23.11.2018 | 
Կրթություն
«ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ». ԵՐԿՕՐՅԱ ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
«ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ». ԵՐԿՕՐՅԱ ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
Այսօր ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնը կազմակերպել էր գիտագործնական սեմինար «Մարդկային ռեսուրսների կառավարման հոգեբանական հիմունքները» թեմայով:

Սեմինարը կտևի երկու օր, և գրանցված մասնակիցները վերջում վկայականներ կստանան: Գիտագործնական սեմինարի ընթացքում ելույթ կունենան մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի առաջատար մասնագետներ:

Սեմինարի ժամանակ զեկուցումով հանդես եկավ Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը:

Պարոն Ավանեսյանը ներկայացրեց մարդկային ռեսուրսների կառավարումից մինչև մարդկային կապիտալի զարգացման գործընթացը:

«Ժամանակակից աշխարհում գնալով ավելի շատ է կարևորվում մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման գործընթացը,- նշեց բանախոսը,- հատկանշական է, որ այս հարցում համագործակցում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տնտեսագիտությունն ու հոգեբանությունը: Այս համագործակցության շնորհիվ ոլորտում առկա խնդիրների հաղթահարումն առավել արդյունավետ է դառնում»:

Ըստ բանախոսի՝ հոգեբանական գիտելիքների օգտագործումը կառավարման ոլորտում կարող է դառնալ առաջընթացի գրավական:

Խոսելով մարդկային ռեսուրսների կառավարման հայեցակարգերի մասին՝ Հրանտ Ավանեսյանը նկատեց, որ այդ հայեցակարգերը հաստատուն չեն և դրսևորում են զարգացման որոշակի միտումներ:

 

Ըստ այդմ՝ մասնագետների հիմնական խնդիրն է արձագանքել այն փոփոխություններին, որոնք տեղի են ունենում ինչպես հասարակության մեջ, այնպես էլ շուկայում:

Word Economic Forum-ը «մարդկային կապիտալը» սահմանել է որպես գիտելիք և մասնագիտական որակավորում, որոնց շնորհիվ մարդիկ տնտեսական արժեքներ են ստեղծում:

«Այս սահմանումից կարելի է ենթադրել, որ մարդկային կապիտալի տեսությունը նախատեսում է որոշակի կապ կրթության մակարդակի, արտադրության ծավալի, փորձի և աշխատավարձի միջև»,- պարզաբանեց բանախոսը:

Սահմանումից բացի՝ առանձնահատուկ կարևորվում է ոլորտում ներդրումներ իրականացնելու  գործընթացը: Այստեղ առաջանում է այն տրամաբանական հարցը, թե ի՞նչ է նշանակում  ներդրումներ կատարել մարդկային կապիտալի մեջ:

«Իրականում մարդկային կապիտալում արված և ոչ մի ներդրում  չի կարող անօգուտ լինել, նույնիսկ եթե փոքր տարիքում ձեր ծնողները վճարել են նրա համար, որ դուք դաշնամուրի գնաք, իսկ հետո դուք փոշմանել եք, միևնույն է, ձեր իմացածն ինչ-որ իրավիճակում ձեզ պետք է գալու: Անհատի վրա արված ծախսերի շնորհիվ աճում են նրա արտադրողական որակները և բնութագրիչները»,-շեշտեց ամբիոնի վարիչը:

Այնուհետև մարդկային ռեսուրսների կառավարման հիմնական գործառույթների մասին խոսեց «Թարգեթ Գրուպ» ՓԲԸ մարդկային ռեսուրսների ղեկավար Հասմիկ Վարդանյանը:

 

Ներկայացնելով ՄՌ կառավարման հիմնական գործառույթները՝ Հասմիկ Վարդանյանը նշեց, որ այստեղ խոսքը միայն աշխատողների գնահատման, մոտիվացիայի, հավաքագրման մասին չէ:

 Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետն անպայման պետք է մասնակցի ընկերության ռազմավարության պլանավորման գործընթացին:

«Հենց այդ մշակված ռազմավարությունը պետք է օգնի մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետին կողմնորոշվել մնացած բոլոր գործընթացներում»,- հավելեց Հասմիկ Վարդանյանը:

Ըստ բանախոսի՝ ինչպես գործատուն է ընտրում իր աշխատողին, այնպես էլ աշխատողը՝ իր գործատուին, և շատ հաճախ աշխատողների մոտիվացիան ապահովում է ոչ թե բարձր աշխատավարձը, այլ այնպիսի գործոններ, ինչպիսիք են գործունեության շրջանում ունեցած ինքնուրույնությունը, անձնական աճը և թիմային նպատակը:

Անի Պողոսյան

 

Այլ նորություններ
«ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՄԱՆՐԷԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՌՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնում այսօր մեկնարկել է «Բացահայտելով մանրէաբանությունը» խորագրով եռօրյա դասընթացը, որին մասնակցում են բարձր դասարանների աշակերտներ և բակալավրիատի ուսանողներ։
ԴԱՏԱԽԱՂԸ՝ ՈՐՊԵՍ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ. ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՉ ՄԻԱՅՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ԱՅԼԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում տեղի է ունեցել դատախաղ՝ փաստի հարցերով դատարանի կողմից քննվող հիպոթետիկ գործով: