02.07.2020 | 
Հասարակություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԹԻՄԸ ՀԱՂԹԵԼ Է ԱՐԲԻՏՐԱԺ ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԹԻՄԸ ՀԱՂԹԵԼ Է ԱՐԲԻՏՐԱԺ ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը մասնակցել ու հաղթող է ճանաչվել Հայաստանի ամերիկյան համալսարանի մեդիացիոն և արբիտրաժային կլինիկայի և ՀՀ արբիտրների ասոցիացիայի կողմից կազմակերպվող ամենամյա դատախաղ-մրցույթին, որը գրավոր եղանակով անցկացվել է հունիսի 19-30-ը։

Արբիտրաժ խաղ-մրցույթը մեկնարկել էր դեռևս փետրվարին, սակայն երկրում արտակարգ դրությունով պայմանավորված՝ հունիսին բոլոր փուլերն անցկացվել են գրավոր եղանակով:

 

Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել Հայաստանի տարբեր բուհերի թիմեր, այդ թվում՝ Երևանի պետական, Հայ-ռուսական (սլավոնական), Հայաստանի ամերիկյան, Հայաստանում Ֆրանսիական և մարզերում գտնվող այլ համալսարաններից:

 

Մրցույթի նախնական և կիսաեզրափակիչ փուլերի ընդհանուր արդյունքում միավորների բացարձակ առավելությամբ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը ներկայացնող ԹԻՄ 3-ը դուրս է եկել եզրափակիչ փուլ և հաղթել մրցույթում:

 

Թիմի կազմում եղել են բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողներ Լեյլի Թադևոսյանը, Անուշիկ Աղինյանը, Հռիփսիմե Անթառանյանը, 3-րդ կուրսի ուսանողներ Հարություն Եսոյանը և Արման Հակոբջանյանը: Թիմի մարզիչն է եղել ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի ասպիրանտ Մարտուն Ստեփանյանը:

 

Մեզ հետ զրույցում Լեյլի Թադևոսյանը, որը նաև թիմի ավագն էր, պատմել է, որ մրցույթի ժամանակ թիմը, բացի իրավական գիտելիքների ներկայացումից, ցուցաբերել է նաև յուրօրինակ մոտեցում՝ եզրափակիչ փուլում ներկայացնելով հայցվորի կողմից տրված լիազորագիր և ընթացակարգային որոշ հարցեր կարգավորող դիմում, ինչը, բնականաբար, գնահատվել է արբիտրների կողմից:

 

Մասնակիցները փաստում են, որ այդ օրերին ամբողջովին նվիրվել էին դատախաղ-մրցույթին՝ ուսումնասիրելով ինչպես ներպետական իրավունքը, այնպես էլ միջազգային փորձը․ «Արդյունքում, չխախտելով տարիներ ի վեր ձևավորված ավանդույթը, գավաթը կրկին հանգրվանել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում»:

 

Տեղեկացնենք, որ պարգևների հանձնման ձևաչափը և ժամանակը կորոշվի առաջիկայում:

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
«ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԿԵՐՊԱՐԸ XX ԴԱՐԻ ԵՎ ԱՐԴԻ ՀԱՅ ԱՐՎԵՍՏՈՒՄ» ԳԻՐՔԸ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ՄՈՏԵՆԱԼՈՒ ՆՈՐ ՈՒՂԵՆԻՇ
ՀՀ նկարիչների միության մեծ սրահում այսօր տեղի են ունեցել ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև հայ արդի նկարիչների թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդեսը:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄԱՆՈՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՈԻՍՈԻՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ
Այս տարի ևս ԵՊՀ հիմնական աշխատակիցներն ու բոլոր ցանկացողներն իրենց ամանորյա տոները 31.12.2020-06.01.2021 թթ. ընկած ժամանակահատվածում կարող են անցկացնել Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում։