամ վատ հոգեբանի տարբերակմանը, քանի որ կարծում եմ, որ եթե մարդը դառնում է հոգեբան, ապա նախևառաջ կրթություն է ստանում, գործնական հմտություններ ձեռք բերում, ծանոթանում մասնագիտական էթիկայի կանոններին ու սկզբունքներին ու ձգտում հասնել լավ արդյունքների։ Իսկ լավ արդյունքների հասնելու ձգտումը խթանում է անընդհատ կատարելագործվել ու արհեստավարժ լինել։

 

Մասնագիտական սկզբունքները տարբեր են, որոշները՝ հայտնի՝ գաղտնիություն, չվնասելու սկզբունք և այլն։ Բնավորության գծերի վերաբերյալ էլ կարող եմ ասել, որ յուրաքանչյուր հոգեբան իր գործունեությունը համեմում է անհատական առանձնահատկություններով, որոնք տարբեր են ու հետաքրքիր։

 

- Տիկի՛ն Հարությունյան, իսկ ինչպե՞ս է պետք պատրաստել լավ հոգեբան, ի՞նչ մեթոդներ եք կիրառում Դուք։

 

- Ուսումնական գործընթացի ժամանակ յուրաքանչյուր մեթոդ ընդունելի է, եթե վերջնարդյունքը գիտելիք տրամադրելն է։ Համընդհանուր մեթոդներից զատ՝ մանկավարժը, ուսուցանողը միշտ էլ մշակում է իր մեթոդները՝ մատուցելու անհրաժեշտ նյութը, տեղ հասցնելու պահանջվող տեղեկությունը՝ պայմանավորված իր բնավորությամբ, խառնվածքով։ Իմ կարծիքով, կարևորը մեթոդները չեն, կարևորը ձգտումն է, որ գիտելիքն առավելագույնս տեղ հասնի։ Բոլոր մեթոդներն ու միջոցները պետք է գիտելիքակենտրոն լինեն։ Լսարանում պետք է փոխհամագործակցություն լինի, իսկ դրա հիմքում՝ գիտելիք։

 

- Հիշո՞ւմ եք Ձեր առաջին այցելուին։

 

- Առաջին այցելուին, իհարկե, հիշում եմ։ Այն, ինչ այդ ժամանակ առաջին հերթին զգում էի, պատասխանատվությունն էր։ Այցի ամբողջ ընթացքում կարմիր թելի պես պատասխանատվության զգացումն էր ուղեկցում։ Իհարկե, այդ զգացողությունը հիմա էլ կա, բայց այժմ մի փոքր այլ է։ Ժամանակի ընթացքում աշխատանքի որոշակի համակարգ է ձևավորվում, որին սկսում ես հետևել ու ըստ այդմ գործել։  

 

-Տիկի՛ն Հարությունյան, ինչպե՞ս պետք է հասկանալ, որ անհրաժեշտ է այցելել հոգեբանի։

 

-  Ասել, թե այցելուն երբ է հասկանում, որ պետք է դիմի հոգեբանի, իրականում բարդ հարց է։ Նախևառաջ չպետք է մոռանանք հասարակական, սոցիալմշակութային, էթնիկ մեր առանձնահատկությունները, պետք է արձանագրենք, թե հոգեբանի դերն ինչ ընկալում ունի մեր հասարակության պատկերացումներում։ Սրանք գործոններ են, որոնք ազդում են գործընթացի վրա։ Անձնային մակարդակում էլ կան ազդեցիկ մի շարք գործոններ։ Եթե անձն իր կողքին ունի վստահելի մարդ, որի խոսքն ընդունելի է, և եթե նա խորհուրդ է տալիս դիմել հոգեբանի, դա կնպաստի, որ անձն այցելի և խնդրին լուծում տա։

 

Ցավոք, մեր հասարակությունում շատ ուշ են դիմում հոգեբանի. սկզբում դիմում են բժշկի, ու եթե վերջինս նույնիսկ նշում է, որ բժշկական տեսանկյունից որևէ խնդիր չկա, միևնույնն է, էլի չեն դիմում հոգեբանի։ Իհարկե, լինում են նաև դեպքեր, երբ անձի ընկալումները, գիտելիքները, պատկերացումները թույլ են տալիս միանգամից դիմել մասնագետի։ Արտասահմանյան զարգացած երկրներում հոգեբանները բավականին պահանջված են, գործում է նաև ընտանեկան հոգեբանի ինստիտուտը։ Շատ ժամանակ մարդիկ այնտեղ այցելում են հոգեբաններին՝ ուղղակի զրուցելու։ Ես հույս ունեմ, որ նման մշակույթ կներդրվի նաև մեր երկրում։ Ի դեպ, ես նկատում եմ դրական միտում։ Մանավանդ վերջին շրջանում մեր երկրում տեղի ունեցած ոչ էվոլյուցիոն փոփոխությունները, ֆորս մաժորային իրավիճակներն ինչ-որ տեղ մարդկանց գիտակցության մեջ հոգեբանի դերի, դիրքի ու նշանակության ընկալման փոփոխություն մտցրին։ Եվ փառք ու պատիվ մեր բոլոր հոգեբաններին, որոնք մինչև այսօր շատ մեծ ակտիվություն են ցուցաբերում։ 

 

 

- Ձեր ատենախոսությունը եղել է «Սոցիալ-հոգեբանական գործոնների ազդեցությունը ժամանակակից ընտանիքի կայունության վրա» թեմայով։ Կա՞  վիճակագրություն, թե ինչ գործոններ են այսօր ազդում ընտանիքի կայունության վրա։

 

- Ատենախոսության թեմայի շրջանակում ես հեղինակել եմ նաև «Ընտանիքի կայունության հոգեբանական հիմքերը» մենագրությունը, որը տպագրվել է 2018 թվականին։ Գրքում արտացոլված են երկարատև հետազոտությունների արդյունքները և դրանց հիման վրա դուրս բերված ընտանիքի կայունության մոդելը։

 

Ես գործունեությանս ընթացքում աշխատում եմ նաև զույգերի հետ և կարող եմ ասել, որ քիչ բան է փոխվել այդ ոլորտում։ Ընտանիքի կայունության վրա ազդող այն գործոնները, որոնք հայտնաբերվել են վերջին շրջանում, այսօր էլ շատ արդիական են։ Այդօրինակ գործոններից են կնոջ սոցիալական ակտիվությունը, այդ հարցի վերաբերյալ ամուսինների միջև համաձայնությունը, երեխաների դաստիարակության ու խնամքի մասին համաձայնությունը և այլն։

 

Հետաքրքրական է, որ այս գործոնները՝ որպես արժեքներ և գործառույթներ, առաջնային պլան են մղվել։ Հուզական հոգեթերապևտիկ շփումը, իրար աջակցելու, համագործակցելու, վստահելու, միմյանց նվիրված լինելու գործոններն այսօր շատ են կարևորվում ընտանիքում։ Այսօր կարևոր է, որ ընտանեկան պարտականություններն ամուսիններն իրականացնեն երկուստեք և դրանց նկատմամբ համապատասխանաբար կրեն որոշակի պատասխանատվություն:

 

- Տիկի՛ն Հարությունյան, իսկ այդ փոփոխությունները վկայո՞ւմ են արդյոք մտածելակերպի փոփոխության մասին։

 

- Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի ասել՝ արժեհամակարգի փոփոխությունների արդյունք են։ Համընդհանուր փոփոխություններն իրենց հետ բերել են արժեհամակարգի փոփոխություն, որն էլ իր հերթին՝ ընտանեկան արժեհամակարգի հիերարխիայի փոփոխություններ:

 

- Իսկ արժեհամակարգային այդ փոփոխությունը լա՞վ է, թե՞ վատ։

 

- Ես կարծում եմ, որ ամեն հասարակարգ ունի իր պահանջները։ Այսօրվա հասարակարգի փոփոխվող պահանջներին զուգահեռ՝ փոփոխություններ են տեղի ունենում նաև ընտանիքում, որոնց որակում տալը ճիշտ չէ։ Համընդհանուր փոփոխություններին զուգահեռ՝ եթե ընտանիքը նոր մոդելներ, վարքի նոր ձևեր չմշակի, արժեհամակարգում նոր արժեքներ չներառի և առաջնայնություն չտա այն արժեքներին ու գործառույթներին, որոնք պահանջված են, ապա դուրս կմնա հասարակական համակարգից՝ չկարողանալով իրացնել իր՝ որպես հասարակության կարևոր միավորի, սոցիալական օղակի պարտավորությունները։ Ես գտնում եմ, որ փոփոխություններն անհրաժեշտ են, որովհետև ընտանիքը, այսպես թե այնպես, ենթարկվում է փոփոխությունների և ըստ այդմ՝ անպայման պետք է վերակառուցվի, այլապես շատ բարդ կլինի։

 

- Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք գիտության ոլորտի պատասխանատուներին։

 

- Ես շատ կուզեմ, որ գիտության ոլորտի պատասխանատուներն ավելի մեծ ուշադրություն դարձնեն հոգեբանական ուսումնասիրություններին։ Վերջին շրջանի իրադարձությունները ցույց տվեցին, թե ինչքան կարևոր դեր ունի հոգեբանությունը։ Իսկ ոլորտի զարգացումը պետական հոգածության կարիք ունի, որովհետև անհատապես հոգեբանները, այո՛, կարող են ինքնակատարելագործվել, հարստացնել տեսական գիտելիքները, բայց անհրաժեշտ են լաբորատորիաներ, համապատասխան սարքավորումներ, որ զարգացումը միջազգային չափանիշներին համընթաց լինի։

 

- Տիկի՛ն Հարությունյան, ինչքան էլ ծանր լինի, սակայն չենք կարող չխոսել պատերազմի մասին, որի ընթացքում անմահացավ, հերոսացավ ու հավերժի ճամփորդ դարձավ Ձեր որդին՝ ԵՊՀ ուսանող Խաչիկ Պողոսյանը։ Կպատմե՞ք նրա մասին։

 

- Ինձ համար այսօր ամենադժվարը Խաչիկի մասին խոսելն է: Խաչիկս սիրահարված էր կյանքին ու շատ թեթև էր նայում ամեն ինչին։ Նա միշտ լուծում ուներ բոլոր խնդիրների համար։ Ուզում եմ հիշել, թե ինչ խնդրի ենք բախվել, կամ ինչ հարցեր են եղել, որ երկար ենք փորձել լուծել, ինչ խնդիր է նա տուն բերել, չեմ մտաբերում։

Ամենաշատը ցավում եմ, որ կյանքով այդքան լեցուն, կյանքն այդքան սիրող տղաս այս կյանքը չի վայելում։

 

Բոլորն ասում են, որ նա զուսպ էր, քչախոս, բայց ես կասեի՝ ոչ թե քչախոս, այլ տեղին խոսող։ Նա մի արտահայտությամբ կարող էր մի ամբողջ պատմություն ներկայացնել, մի բառով այնպիսի հումոր անել, որ բոլորը ծիծաղեին։ Խոսքի արժեքն իմացող ու կազմակերպված, համարձակ ու հայրենասեր տղա էր։ Հայրենիքն իր մեջ էր։ Պատերազմի ժամանակ երկու օր լուր չունեինք, մեզ ասացին, որ թեժ կռիվներ են եղել, ամսի 4-ին արդեն իմացանք սարսափելի լուրը։  Պատերազմն անողոք է:

 

- Նրա մասին ի՞նչ թանկ հուշեր կպատմեք մեզ։

 

- Խաչիկս սովորում էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, ու հիմա հիշում եմ, որ երբ լրացնում էր ընդունելության դիմում-հայտը, նշեց միայն Իրավագիտության ֆակուլտետը՝ անվճար և վճարովի՝ ասելով, որ ուրիշ ֆակուլտետ, միևնույնն է, չի գնալու։ Մի կերպ համոզեցինք, ու դիմում-հայտում նշեց նաև Իրանագիտությունը և Հոգեբանությունը՝ ինձ ու հայրիկին չնեղացնելու համար՝ կրկնելով, որ միևնույնն է, միայն Իրավագիտության ֆակուլտետ է գնալու։

 

Հիշում եմ, որ պարապում էր ընդունելության քննությունների համար, երբևէ չի եղել, որ ես ասեմ՝ իսկ պարապմո՞ւնքդ։ Խաչիկս եթե որևէ նպատակ էր դնում իր առջև, գիտեր, թե ինչ է պետք դրան հասնելու համար:

 

Մեր երազանքները, նրա նպատակները, ցանկությունները, ամենը կիսատ մնացին։ Ես հետո գիտակցեցի, թե ինչքան նպատակներ ու ցանկություններ ունեի, որ կապված էին նրա հետ։

 

- Ձեր հոգում ամբարած վիշտն ու կսկիծը պարուրելով Ձեր մասնագիտական բարձր կարողությամբ՝ ի՞նչ խոսքերով կդիմեք հերոս ծնած մեր որդեկորույս մայրերին։

 

- Ինչ-որ մի պահ որոշեցի, որ Խաչիկի մասին խոսելիս չպետք է հուզվեմ, լաց լինեմ: Նա ուժեղ տղա էր, համարձակ, կազմակերպված: Լացը նրան չէր սազի:  Կան մայրիկներ, որոնց հետ մենք շփվում ենք, այն ժամանակ ասում էին՝ մենք էլ գնանք, հասնենք մեր երեխաներին, ես էլ ասում էի՝ ինչքան էլ հավատանք երկնային կյանքին, միևնույնն

է, մենք պետք է այստեղ ապրենք, որ մեր տղաները շարունակեն մեզ հետ ապրել։ Մենք ենք նրանց ապրեցնողը:

 

- Տիկի՛ն Հարությունյան, ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր գործընկերներին և ուսանողներին։

 

- Ես շատ կուզեմ, որ թե՛ մեր դասախոսները, թե՛ ուսանողները կրթությանը վերաբերեն որպես համագործակցության, որովհետև իմ կարծիքով, սովորելը համագործակցություն է։ Հաջողություն եմ մաղթում բոլորին։ Ես շատ եմ սիրում համալսարանը, այն ինձ համար կրթօջախից ավելին է։

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԱՊԱԳԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆՆ Է. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել «Կիրառական գիտելիքներ և հմտություններ զարգացման հոգեբանության բնագավառում» թեմայով դասախոսություն, որը վարում էր ԱՄՆ-ից ժամանած լիցենզավորված կլինիկական հոգեբան, Բրաունի համալսարանի դոկտոր Անահիտ Ազարյանը:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆ ԹԻՎ 65-Ն ՀՐԱՄԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը հայտարարություն է տարածել Առողջապահության նախարարի՝ 2021 թ. օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-ն հրամաններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 65-Ն հրամանի սահմանադրականության վերաբերյալ: