31.03.2020 | 
Ուսանողական
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԳԸ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԵՎ ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԳԸ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԵՎ ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն երկրում հայտարարված արտակարգ դրության օրերին աշխատում է արտակարգ ռեժիմով՝ իրականացնելով հեռավար նախագծեր ուսանողների համար:

Մեզ հետ զրույցում Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Լեյլի Թադևոսյանն ասաց, որ արտակարգ դրության առաջին օրերից ֆակուլտետային ՈՒԳԸ-ն պարբերաբար հեռավար նիստեր է գումարում՝ հասկանալու, թե ինչպես կարող է իրականացնել գիտական նախագծեր ուսանողների համար:

 

«Բացի դրանից, քանի որ այս ժամանակահատվածը համընկել է կուրսային աշխատանքների պատրաստման հետ, մեր թիմը հեռավար եղանակով իրականացնում է խորհրդատվություն՝ օգնելու ուսանողներին կատարել իրենց կուրսային և գիտական աշխատանքները»,- ասաց Լեյլի Թադևոսյանը:

 

Նա պատմեց, որ այս ընթացքում արդեն երկու մեծամասշտաբ նախագիծեր են իրականացնել, որոնք բավականին արդյունավետ են եղել ուսանողների համար:

 

Հեռավար նախագծերի մեկնարկը տրվել է հետազոտական աշխատանքների իրականացմամբ: Ֆակուլտետային ՈՒԳԸ-ն ուսանողներին առաջարկել է հետազոտություն իրականացնելու երեք թեմա՝ «Իրավականի և բարոյականի հարաբերակցությունը», «Ընտանիքի դերը հանցավորի անձի ձևավորման գործընթացում» և «Պետության կառավարման լավագույն մոդելը»:

 

«Այս նախաձեռնությամբ նպատակ ունեինք ուսանողների ազատ ժամանակը կենտրոնացնելու գիտական և հետազոտական աշխատանք կատարելու վրա, քանի որ կարծում ենք՝ յուրաքանչյուր ուսանող պետք է գոնե մեկ անգամ զբաղվի դրանով՝ փորձելու ուժերը: Հիմնականում մասնակցություն ցուցաբերել են առաջին և երկրորդ կուրսերի ուսանողները, ինչը գովելի է: Բոլոր աշխատանքները դիտարկելուց հետո արտակարգ դրությունից հետո լավագույն աշխատանքների հեղինակներին կպարգևատրենք ՈՒԳԸ ժողովածուներով և հավաստագրերով»,- ասաց ՈՒԳԸ նախագահը:

 

Բացի դրանից՝ ֆակուլտետային ՈՒԳԸ-ի կողմից մշակվել է մեկ այլ նախաձեռնություն, որի իրականացման համար կիրառվում է «Kahoot! համակարգը». «Այն լայնորեն օգտագործվում է արևմտյան երկրների բուհերում և վայելում է ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի սերը, քանի որ և՛ հետաքրքիր է, և՛ հեշտ կիրառելի: Համակարգի միջոցով կազմվել են թեստեր, որոնց արդյունքում կարելի է հեշտությամբ ստուգել ուսանողների գիտելիքները»:

 

Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահի հավաստմամբ, մրցույթի իրականացումը նպատակ ունի նաև ուսանողների մոտ զարգացնելու արագ կողմնորոշվելու և ժամանակը ճիշտ օգտագործելու հմտությունները, որոնք անհրաժեշտ են լավ մասնագետ դառնալու համար:

 

Լեյլի Թադևոսյանի փոխանցմամբ, հեռավար առաջին մրցույթը անցկացվել է երեկ. «Մի շարք ուսանողներ միաժամանակ միացել են համակարգին և հետևելով ֆակուլտետային ՈՒԳԸ-ի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերին՝ պատասխանել առաջադրվող հարցերին, որոնցով ստուգվում էին իրավական ընդհանուր գիտելիքները»:

 

Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահի փաստմամբ, մրցույթին միացել էին ինչպես Իրավագիտության ֆակուլտետի, այնպես էլ այլ ֆակուլտետների ուսանողներ, ինչպես նաև իրավունքով հետաքրքրվողներ. «Արդյունքում ունեցանք լավագույն արդյունք ցուցաբերած 5 մասնակից, որոնց կշնորհենք առցանց հավաստագրեր ֆակուլտետային ՈՒԳԸ-ի կողմից»:

 

Մեզ հետ զրույցում Լեյլի Թադևոսյանն ասաց, որ առաջիկայում՝ մինչև բնականոն կյանքին վերադառնալը, ֆակուլտետային ՈԻԳԸ-ն նախատեսում է գիտելիքներ ստուգող մրցույթն անցկացնել իրավունքի կոնկրետ ճյուղերի վերաբերյալ. «Այնպես որ աշխատանքները դեռ շարունակվում են: Նախատեսում ենք նաև մեր օրակարգում տեղ գտած նախաձեռնություններն իրականացնել առցանց հարթակների միջոցով»:

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում կայացնելու առաջին իսկ օրերից ԵՊՀ ՈՒԳԸ-ն շարունակում է իրականացնել իր աշխատանքները: Մեզ հետ զրույցում ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը պատմել է, թե ինչ մեթոդներ և միջոցներ են կիրառել՝ այս ընթացքում արդյունավետ միջոցառումներ կազմակերպելու համար:
ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԵՆ ԱԽՏԱՀԱՆՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԲԱԺԱՆԵԼ ՇՈՒԿԱՅԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողները, իրենց նախաձեռնությամբ և ֆակուլտետի մասնագետների աջակցությամբ, ստեղծել են ախտահանիչներ և իրականացրել ակցիա՝ դրանք անվճար բաժանելով շուկայի աշխատակիցներին: