17.05.2019 | 
Հասարակություն
«ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐՆԻՍԱԺ EXPO». ՆՈՐ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՐԹԱԿ
«ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐՆԻՍԱԺ EXPO». ՆՈՐ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ  ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՐԹԱԿ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում այսօր 10-րդ անգամ անցկացվեց «Հոգեբանական վերնիսաժ EXPO» ցուցահանդեսը:

Տարիներ առաջ, երբ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնը նախաձեռնեց հոգեբանական վերնիսաժը, այն ներֆակուլտետային բնույթ էր կրում: Ժամանակի հետ դարձավ մինչհամալսարանական, իսկ այս տարի այն ընդգրկվել է ԵՊՀ 100-ամյակի նվիրված միջոցառումների շարքում:

Ցուցահանդեսի նպատակներն են հանրությանն իրազեկել ժամանակակից հոգեբանության և հարակից մասնագիտությունների մարտահրավերներին, նպաստել բակալավրիատի ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը, տարբեր մասնագիտացումներով ուսանողներին տալ ինքնադրսևորվելու, աշխատաշուկայում կողմնորոշվելու հնարավորություն, նպաստել երիտասարդ մասնագետների համագործակցային եզրերի ընդլայնմանը, ուսանողների և շրջանավարտների միջև կապերի հաստատմանն ու ամրապնդմանը:

Միջոցառումը նպաստում է ՀՀ-ում հոգեբանական ոլորտի զարգացմանը և մասնագիտական շփումների ընդլայնմանը, ուսանող-աշխատաշուկա կապի ամրապնդմանը:

«Հոգեբանական վերնիսաժ EXPO»-ն մեկ վայրում էր հավաքել ոչ միայն Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոսներին, ուսանողներին և շրջանավարտներին, այլև հոգեբանության ոլորտում գործունեություն ծավալող 15 կազմակերպություններին, կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններին և ՀՀ տարբեր բուհերի ներկայացուցիչներին:

 



Մեզ հետ զրույցում ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը նշեց, որ այս ցուցահանդեսը ոչ միայն նպաստում է ֆակուլտետի շրջանավարտներին աշխատատեղերով ապահովմանը, այլև  մասնագիտական հաղորդակցման դաշտ է ստեղծում. «Հոգեբանության առջև բազմաթիվ սոցիալական խնդիրներ կան ծառացած, որոնք, իհարկե, լուծումներ պետք է ստանան հոգեբանների միահամուռ ջանքերի և փոխհամագործակցության շնորհիվ»:

Ամբիոնի դոցենտ Էլինա Ասրիյանն էլ տեղեկացրեց, որ «Հոգեբանական վերնիսաժ EXPO» ցուցահանդեսի ծրագրավորման ողջ աշխատանքներն իրականացրել են Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանողները. «Ցուցահանդեսը յուրօրինակ նախագիծ է, որի շնորհիվ ուսանողները յուրացնում են դասընթացը, և որպես  աշխատանքի վերջնարդյունք ՝ ստանում  6 կրեդիտ»:

Ասրիյանի համոզմամբ, այս ցուցահանդեսը նաև հնարավորություն է ընձեռնում շփվելու ոլորտի առաջատար մասնագետների հետ, հասկանալու աշխատաշուկայում առկա խնդիրները և պահանջները:
 
Ցուցահանդեսում «Մայրի» բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի կենտրոնը ներկայացնող Թագուհի Շամիլյանը նշեց, որ կենտրոնի նպատակն է ապահովել արհեստավարժ կրթական աջակցություն և դասընթացներ ներառական կրթության և բուժական մանկավարժության դաշտի մասնագետների համար: Նրանք ներկայացնում էին ներառական կրթության և բուժական մանկավարժության ոլորտի մասնագետների՝ վաճառքի ենթակա  ձեռագործ աշխատանքները:

 



ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման և հոգեբանության ամբիոնի մագիստրոս Լիլիթ Բդոյանը ներկայացնում էր ամբիոնի դասախոսների գրքերը, ինչպես նաև ակադեմիայում առկա նոր մագիստրոսական ծրագրերը:

Իսկ ցուցահանդեսի ավարտին հանդես եկան ԵՊՀ այն շրջանավարտները, որոնք աշխատաշուկայում ունեին որոշակի փորձ և գործնական գիտելիքներ: Նրանք իրենց մասնագիտական և գործնական հմտությունները փոխանցեցին ֆակուլտետի ուսանողներին:

 

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
«ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՋ ԳՈՅԻ ԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԵՐԸ…». ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել Սահմանադրական ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի մենագրության շնորհանդեսը:
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 94 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի իրավաբան Օլիմպիա Գեղամյանն այսօր մասնագիտական թեմայով դասախոսություն է կարդացել Երևանի հ. 94 ավագ դպրոցի իրավաբանական հոսքի 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար: