22.05.2020 | 
Հասարակություն
«ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՍԿ ԳԻՏԵԼԻՔԻ ՀԱՂՈՐԴՈՒՄ ՉԷ. ԱՅՆ ՆՈՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՄԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է». ՍԻԼՎԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
«ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՍԿ ԳԻՏԵԼԻՔԻ ՀԱՂՈՐԴՈՒՄ ՉԷ. ԱՅՆ ՆՈՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՄԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ Է». ՍԻԼՎԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՊՀ փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դոցենտ Սիլվա Պետրոսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի հասարակագիտական անվանակարգի հաղթողներից է: Տիկին Պետրոսյանի հետ զրուցել ենք կրթության ոլորտի մարտահրավերների, նոր մեթոդների կիրառման և նրա կողմից իրականացվող հետազոտական աշխատանքների մասին:

- Տիկի՛ն Պետրոսյան, կպատմե՞ք, թե ինչպես եք ընտրել Ձեր մասնագիտությունը և որոշել ստացած գիտելիքները հաղորդել եկող սերնդին:

 

- Մասնագիտությունս (եթե փիլիսոփայությունը կարելի է անվանել մասնագիտություն, ըստ իս, այն ավելի շուտ ընդհանրա-գիտություն, համա-գիտություն  է, ես կասեի, որ նույնիսկ սոսկ գիտություն չէ, այլ՝ ապրելակերպ) ընտրել եմ դպրոցական տարիքում, երբ ուսանող քրոջս շնորհիվ առիթ ունեցա հաղորդակցվելու փիլիսոփաների հետ ու փիլիսոփայական տեքստերին։ Զգացի, որ բոլոր ոլորտներից ամենաշատը դա է ինձ գրավում, թեպետ ուսուցիչներս ինձ այլ խորհուրդներ էին տալիս։ Նրանցից ամեն մեկը ցանկանում էր, որ շարունակեմ իր առարկայի ուղղությամբ։ Սակայն ես հստակ գիտեի, որ ցանկանում եմ ուսանել փիլիսոփայության ֆակուլտետում, քանի որ ինձ հուզող կարևորագույն հարցերի պատասխանները հույս ունեի գտնել փիլիսոփայության օգնությամբ։ Եվ ուրախ եմ, որ չսխալվեցի։

 

ԵՊՀ-ում ուսանողական տարիներս հիշում եմ մեծ հաճույքով, քանի որ առիթ եմ ունեցել հաղորդակցվելու բարձր մտածական մշակույթի տեր դասախոսների հետ, որոնցից սովորում էինք և՛ մտածել, և՛ հարցերը դիտարկել տարբեր կողմերից՝ որոնելով կուռ հիմնավորումներ։ Սակայն փիլիսոփայականին հաղորդակցվելու ոգևորությանս զուգահեռ՝ տարիների ընթացքում սկսեցի ցավով նկատել, թե մեզանում երբեմն որքան է զգացվում տարրական իմաստասիրման, արժեքների ու մարդկայնության պակասը։ Ինչ վերաբերում է դասավանդելուն, ես այն ընկալում եմ որպես ուսանողների հետ համատեղ մտածելու գործընթաց, ճշմարտության համատեղ որոնման մի գրավիչ ու ամեն սերնդի հետ նորովի իրականացվող ընթացք։

 

- Ըստ Ձեզ՝ ի՞նչ մարտահրավերներ կան այսօր կրթության ոլորտում:

 

- Կրթությունն այսօր, ինչպես շատ այլ բնագավառներ, նոր, հարափոփոխ իրականությանը հարմարվելու խնդիրներ ունի։ Այն իր բնույթով պահպանողական է, քանի որ ինչ-որ իմաստով հետահայաց է՝ ամեն նոր սերնդի հնարավորություն է տալիս հաղորդակցվելու իրենից առաջ մարդկության ունեցած ձեռքբերումներին։ Սակայն լավագույն կրթությունը, պարունակելով այդ հետահայացության տարրը, պետք է ունենա նաև ապագայի հստակ տեսլական, պետք է ինչ-որ իմաստով առաջ ընկնի ժամանակից։ Բացի դրանից՝ կրթությունը պետք է ոչ թե պատրաստի պատասխաններ մատուցի սովորողներին, այլ սովորեցնի մտածել, սովորեցնի ձևակերպել ու լուծել խնդիրներ։ Ներկայումս ահագնացող տեղեկատվական հոսքերի պայմաններում խիստ կարևորվում է քննադատական մտածողության՝ պիտանի, արժեքավոր և անպիտան կամ նույնիսկ վնասակար տղեկատվության տարբերակման ու տեղեկատվական մաքրակեցության գաղափարը։ Պարզվում է, որ էկոլոգիական աղբը ոչ միայն բնական միջավայրում է շատանում, այլև մտոլորտում, մտածական տիրույթում։ Եվ այսօրվա մարդը պետք է կարողանա կարգ ու կանոն հաստատել նաև այդ ոլորտում, իսկ դրա համար նա պետք է ունենա մտածողության հմտություններ ու արժեքային կողմնորոշիչներ, որոնց զարգացումն էլ սովորողների շրջանում կրթության ոլորտի խնդիրն է։

  

- Ի՞նչ մեթոդներ կարելի է կիրառել այսօր՝ ուսուցումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:

 

- Այսօր շատ կարևոր են խաղարկային տարր պարունակող, փոխներգործուն մեթոդները, որոնց շնորհիվ սովորողներն ակտիվորեն ներգրավվում են ուսումնառության գործընթացում՝ դառնալով դրա լիիրավ պատասխանատուները։ Մտածողության և հաղորդակցական հմտություններին տիրապետելու տեսանկյունից կարևոր են դերային խաղերը, մոդելավորումները, փոքր և մեծ խմբային աշխատանքներն ու բանավեճ-քննարկումները։ Իսկ հետազոտական հմտությունների զարգացման տեսանկյունից արդյունավետ են անհատական ու խմբային նախագծերը։

 

Ներկայումս, բնականաբար, առավել կարևորվում է ՏՀՏ-ների ներգրավումը կրթության գործընթացում, և ուրախությամբ պետք է նշեմ, որ ԵՊՀ-ն այս ոլորտում հայաստանյան, և ինչու չէ, նաև ԱՊՀ տարածաշրջանի առաջատարներից մեկն է՝ նորարարական դասավանդման ու ուսումնառության օժանդակմանը միտված «PRINTeL» ծրագրի շնորհիվ։ Ծրագրի շրջանակում և՛ բազմաթիվ դասախոսներ են վերապատրաստվել (այդ գործընթացը շարունակական է), և՛ շուտով լույս կտեսնեն նորարարական ու ՏՀՏ-ների ներգրավմամբ ուսուցում-ուսումնառության մեթոդներին նվիրված գրքույկ-ուղեցույցներ։ Իսկ այն, որ էլեկտրոնային հարթակներն անհրաժեշտ են կրթական գործընթաց իրականացնելու համար, թագավարակի այս ճգնաժամից հետո այլևս կասկածի ենթակա չէ, և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել համալսարանական հեռավար հարթակը գործարկող անձնակազմին՝ այս ամիսներին մեր անխափան աշխատանքն ապահովելու համար։ 

 

- Տիկի՛ն Պետրոսյան, ըստ Ձեզ՝ կարևո՞ր է, որ դասախոսը, մանկավարժական գործունեությանը զուգահեռ, իրականացնի նաև գիտահետազոտական աշխատանք:

- Այո՛, կարևոր է, քանի որ հետազոտող դասախոսը գիտության ոլորտում իր օրախնդիրներով, իր ողջ կերպարով ակամա ուսուցանում է։ Բացի դրանից՝ փոխվում է նաև հարացույցը։ Միայն դասավանդող մարդն ավելի շուտ կատարում է ստեղծված գիտելիքի հաղորդման գործառույթ, սակայն կրթությունը սոսկ գիտելիքի հաղորդում չէ. այն նորի համատեղ հայտնագործման ստեղծագործական գործընթաց է, որը լավագույնս իրականանում է, երբ դասախոսն ուսանողների հետ հայտնվում է դեռևս չբացահայտվածի կիսաճանապարհին։ Ուսանողները, ծանոթանալով տվյալ հիմնախնդրի շուրջ օրվա իրադրությանը, երբեմն անսպասելի ու խիստ հետաքրքրական վարկածներ են առաջադրում, սովորում են գործ ունենալ անորոշության հետ, տոգորվում են հիմնավորումներ ու կռվաններ գտնելու ոգևորությամբ, որոնում են հարցը լուծելու նորանոր մեթոդներ։ Շատ կարևոր է, որ բուհում կրթական գործընթացը կազմակերպվի այնպես, որ դասախոսն իրոք ժամանակ ու հնարավորություն ունենա գիտահետազոտական աշխատանք կատարելու և այդ աշխատանքի ընթացքն ու արդյունքները ուսանողական լսարանին ներկայացնելու։

 

- Ի՞նչ թեմայով եք հետազոտություն իրականացնում հիմա:

- Մի թեմայով, որն առ այսօր դեռևս առեղծվածային է ու չլուծված. հայ և համաշխարհային մտքի պատմության մեջ Դավիթ Անհաղթի տեղի ու դերի արժևորման խնդրով։ Առեղծվածային է, քանի որ Դավթի անձնավորությունը, նրա ստեղծագործության ընթացքը մի թանձր պատմական քողով են ծածկված, ու դեռևս հստակ ապացույցներ ու կռվաններ չկան Դավթի ստեղծագործելու ժամանակաշրջանի վերաբերյալ։ Սակայն կա հակասություն հայերեն ձեռագրական աղբյուրներում մեր նախնիների հիշատակումների ու ներկայիս փիլիսոփայապատմական գիտության մտահանգումների միջև։ Հայոց ավանդությունը պնդում է, որ Դավիթը V դարի գործիչ է՝ Սուրբ թարգմանչաց դասից, իսկ XX դարասկզբից սկսած՝ արևմտյան և հայ մի շարք աղբյուրագետներ ու փիլիսոփայության պատմաբաններ գտնում են, որ նորպլատոնական Դավիթը, լինելով Օլիմպիոդորոս Կրտսերի աշակերտը, կարող էր գործել ամենաշուտը VI դարի կեսերից։ Այս անհամապատասխանությունը որոշ հետազոտողների (Վեստերինկ, Վայլդբերգ, Խոստիկյան, Ակինյան և այլն) հնարավորություն է տալիս թերահավատորեն նայելու մեր նախնիների վկայություններին՝ կապված Դավթի հայ լինելու ու ստեղծագործելու ժամանակաշրջանի հետ։ Այստեղ առաջանում են արժեքաբանական ու մտածական մշակույթի հետ կապված մի շարք խնդիրներ, քանի որ դավթյան տեքստերի և ընդհանրապես ողջ գործունեության գնահատման համար կարևոր է հասկանալ, թե նա Ալեքսանդրիայի հայտնի դպրոցում ո՞ր ժամանակաշրջանում է դասավանդել։  

 

Բացի դրանից՝ մեր նախնիները կեղծիքներ ու առասպելներ հնարելու կարիք չունեին, քանի որ եթե ցանկանային ուղղակի հպարտանալ փիլիսոփայության համաշխարհային դաշտում իրենց ներկայությամբ, կարող էին հիշատակել IV դարում Աթենքի փիլիսոփայական դպրոցի ղեկավար հայ Պրոյերեսիոսին, որին պատվում էին անգամ Հռոմի կայսրերը։ Մինչդեռ հիշատակում են Դավթին,  և դա ունի իր բացատրությունը. Դավիթը փորձում էր անտիկ իմաստասիրական ժառանգության նվաճումների միջոցով հիմնավորել քրիստոսաբանական բանավեճերում հայ եկեղեցու դիրքորոշումը՝ հավատարիմ մնալու նախորդ տիեզերական ժողովներին ու չընդունելու Քաղկեդոնի մոտեցումը։ Սակայն հենց այդ պատճառով էլ հնարավոր է, որ նա լռության է մատնվել Արևմուտքում։ 2019 թ. Մատենադարանում տեղի ունեցած գիտաժողովի ժամանակ ներկայացրել եմ որոշ հնարավոր կռվաններ Դավթի՝ V դարում գործած լինելու օգտին, սակայն պետք է ասեմ, որ հարցը դեռ հեռու է վերջնական լուծումից։ Իմ առաջարկած վարկածի ապացուցման համար կամ պետք է նոր աղբյուրներ ու փաստեր ի հայտ գան, կամ պետք է եղած պատմական հիշատակումներն ու փաստերը ևս մեկ անգամ քննադատական կերպով համադրվեն ու վերլուծվեն։ Դավթի հետ կապված որոշ արդյունքներ պետք է ներկայացնեի Աթենքում այս տարվա հունիսին կայանալիք «Նորպլատոնական հետազոտություններ» միջազգային ընկերակցության համաժողովին, սակայն իրավիճակով պայմանավորված՝ հետաձգվել է: Հուսամ՝ առաջիկայում հնարավորություն կլինի ներկայացնելու: Կա նաև հայոց ժառանգության մեջ պլատոնական ու նորպլատոնական տարրի հետազոտման խնդիրը, որի ուղղությամբ Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնում արդեն աշխատանքներ ենք սկսել։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե դարերի խորքը գնալը հետազոտողին կտրում է ժամանակակից աշխարհից, սակայն հիշատակված հարցերի լուծումները կարևոր նշանակություն ունեն մեր մշակութային ժառանգությունն արժևորելու, մեր հոգեմտավոր մշակույթի արժեքները նոր սերունդների կողմից ներքնայնացվելու և  ինքնության վերակերտման ու արդիականացման առումով։

 

- Ձեր խորհուրդն ուսանողներին և դասախոսներին:

- Եթե կարճ, ապա՝ սիրել սովորելը և սովորել սիրել։ Հետաքրքրական է, որ մեր ողջ կյանքը սովորելու մի յուրահատուկ ընթացք է, մանավանդ արդի համընդհանուր փոփոխությունների պարագայում, և հարմարվում են նրանք, ովքեր սիրում են սովորելը և շարունակաբար սովորում են ստեղծագործաբար ու դրականորեն արձագանքել փոփոխություններին՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին։ Իսկ սերն այն կարևորագույն շաղախն է, որ մարդկանց կապում է միմյանց ու հնարավոր դարձնում համակեցությունը։ Ուսանողները թող սովորեն սիրել իրենց ընտրած ոլորտը և պատրաստ լինեն կամային որոշումների ու ճիգերի՝ այդ ոլորտին տիրապետելու համար։

 

Ինչ վերաբերում է դասախոսներին, ուրախությամբ պետք է նշեմ, որ ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչության հրավերով «Դասախոսի վարպետության հարցեր» դասընթացը վարելիս բախտ եմ ունեցել հաղորդակցվելու ԵՊՀ-ի սրտացավ և արհեստավարժ բազում դասախոսների հետ։ ԵՊՀ-ում կան հրաշալի դասախոսներ թե՛ իրենց մարդկային տեսակով, թե՛ մասնագիտական պատրաստվածությամբ և թե՛ որպես հետազոտողներ, որոնք սիրում են ուսանողներին ու իրենց աշխատանքը։ Կցանկանամ, որ մեր հասարակությունը, որ արժևորում է կրթությունը, արժևորի նաև այն իրականացնողներին։ Այս մրցույթը դասախոսի աշխատատար, դժվար աշխատանքն արժևորելու կարևոր քայլ է, որի շնորհիվ համալսարանի տոնը դառնում է կրկնակի տոն։ Շնորհակալ եմ ինձ այդ տոնի մասնիկը զգալու հնարավորության համար և համոզված եմ, որ ԵՊՀ-ի երկրորդ դարը լինելու է գիտության ու կրթության բնագավառում նոր ու նշանակալի ձեռքբերումների դար։

 

Քնար Միսակյան

 

Այլ նորություններ
ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
«Zoom» հարթակում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտական խորհրդի նիստը՝ օրակարգային 7 և ընթացիկ հարցերով:
ԵՊՀ-Ն ԴԻՄԵԼ Է ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ՝ ԿՈՉ ԱՆԵԼՈՎ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՆ
ԵՊՀ-ն խնդրել է գործընկերներին դիմել իրենց երկրների կառավարություններին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին: