01.12.2017 | 
Հասարակություն
«ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏԸ ԵՎ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄՆ ԵՆ»
«ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏԸ ԵՎ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄՆ ԵՆ»
Նոյեմբերի 30-ին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տեղի ունեցավ «Էտյուդներ։ Լուսանկարչության բնավորություն» խորագրով հանդիպումը լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի հետ:

Միջոցառումը կազմակերպվել էր ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի, «Ոգեշնչում» հոգեբանական արվեստանոցի և «Suggest Studio» ՀԿ-ի կողմից:

 

Հանդիպման սկզբում ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ Հրաչյա Հարությունյանը, ներկայացնելով հյուրին, նշեց, որ Հայկ Բարսեղյանը «SOS TV»-ի հեղինակն է, հայտնի լուսանկարիչ ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում. «Հազվագյուտ արվեստագետներից է, ում գործերը վաճառվում են, այսինքն՝ մեր հյուրը գործունյա է: Բանախոսն այսօր կներկայացնի, թե ինչ արվեստ է լուսանկարչությունը»:

 

Հայկ Բարսեղյանն իր դասախոսությունը սկսեց այն պնդումից, որ լուսանկարչությունն ինքնաարտահայտման ձև է, իսկ ինքնաարտահայտման համար յուրաքանչյուրը պետք է նախևառաջ ճանաչի ինքն իրեն. «Ինքնաարտահայտումը պետք է սկսի այն գիտակցումից, թե մենք ինչքան քիչ ժամանակ ունենք: Եթե վերցնենք մարդու միջին վիճակագրական տարիքը, ապա ժամանակի անսահմանության մեջ այն շատ չնչին է: Հիշե՛ք, որ յուրաքանչյուր տարին շատ թանկ է: Եթե դուք ստեղծագործելու եք փող աշխատելու կամ առօրյա հոգսերը թեթևացնելու համար, իմ կարծիքով՝ այդ դեպքում դուք չեք ինքնաարտահայտվի, ձեր կյանքն էլ միապաղաղ ու անիմաստ կդառնա»:

 

Խոսելով լուսանկարի և իրականության միջև կապի մասին՝ Հայկ Բարսեղյանը նշեց, որ մեր ընկալիչներն ունակ չեն տեսնելու բնության մեջ առկա բոլոր գույները, և որ նույնը վերաբերում է նաև լուսանկարչական ապարատներին. «Այստեղ հարց է առաջանում՝ լուսանկարն արտացոլո՞ւմ է իրականությունը, թե՞ ոչ: Ավելի ժամանակակից հարցադրում էլ կա՝ լուսանկարը մշակելու համար պե՞տք է դիմել համակարգչային ծրագրերի, թե՞ ոչ. այդպիսով կխեղաթյուրվի՞ իրականությունը»:

 

Իր առաջադրած հարցերին լուսանկարիչը պատասխանեց, որ լուսանկարչական ապարատն էլ իրականում չի ընկալում բոլոր գույները. «Յուրաքանչյուրի տեսած կարմիր գույնը կարող է տարբերվել մյուսի տեսածից, բայց բոլոր լուսանկարչական ապարատների ֆիքսած կարմիրը նույնն է: Այսինքն՝ լուսանկարիչը, տեխնոլոգիաների հնարավորությունից ելնելով, չի կարողանում փոխանցել իր տեսածը: Այստեղ էլ հենց օգնության են գալիս համակարգչային ծրագրերը՝ օգնելով լուսանկարչին փոխանցել հենց իր տեսած կարմիր գույնը: Ես վստահ ասում եմ՝ դուք ոչ միայն կարող եք օգտագործել այդ ծրագրերը, այլև ինչ-որ տեղ նույնիսկ պարտավոր եք»:

 

Հայկ Բարսեղյանի հավաստմամբ՝ իրականության խեղաթյուրումը կլինի այն, երբ այդ ծրագրերի միջոցով փոխենք, ջնջենք կամ ավելացնենք օբյեկտներ. «Լուսանկարչության իմաստը և փիլիսոփայությունը փաստի արձանագրումն են»:

 

Միջոցառման ընթացքում լուսանկարչական արվեստով հետաքրքրվողներին Հայկ Բարսեղյանը ներկայացրեց նաև ոլորտի տեխնիկական նրբություններն ու յուրահատկությունները և պատասխանեց հարցերին:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԿԱՆԱՉ» ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ» ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-ում այսօր ծավալվեց քննարկում «Ջի Այ Զեթ» ընկերություն կողմից ներկայացված «Հայաստանի «կանաչ» աշխատաշուկայի» հաշվետվության շուրջ։
ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ ԿԵՂԾ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ ՄԱՍԱՉՈՒՍԵԹՍԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) հետազոտողները փորձել են հասկանալ կեղծ լուրերի տարածման ծավալները և դրդապատճառները: Ավարտից հետո մարտին հանրայնացվել է նրանց հետազոտությունը: