15.05.2018 | 
Հասարակություն
«ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐՆԻՍԱԺ-EXPO»-Ն՝ ԾԱՆՈԹՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ
«ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐՆԻՍԱԺ-EXPO»-Ն՝ ԾԱՆՈԹՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ
Այսօր ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տեղի ունեցավ 8-րդ անգամ անցկացվող «Հոգեբանական վերնիսաժ-EXPO» ցուցահանդեսը:

ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի կողմից կազմակերպվող ցուցահանդեսի նպատակներն են հանրությանն իրազեկել ժամանակակից հոգեբանության և հարակից մասնագիտությունների մարտահրավերներին, նպաստել բակալավրիատի ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը, տարբեր մասնագիտացումներով ուսանողներին տալ ինքնադրսևորվելու, աշխատաշուկայում կողմնորոշվելու հնարավորություն, նպաստել երիտասարդ մասնագետների համագործակցային եզրերի ընդլայնմանը, ուսանողների և շրջանավարտների միջև կապերի հաստատմանն ու ամրապնդմանը:

 

Մեզ հետ զրույցում Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանն ասաց, որ ամեն տարի ցուցահանդեսում նորամուծություն է լինում. «Այս տարի ցուցահանդեսի շրջանակում հոգեբանության ոլորտում վերջին տարիների տպագրված լավագույն աշխատանքների պարգևատրում ենք կազմակերպել, որոնք ընտրվել են ուսանողների կողմից՝ փակ, գաղտնի քվեարկությամբ»:

 

 

«Կարևոր է նաև, որ միջոցառմանը մասնակցում են մեր շրջանավարտները և իրենց խորհուրդներով օգնում ուսանողներին՝ ծանոթացնելով ոլորտի նրբություններին ու արդյունավետ գործունեության հմտություններին»,- նշեց ամբիոնի վարիչը:

 

Այս տարի «Հոգեբանական վերնիսաժ-EXPO» ցուցահանդեսին մասնակցել են ավելի քան 20 հոգեբանական կենտրոններ, որոնց ներկայացուցիչները ներկայացրել են իրենց ծրագրերն ու առաջարկել իրենց ծառայությունները:

 

ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանն ասաց, որ այս միջոցառումը մեծ աշխատանք է պահանջում. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր կազմակերպիչներին և մասնակցող կենտրոններին այս միջոցառումն իրականություն դարձնելու համար: Մասնագիտական այս հավաքը, կարծում եմ, կնպաստի ոլորտի զարգացմանը և փոխհամագործակցությանը»:

 

 

Ինչպես արդեն նշել ենք, այս տարի ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ կազմակերպվել էր մրցանակաբաշխություն, որի ժամանակ հավաստագրեր հանձնվեցին «Լավագույն դասախոս», «Լավագույն ուսումնամեթոդական ձեռնարկ» և «Լավագույն մենագրություն» անվանակարգերում հաղթող ճանաչված մասնագետներին:

 

Ուսանողների փակ գաղտնի քվեարկությամբ «Լավագույն ուսումնամեթոդական ձեռնարկ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Դավիթ Գևորգյանի ««Պալիատիվ հոգեբանություն» բազմագիտակարգային ուսումնական դասընթաց» ձեռնարկը, «Լավագույն մենագրություն» անվանակարգում՝ Հրանտ Ավանեսյանի «Պրոյեկտիվ մեթոդների գիտակիրառական առանձնահատկությունների համակարգումը» մենագրությունը, իսկ «Լավագույն դասախոս» անվանակարգում հաղթող է ճանաչվել Էլինա Ասրիյանը: Հոգեբանության ոլորտում ունեցած մեծ ավանդի համար հատուկ մրցանակի արժանացավ երջանկահիշատակ Էլդա Գրինը:

 

Քնար Միսակյան

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՎԱՐԻՉ, ՊՐՈՖԵՍՈՐ Գ. ՂԱՐԻԲՅԱՆԸ ՆՇՈՒՄ Է ԾՆՆԴՅԱՆ 90-ԱՄՅԱԿԸ
Մայիսի 25-ին լրանում է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տնտեսագիտության տեսության ամբիոնի պատվավոր վարիչ, պրոֆեսոր Գ. Ղարիբյանի ծննդյան 90-ամյա հոբելյանը:
«ԼՌՈՒԹՅՈՒՆՆ ԻՄԱՍՏՈՒՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԲՆՈՐՈՇՈՂ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է». ՎԱԶՐԻԿ ԲԱԶԻԼ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ուսանողների և PR դպրոցի համար այսօր ‹‹Լռությունը՝ PR գործիք›› խորագրով առցանց դասախոսություն վարեց հաղորդակցության հայտնի մասնագետ, բազմաթիվ գրքերի հեղինակ, հրապարակախոս, PR խորհրդատու և ճառագիր (Speechwriter), գերմանահայ Վազրիկ Բազիլը։