17.09.2018 | 
Ուսանողական, Կրթություն, Հասարակություն
«ԳԵԹ ՄԵԿ ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔԸ ՓՈԽԵԼՆ ԱՐԴԵՆ ՄԵԾ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ Է». «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ԼՈՒՍԱՎՈՐ ՈՒ ՄՈՒԹ ԿՈՂՄԵՐԸ
«ԳԵԹ ՄԵԿ ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔԸ ՓՈԽԵԼՆ ԱՐԴԵՆ ՄԵԾ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ Է». «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ԼՈՒՍԱՎՈՐ ՈՒ ՄՈՒԹ ԿՈՂՄԵՐԸ
Ես Վարդուհի Մարգարյանն եմ: Սովորել եմ ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետում և մասնակցել «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին ու աշխատել եմ որպես հատուկ մանկավարժ-հոգեբան Արմավիրի մարզի Վանանդի միջնակարգ դպրոցում:

Երբ իմացա «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասին, դա ինձ շատ հետաքրքրեց, և որոշեցի բաց չթողնել հնարավորությունը:

Պետք է ասեմ, որ ծրագրին մասնակցելը այնքան էլ հեշտ գործընթաց չէ, որքան դա պատկերացնում են ուսանողները: Այն մարդիկ, ովքեր ցանկանում են դիմել այս ծրագրին, պետք է իմանան, որ բավական մանրակրկիտ քննություն է կատարվում ուսուցիչ ընտրելու հարցում:

Առաջին հերթին պետք է լրացնել հարցաթերթիկը, որը կազմակերպիչները տեղադրում են համացանցում: Եթե քո տվյալները համապատասխանում են, ուրեմն առաջին քայլն արված է:

Երկրորդ փուլը հարցազրույցի փուլն է: Բացի քո մասնագիտությանը գերազանց տիրապետելուց՝ հաշվի են առնվում նաև այլ կարողություններ՝ ազատ շփման, արագ կողմնորոշման հնարավորությունները և այլն: Ծրագրի կազմակերպիչները պարզապես ուսուցիչ չեն ընտրում, նրանք ընտրում են այնպիսի մեկին, ով կկարողանա ոչ միայն դաս սովորեցնել, այլև բարելավել աշակերտների կյանքը, տարբեր ծրագրեր ստեղծել նրանց համար, ավելի հետաքրքիր դարձնել կրթական առօրյան: Եթե այս բարդ փուլը հաղթահարում ես, ուրեմն ճանապարհի կեսն անցել ես:

Երրորդ փուլն ամառային ինստիտուտի փուլն է: Այստեղ վերապատրաստվում ես, ստուգվում են քո մասնագիտական ու տեխնիկական գիտելիքները: Այս փուլը հաղթահարելը հեշտ չէ, և մասնակիցը հենց այս փուլում կարող է ծրագրից դուրս մնալ:

Չորրորդ փուլում մասնակիցը գնում է այն գյուղը, որտեղի դպրոցում նա պետք է դասավանդի: Ի դեպ, ասեմ, որ գյուղը մասնակիցը չի ընտրում: Մասնակցությունդ ծրագրին այստեղ ևս կարող է ավարտվել, քանի որ լինում են մարդիկ, ովքեր պարզապես չեն պատկերացնում, թե ուր են գնում: Լինում են այնպիսի գյուղեր, որտեղ պայմանները չեն համապատասխանում մասնակիցների պատկերացնումներին: Իսկ եթե ծրագրի մասնակից-մանկավարժը՝ մինչ գյուղ գալը, արդեն գիտակցել է, թե ինչ է իրեն այնտեղ սպասում, սկսում է դասավանդելը:

Ծրագրի մրցութային փուլերը հաղթահարելուց հետո 2 տարով պայմանագիր է կնքվում: Քո աշխատավարձը հավասար է լինելու տվյալ դպրոցում աշխատող ուսուցիչների աշխատավարձին: Դրան գումարած՝ պայմանագրով քեզ տրամադրում են նաև գյուղում տուն վարձակալելու համար անհրաժեշտ գումարը: Կա պայմանագիրը ժամանակից շուտ ընդհատելու հնարավորություն՝ հարգելի և ոչ հագելի: Ոչ հարգելիի դեպքում մասնակիցը վճարում է տուգանք: Իսկ հարգելիի դեպքում, եթե, օրինակ, ունես առողջական խնդիր կամ գյուղում չկան բնակության համար բավարար պայմաններ, պայմանագիրը պարզապես խզվում է կամ փոխվում:

Ծրագրին դիմելու համար մեծ քաջություն պետք է ունենալ, որովհետև այն բազում մարտահրավերներ ունի: Օրինակ՝ գյուղ հասնելուն պես, դու պետք է գտնես բնակարան, եթե այն ունենա տաք ջուր, ապա համարիր բախտդ բերել է: Կան մասնակիցներ, ովքեր իրենց դպրոցի գյուղում բնակարան չեն գտնում՝ վարձում են կողքի գյուղում ու ամեն առավոտ դժվարությամբ են հասնում աշխատանքի: Գյուղում ապրելու համար շատ կարևոր է, որ ընդունված լինես տեղի բնակիչների ու աշակերտների կողմից: Գյուղ չպետք է գնաս քեզ ցույց տալու, կամ որևէ մեկին ինչ-որ ապացուցելու համար՝ դու ավելի լավն ես, կամ գոնե տարբեր ես նրանցից: Պետք է համակերպվես պայմաններին, ստեղծես քո միջավայրը: Երբ դու ընդունես գյուղական կյանքը, գյուղացին էլ կընդունի քեզ: Հիշում եմ, հաճախ է պատահել, որ տանս դուռը թակել են, բացել եմ ու տեսել աշակերտներիս, ովքեր իրենց հողամասներից մրգեր կամ բանջարեղեն են բերել ինձ:


«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին մասնակցելու իմաստը միայն աշակերտ կրթելը չէ: Դու պետք է գիտակցես, որ գնում ես գյուղի դպրոց երեխայի օրը կազմակերպելու, նրա համար ավելի լավ ուղի հարթելու, նրան ոգևորելու համար: Շատ դեպքերում ծրագրի մասնակիցները, համագործակցելով հիմնադրամների կամ բարերարների հետ, երբեմն նաև գյուղի բարիքները օգտագործելով, դպրոցի համար ինչ-որ պետքական բան են ստեղծում: Կարելի է ձեռքի տակ եղած միջոցներով վերանորոգել դասարանները, ծրագիր ներկայացնել ինչ-որ հիմնադրամի ու ֆինանսավորում ստանալ, օրինակ, մարզադահլիճ կառուցելու համար: Կամ էլ, ինչպես դա արել էր ծրագրի մասնակիցներից մեկը՝ կազմակերպել գյուղի մեղրի վաճառքը ու շահութի որոշ մասը օգտագործել դպրոցը բարելավելու համար: Շատ բան կարելի է անել, եթե ցանկություն կա:

Ամեն դեպքում այս ծրագրին մասնակցել նշանակում է անել ավելին, կոփվել, ուժեղանալ, հմտանալ քո մասնագիտության մեջ: Կտրվելով քո սովորական կյանքից՝ դու գալիս ես ուրիշ աշխարհ, ուր քեզ սպասում են տարբեր փորձություններ:
Եթե որևէ մեկը մտածում է, որ սա շատ հեշտ գործ է, սխալվում է: Ռոմանտիկական պատկերացումները մի կողմ է պետք դնել: Դու գնալու ես մի տեղ, ուր չես ունենալու ոչ մի հարազատ, ուր քեզ օգնել կարող ես միայն դու, ուր պետք է աշխատես ուժերիդ առավելագույնի չափով: Երբեմն շատ ծանրաբեռնված աշխատանքի պատճառով միայն օրվա վերջում ես հասկանում, որ էներգիադ ամբողջությամբ սպառվել է:
Բայց… բայց բոլոր դժվարությունները մոռացվում են, երբ տեսնում ես քո աշակերտների, քո երեխաների լուսավոր ժպիտները, փայլուն աչքերը: Տեսնելով, թե գյուղում ինչ դժվարություններ են հաղթահարում այդ երեխաները, թե ինչերից են նրանք զրկված, թե ինչքան մշուշված են տեսնում իրենց ապագան՝ դու չես կարող անտարբեր մնալ: Եվ եթե կարողանում ես գոնե մեկ երեխայի կյանք փոխել՝ նրան ավելի ինքնավստահ դարձնելով, դա արդեն մեծ ձեռքբերում է: Դա մեծ էներգիա է քեզ տալիս ապրելու ու ընտրած գործդ շարունակելու համար, կյանքը դառնում է ավելի դրական, ավելի լավ ու ավելի լուսավոր:
«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրն ինձ տվեց ինքնուրույնություն, կամքի ուժ, դժվարությունները հաղթահարելու կարողություն: Շատ կցանկանամ, որ բոլորը գոնե մեկ անգամ առնչվեն այս ծրագրին, որովհետև հաճախ մենք՝ չափազանց զբաղված լինելով, կտրված ենք լինում իրական աշխարհից, իսկ ծրագիրը թույլ է տալիս առնչվել մարդկանց հետ, տեսնել կյանքի բոլոր կողմերը, հասկանալ գյուղական կյանքի առավելություններն ու դժվարությունները: Դու կոփվում ես այն աստիճան, որ նախկինում քեզ համար մեծ ու դժվար թվացող խնդիրները, դառնում են չնչին:


Ծրագրին մասնակցել խորհուրդ կտամ միայն այն մարդկանց, ովքեր իրոք ցանկանում են գյուղ գնալ իրենց գիտելիքները, ուժը, էներգիան ամբողջությամբ երեխաների կրթության, հնարավորությունների ստեղծման մեջ ներդնելու համար: Ծրագրին պետք է դիմեն գյուղի կյանքը սիրող ու ընդունող մարդիկ, եթե չընդունեցիր գյուղի կյանքը, պայմանները, շատ դժվար է լինելու և՛ քեզ համար, և՛ դիմացինների:

Այս ամենը հաշվի առնելով՝ վստահ կարող եմ ասել, որ սա շատ մեծ փորձառություն է՝ թե՛ մասնագիտական, թե՛ անձնային աճի և թե՛ հնարավորությունների առումով:

 

Պատրաստեղ

Մարինե Առաքելյանը

Այլ նորություններ
«ԱՌԱՆՑ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՉԷՐ ԼԻՆԻ ԱՅՆՊԻՍԻՆ, ԻՆՉՊԻՍԻՆ ԱՅՍՕՐ Է». ԹՈՄԱՍ ՄԱՅԵՐ ՀԱՐԹԻՆԳԵՆ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր ուսանողների համար դասախոսություն կարդաց Արտաքին կապերի եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարիչ Թոմաս Մայեր Հարթինգենը:
ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՍԵՎԾՈՎՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
Հայաստանի ամերիկյան համալսարանում հոկտեմբերի 15-ից 17-ը տեղի ունեցավ Սննդի գիտության և տեխնոլոգիաների սևծովյան ասոցիացիայի երկրորդ համաժողովը: